Վիլյամ Շեքսպիրի ավանդույթները կրող լոնդոնյան «Գլոբուս» թատրոնը վերջերս լուրջ խնդիր է ունեցել քաղաքի Ոստիկանության հետ, որի ներկայացուցիչների կարծիքով` թատրոնի վերջին` «Ռոմեո եւ Ջուլիետ» բեմադրությունը վնասակար ազդեցություն է թողնում դեռահասների վրա` բռնություն ու դաժանություն քարոզելով: Եթե ժամանակակից լեզվով փոխակերպենք պիեսի սյուժեն, կստացվի, որ 16-րդ դարում գրված այդ ռոմանտիկ պիեսն իրականում ներկայացնում է երկու երիտասարդական թշնամական խմբավորումների արյունալի բախումները: Ըստ պիեսի` բեմում մի քանի մարդ է դանակահարվում: Ոստիկանությունը ենթադրում է, որ պիեսը կարող է էլ ավելի սրել երիտասարդների երեւակայությունն ու իրական փողոցային բախումների սկիզբ դնել: Լոնդոնում շատ են սառը զենք օգտագործող երիտասարդական խմբերը, որոնք բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ են դառնում: «Ռոմեո եւ Ջուլիետի» բեմադրիչն ասել է, որ չի պատրաստվում խմբագրել իր բեմադրությունը: Եվ դրանով իսկ թեժ բանավեճեր է առաջացրել: Լոնդոնի քաղաքապետը հայտարարել է, որ դանակներն ու այլ սառը զենքերը ռոմանտիկ քողի տակ ներկայացնելով, թատրոնները ենթագիտակցաբար ստիպում են երիտասարդներին հետեւել պիեսների հերոսներին: «Մենք պետք է բացատրենք երիտասարդներին՝ որ գրպանում դանակներ կրելով՝ նրանք լուրջ վտանգ են հանդիսանում հասարակության համար»,- ասել է նա: Ըստ վիճակագրական տվյալների` յուրաքանչյուր 50 րոպեն մեկ Լոնդոնի փողոցներում մեկ մարդ է դանակահարվում: