Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կտրականապես հերքել է ընդդիմության ներկայացուցիչների պնդումները երկրում այնպիսի գործարարների խմբի գոյության մասին, որոնք մտերիմ են իր հետ: «Այդպիսի մարդիկ գոյություն չունեն»,- հայտարարել է Սահակաշվիլին խորհրդարանական վիճաբանությունների ընթացքում՝ իր հաշվետու զեկուցումից հետո պատասխանելով պատգամավորների հարցերին: «Վրացի գործարարներն ու ձեռնարկատերերը մեր ժամանակի իսկական հերոսներ են, քանի որ հենց նրանցից է կախված, թե կարո՞ղ է արդյոք երկրի տնտեսությունը կանգուն մնալ, կկարողանա՞ն արդյոք մարդիկ աշխատանք գտնել»,- հայտարարել է Սահակաշվիլին` խոստանալով, որ այն բոլոր վրաստանցի գործարարներն, ովքեր մինչեւ նախագահական լիազորությունների ավարտի օրը կստեղծեն 100-ից ավելի աշխատատեղ, կդառնան իր անձնական բարեկամները: «Ես պատրաստ եմ նույնիսկ դառնալու այդ մարդկանց ազգականը, լինել նրանց երեխաների կնքահայրը եւ վկա նրանց հարսանիքներում»,- ասել է Սահակաշվիլին: