Ամենաթանկ բուհերը

17/02/2009

Ըստ Forbes ամսագրի` ամերիկյան բարձրագույն կրթությունը ամենաթանկն ու հեղինակավորն է մնում աշխարհում: Աշխարհի ամենաթանկ բարձրագույն ուսումնական հաստատությունների ցուցակի կեսից ավելին զբաղեցրել են ԱՄՆ-ի համալսարանները: Իր ուսանողների համար աշխարհում ամենաբարձր գինը սահմանել է George Washington University-ն, որտեղ ներկայում ուսումնական տարին արժե 40 հազար 437 դոլար: Եթե հաշվի առնվի դասագրքերի եւ հանրակացարանի դիմաց վճարը, ուսումնական տարին ավելի թանկ կարժենա` մոտավորապես 53 հազար դոլար:

Աշխարհի ամենաթանկ բուհերի ցուցակում այդ համալսարանին հաջորդում են ամերիկյան Sarah Lawrence College-ը` ուսման համար 40 հազար 350 դոլարով, իսկ բնակության եւ սննդի հետ միասին, ինչը պարտադիր է առաջին կուրսեցիների համար, ավելի քան 53 հազար դոլարով, Kenyon College-ը, որտեղ ուսումնառության մեկ տարին արժե 40 հազար 240 դոլար, Vassar College-ը` 40 հազար 210 դոլարով: Ամենաթանկ համալսարանների ցուցակում վեցերորդ տեղը զբաղեցնում է ամերիկյան Bucknell University-ն, որտեղ ուսումնառության արժեքը 36 հազար 652 դոլար է:

Ամերիկյան հայտնի համալսարաններում (Հարվարդի, Յելի, Ստենֆորդի կամ Կոլումբիական) ուսումնառությունը տարեկան ավելի քան 35 հազար դոլար է կազմում, սակայն դա ավելի ցածր է, քան երբեմն հարկ է լինում ուսուցման համար վճարել նվազ հայտնի, բայց փակ մասնավոր քոլեջներում, որտեղ ուսումնառության մեկ տարվա արժեքը կարող է հասնել 45 հազար դոլարի: ԱՄՆ-ի սահմաններից դուրս աշխարհի ամենաթանկ համալսարանների թվում, ըստ Forbes-ի վարկածի, հայտնվել են շվեյցարական Franklin College-ը (տարեկան 33 հազար 100 դոլար), American University of Paris-ը (32 հազար 600 դոլար), Imperial College of London-ը (տարեկան 27 հազար 800 դոլար ոչ մշտաբնակների համար), National University of of Singapore-ը (տարեկան 24 հազար դոլար ոչ մշտաբնակների համար) եւ University of Melbbourne-ը (20 հազար 200 դոլար օտարերկրացիների համար): Բոլոր այս գները չեն ներառում երկրում բնակվելու ծախսերը, ինչը կրկնապատկում է ծախսերի գումարը: