«Բոլորը չէ, որ սրիկաներ են»

03/07/2005 Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

– Չե՞ք գտնում, որ ընդդիմադիր նոր քաղաքական ֆորմատ ստեղծելու մասին
ձեր հայտարարությունները հօդս ցնդեցին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը
հայտարարեց իր առաջարկի` ազգային տրանսֆորմացիա ձեւավորելու
անհրաժեշտության մասին:

– Իհարկե, համաձայն չեմ «հօդս ցնդել» ձեւակերպման հետ եւ հիմա էլ եմ այն
կարծիքին եւ պնդում եմ իմ առաջարկը: Կյանքը, ներքաղաքական զարգացումները
ցույց են տալիս, որ իրապես Հայաստանում չկա այն քաղաքական ուժը,
խարիզմատիկ լիդեր ունեցող ուժը, որը կկարողանա առաջնորդել գործընթացները:
Խոսքը Քոչարյանին, իշխանությունները փոխելու մասին չէ: Ես միշտ ասել եմ,
որ իշխանափոխությունը պետք է ածանցյալ լինի բոլոր այն գործընթացներին,
որոնք մենք պետք է կարողանանք Հայաստանում իրականացնել` սկսած
համակարգային փոփոխություններից: Ես նորից այն կարծիքին եմ, որ պետք է
ընդդիմադիր նոր ձեւաչափ, որը կկարողանա լուրջ այլընտրանք ձեւավորել գործող
իշխանություններին, որպեսզի հասարակությունը, արտաքին աշխարհը համեմատելու
լուրջ հնարավորություններ ունենա այս իշխանությունների հետ: Դրանով նաեւ
հասկանալի կլինի, թե որն է ավելի վստահելի, եւ որի ետեւից կգնա
ժողովուրդը: Մենք, իհարկե, բանակցել ենք բոլոր քաղաքական ուժերի հետ եւ
վերջում մնացինք երեք ուժերով` «Ժառանգությունը», «Հանրապետությունը» եւ
մենք: Կարծում եմ` մեր բանակցությունների ռեսուրսը դեռ չի սպառվել եւ
ֆորմատը չի սահմանափակվում այսքանով: Վստահ եմ, որ այդ գործընթացները եւ
քննարկումները կշարունակվեն ու ֆորմատը կընդլայնվի: Իմ կարծիքով, դա
անհրաժեշտ եւ առաջին պայմանն է առաջիկայում նոր գործընթացներ սկսելու
համար:
– Դուք խոսում եք իշխանություններին այլընտրանք ձեւավորելու
անհրաժեշտության մասին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում համախմբվել
քաղաքական բոլոր ուժերով` ներառյալ իշխանամետ: Հակասություններ չե՞ք
տեսնում:

– Հասկանում եմ տրանսֆորմացիայի խոր ըմբռնումը, ինչը գովելի մոտեցում է,
բայց հարց է` իրականում իրագործելի՞ է, թե՞ ոչ: Րաֆֆի Հովհաննիսյանին
գիտեմ որպես փորձառու քաղաքական գործիչ, ու մենք այս հարցերը քննարկելու
համար դեռ ժամանակ ունենք: Այնպես չէ, որ իշխանության ամբողջ բուրգում
բոլորը սրիկաներ են: Խոսքն իշխանական բուրգի ներքեւի կառույցներում գտնվող
մարդկանց մասին է: Այնտեղ փայլուն երիտասարդներ կան, որոնք ակամայից
հայտնվել են այնտեղ ու ինչ-որ կերպ գոյատեւում են: Եթե Ր. Հովհաննիսյանը
դա նկատի ունի, ուրեմն իրապես իշխանության մեջ էլ կան մարդիկ, ովքեր կարող
են մասնակից լինել համակարգային փոփոխություններին: Ամբողջ ամառը մեր
առջեւում է, եւ մենք քննարկելու շատ ժամանակ ունենք: Ամեն դեպքում՝ մենք
հանգելու ենք այն գաղափարին, որ պետք է ստեղծել լուրջ այլընտրանք, որպեսզի
կարողանանք փոփոխություններ կատարել:
– Ընդդիմությունը շարունակ պնդում է, թե Հայաստանում լինելու են
արտահերթ ընտրություններ, բայց հենց իրենք էլ բանակցությունների,
համագործակցության նոր առաջարկների քողի տակ ձգձգում են այդ
գործընթացները: Չե՞ք կարծում, որ այսպես ձգձգելով ի վերջո հասնելու եք
հերթական ընտրությունների:

– Համաձայն եմ եւ դա շատ վտանգավոր եմ համարում երկու պարզ պատճառով.
ընդդիմության դաշտում գտնվող գործիչներս սեփական պետության նկատմամբ
նեգատիվ վերաբերմունք չունենք: Մենք հասկանում ենք, որ շատ փայլուն
կլիներ, եթե մեր երկրում իսկապես իշխանափոխություն լիներ հերթական
ընտրությունների արդյունքում: Բայց գիտենք, որ այս իշխանություններն
իսկապես սպառել են իրենց, եւ նրանք չեն կարող գոյատեւել եւս մեկ կամ երկու
տարի: Նրանց իշխանավարության ամեն օրը հակառակ է աշխատում մեր ազգային եւ
պետական շահերին: Դա արդեն նրանցից էլ չի կախված. նրանք որքան մնում են
այս երկրում, երկրի վիճակը համեմատական վատանում է: Վստահ եմ, որ եւ՛
ընդդիմությունը, եւ՛ հասարակությունը համարում են, որ նման որակի
իշխանության պայմաններում հնարավոր չէ իրական, ժողովրդավարական հերթական
ընտրություններ անցկացնել: Այս իշխանություններն ամեն կերպ փորձելու են
նորից վերարտադրվել եւ ինչ-որ մեկի անվան տակ մնալ իշխանություն: Եվ
հաջորդ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին սպասելն ու
պատրաստվելը գործող ընդդիմության համար հավասար է սեփական անգործության
կամ անօգնականության արձանագրման, ինչը նաեւ կնշանակի՝ գործընթացների ոչ
ճիշտ գնահատում: Այնպես որ` արտահերթ ընտրություններով իշխանափոխություն
իրագործելն անհրաժեշտություն է: Մենք, իհարկե, կողմնակից ենք, որ այդ
փոփոխությունները լինեն անարյուն, առանց մեծ ցնցումների կամ քիչ արյունով:
Այն գործողությունները, որ այսօր անում է ընդդիմությունը, եւ, որ այդպես
էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ ընդդիմության առաջնային մասում
գտնվող 4-5 կամ 10 կուսակցությունները, իսկապես հիասթափեցնում է
ժողովրդին: Դա նաեւ հիասթափեցնում է դրսի աչքերին, որոնք չեն հասկանում,
որ եթե ընդդիմադիր դաշտում կա մեկ ընդհանուր նպատակ, ի՞նչն է խանգարում
նրանց համախմբվել ու փոփոխություններ կատարել Հայաստանում: Այնպես որ`
ընդդիմությունը` ձգձգելով այդ գործողությունները, որակազրկում է իրեն ու
արժեզրկում իրենց գաղափարները:
– Իսկ իրականում ի՞նչն է խանգարում:
– Չգիտեմ, դժվարանում եմ պատասխանել, բայց վաղուց է հասունացել
իշխանափոխության պահը: Կարծում եմ նաեւ, որ պետք է իրավիճակը հասունանար
ու հասներ եռման կետին: Ընդդիմության դաշտում էլ պիտի այդ եռման կետը
հասունանար: Կարող եմ վստահաբար ասել, որ այսօր թե՛ իշխանություններն են
հասել այդ կետին` իրենց նեգատիվ դեմքերը բացելով, թե՛ ընդդիմությունը: Սա
բոլորն են գիտակցում, եւ ուզում եմ լավատես լինել, որ այս գիտակցումով
ընդդիմադիր կուսակցություններն առաջիկայում կվերանայեն իրենց մոտեցումները
իշխանափոխության հարցում ու հանդես կգան մեկ ճակատով:
– Ընդդիմությունը սիրում է անընդհատ հիշատակել տարածաշրջանում տեղի
ունեցած գունավոր իշխանափոխություններն ու համոզմունք հայտնել, թե հերթը
Հայաստանինն է: Սակայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը վերջերս շատ հստակ
հայտարարեց, որ Հայաստանում նման բան չի սպասվում: Ընդդիմության հույսերն
ապարդյուն չե՞ն:

– ԱՄՆ քաղաքականությունը դեսպան Էվանսը չէ, որ իրագործում է: Ամերիկայի
քաղաքականությունը որոշում են նախագահ Բուշն ու Պետդեպարտամենտի շեֆը`
տիկին Ռայսը, ովքեր բացահայտ ամբողջ աշխարհում հայտարարում են ազատության
նոր գաղափարների մասին` վստահեցնելով, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի
այդ գաղափարները տարածվեն: Դեսպանի հայտարարությունները, որը ներկայացնում
է այդ երկիրը, պետք է շատ զուսպ լինեն, ու նա շա՛տ ճիշտ է, եւ աշխարհի
բոլոր դեսպաններն են այդպես: Կրկնում եմ` ԱՄՆ քաղաքականությունը
իրականացնում են Բուշն ու Ռայսը եւ նրանք անթաքույց հայտարարում են
Կովկասում հեղափոխության անհրաժեշտության եւ դրա իրագործման մասին:
– Խոսակցություններ կան, թե Հայաստանում իշխանափոխություն իրագործելու
համար ԱՄՆ-ը փորձում է Հայաստանում գտնել ընդդիմադիր մեկ լիդերի, որը քիչ
թե շատ ժողովրդավար կլինի ու կկարողանա արդար ընտրությունների միջոցով
ընտրվել: Շոշափվում են ձեր, Ր. Հովհաննիսյանի ու Արամ Զ. Սարգսյանի
անունները: Վերջինիս այցը ԱՄՆ, ըստ լուրերի, հենց այդ «ստուգողական»
նշանակությունն է ունեցել: Իրականությանը համապատասխանո՞ւմ են այս
լուրերը, եւ արդյոք դուք նման հանդիպումներ ունեցե՞լ եք:

– Իհարկե, հանդիպումներ լինում են: Այո, ԱՄՆ-ը իսկապես ուզում է
Հայաստանում տեսնել մի թիմ, որը կարող է իրագործել բոլոր սպասելիքները կամ
գործընթացները, որը կարող է հետագայում նաեւ գործընկեր լինել ամբողջ
արեւմտյան աշխարհում: Ա. Սարգսյանի այցը շատ կարեւոր էր, որովհետեւ ԱՄՆ-ը
մի երկիր է, որի հետ քաղաքական գործիչը որքան շփվում է, այնքան ավելի
հարստանում է ու շատ ավելի վստահ է դառնում իր գաղափարների մեջ: Այս
առումով շատ եմ կարեւորում Ա. Սարգսյանի այցը եւ, կարծում եմ, որ դա շատ
դրական տեղաշարժեր կարձանագրի նրա սեփական գաղափարախոսության ու
մտածելակերպի վրա:
– Բացի սեփական մտածելակերպի փոփոխություններից, քաղաքական առումով այդ այցը որեւէ բան կփոխի՞:
– Իհարկե, բայց մարդը նախ իր սեփական կայուն, մարսելի գաղափարները պետք է
ունենա, որ կարողանա իրագործել: Եթե մարդ հավատալով է գործողություններ
անում` շատ ավելի արդյունավետ է, քանի որ ժողովուրդը լավ է հասկանում, թե
ովքեր են անկեղծ, ովքեր` կեղծ: Այնպես որ` մարդ պետք է նախ՝ սեփական
տրամաբանությամբ ընկալի այդ ամենն ու հետո՝ իրականացնի այն:
«Հանրապետություն» կուսակցությունում վերջին մեկ տարում իսկապես շատ լուրջ
առաջընթաց եղավ: Քարացած շատ իդեաներ կոտրվեցին այնտեղ: Շատ լավ կլինի, որ
այդ կուսակցությունից շատերն այցելեն ԱՄՆ, այդ դեպքում՝ շատ ավելի
հաստատուն կլինի այդ գաղափարախոսությունը կուսակցությունում:
– Արամ Կարապետյանը հայտարարել էր, որ շուտով ընդդիմությունը միասնական
ու վերջնական հանրահավաք է անցկացնելու։ Դուք նման պայմանավորվածություն
ունե՞ք:

– Ոչ, չունենք, բայց ուրախ եմ, որ Ա. Կարապետյանը վերջապես եկավ այն
մտքին, որ իսկապես գործողություններ իրականացնելու համար ընդդիմադիր դաշտը
պետք է համախմբվի: Մի ժամանակահատված կար, երբ Հայաստանում ամեն մի կայծի
դեպքում կարող էր հրդեհ բռնկվել, ու բոլորը փորձում էին այդ լուցկին
վառել: Բայց այդ ժամանակ իրականությունն ուրիշ էր: Հիմա պետք է ասենք, որ
ռոմանտիզմի ժամանակներն անցել են: Հասարակությունը շատ բազմաշերտ է, եւ
այդ շերտերի համար պետք է ընդդիմության գործողությունները հասկանալի
լինեն: Ա. Կարապետյանը շատ իմպուլսիվ եւ ակտիվ գործիչ է, եւ շատ լավ է, որ
նա հասել է այդ գիտակցությանը, որ պետք է համախմբվել: