Երեկ Երեւանի Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնում մեկնարկել է «Թատրոն 2008-X» փառատոնը, որը նախաձեռնել են ՀՀ Մշակույթի նախարարությունը եւ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը: Փառատոնի բացումից հետո առաջինը հանդես է եկել Հ.Մալյանի անվան թատրոնը՝ «Պատմություններ գնացքում» ներկայացմամբ: Փառատոնին այս տարի մասնակցում են 16 թատրոններ ու թատերախմբեր մայրաքաղաքից, Գյումրիից, Վանաձորից: Նրանցից յուրաքանչյուրը հանդիսատեսին կներկայացնի 2008 թվականին արդեն ցուցադրված մեկական բեմադրություն, որոնք իրենք են ընտրել՝ որպես լավագույնը փառատոնին մասնակցելու համար: Փետրվարի 12-ին՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական, եւ 13-ին՝ Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական թատրոններն արդեն հանդիսատեսին ու թատերագետներին ներկայացել են իրենց բեմադրություններով, որոնցից անմիջապես հետո ծավալվել են մասնագիտական քննարկումներ: