Երեկ «Ազգային ժողովրդավարների դաշինք» (ԱԺԴ) կուսակցության գրասենյակում
ասուլիս էր հրավիրել այդ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը: Ասուլիսը
նվիրված էր արցախյան ընտրություններին, որին դիտորդի կարգավիճակով
մասնակցել էր նաեւ Ա. Սադոյանը, եւ սահմանադրական փոփոխությունների
գործընթացին: Պարզվեց, որ Լեռնային Ղարաբաղում կիրակի օրն անցկացված
ընտրություններն ԱԺԴ ղեկավարի վրա դրական տպավորություն են թողել: Նա
այցելել է 13-14 ընտրատեղամաս: Սադոյանի խոսքերով` չնայած կազմակերպչական
որոշ թերացումներին՝ ընտրությունները բավականին ազատ անցան: Վերջինիս
կարծիքով՝ քաղաքական կուսակցությունները հանձնաժողովներում բավարար չափով
ներկայացված էին: Չնայած Ա. Սադոյանի վրա արցախյան ընտրությունները դրական
տպավորություն են թողել, սակայն նա չբացառեց, որ հանձնաժողովների
անդամների վրա ֆինանսական եւ այլ կարգի ճնշումներ կարող էին լինել: ԱԺԴ
ղեկավարը զրուցել է հանձնաժողովների անդամների հետ եւ ամեն կերպ փորձել
պարզել, թե արդյո՞ք նրանց վրա ճնշումներ եղել են, բայց նման որեւէ
գործընթացի մասին տեղեկություններ այդպես էլ չի ստացել: Ա. Սադոյանը հարկ
համարեց նշել, որ ընտրողների գերակշիռ մասը չգիտեր, թե ինչ է համամասնական
կարգով ընտրությունը, սակայն ավելացրեց, որ «կար ազատ խոսակցության
մթնոլորտ, մարդիկ չէին վախենում խոսել, եւ սա մեծ նվաճում է»: ՀՀ ԱԺ
պատգամավորը նշեց նաեւ, որ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց մոտ այդ
ազատությունը գուցե թե ավելի քիչ է, քան Հայաստանում: ԱԺԴ ղեկավարի
խոսքերով` որեւէ տեղ լցոնումներ չկային, ավելին` հնարավոր էլ չէր: Ա.
Սադոյանը հերթական անգամ իր զարմանքն արտահայտեց այն կապակցությամբ, որ
ՀՅԴ-ն Հայաստանում իշխող կոալիցիայի մաս է կազմում, սակայն Հայաստանի մաս
կազմող Արցախում ընդդիմություն է: «Ես շատ կուզենայի, որ Հայաստանում էլ
նման ընտրություններ լինեին»,- ամփոփելով արցախյան ընտրություններից իր
տպավորությունները, ասաց ՀՀ ԱԺ պատգամավորը:
Ասուլիսի երկրորդ մասը նվիրված էր Հայաստանի սահմանադրական բարեփոխումների
գործընթացին: Ա. Սադոյանն ամեն անգամ, «սահմանադրական բարեփոխումներ»
արտահայտությունն օգտագործելիս, նեղվում էր, քանի որ գտնում է, որ դրանք
ոչ թե սահմանադրական բարեփոխումներ, այլ «չարափոխումներ» են: Ինչեւէ, ԱԺԴ
նախագահը տեղեկացրեց, որ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանն ամեն ինչ արել է,
որ բացի սահմանադրական փոփոխությունների` կոալիցիայի ներկայացրած նախագծի
հեղինակներից, մյուս նախագծերի հեղինակները չհանդիպեն Վենետիկի
հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, սակայն` «մենք զոռով հանդիպեցինք»,-
ասաց Ա. Սադոյանը եւ հավելեց, որ ընդառաջելով Վենետիկի հանձնաժողովի
առաջարկին, իրենք սահմանադրական փոփոխությունների` կոալիցիայի ներկայացրած
նախագծի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացրել
են առաջարկների 64 կետից բաղկացած փաթեթ: Այնուհետեւ պրն Սադոյանը
դժգոհեց, որ այդ առաջարկները պաշտոնապես չեն թարգմանել, եւ իրենք ստիպված
ոչ պաշտոնապես թարգմանել են ու երեկ ուղարկել Վենետիկի հանձնաժողովին:
Առաջարկների վերոնշյալ փաթեթով ԱԺԴ-ն առաջարկում է փոփոխությունների
ընդունվելու դեպքում՝ 2006-ի ապրիլի 3-րդ կիրակի օրն անցկացնել ՀՀ
նախագահի արտահերթ ընտրություններ, իսկ սեպտեմբերի վերջին կիրակի օրը` ՀՀ
ԱԺ արտահերթ ընտրություններ: Չնայած այս ամենին` Ա. Սադոյանը համոզված է,
որ «իշխանությունն անձնական շահին ծառայեցնող մարդիկ չեն համաձայնի
համակարգային փոփոխությունների», եւ այդ դեպքում իրենք էլ կանեն ամեն ինչ,
որ այդ սահմանադրական փոփոխությունները չընդունվեն: «Ես կարծում եմ, որ
հանրաքվեն կդառնա Հայաստանում գունավոր հեղափոխությունների սկիզբ»,-
հայտարարեց ԱԺԴ ղեկավարը եւ հավելեց, որ առաջիկա քաղաքական լարումների ողջ
պատասխանատվությունն ընկնելու է այն մարդկանց վրա, ովքեր անընդհատ խաբում
են ու լուրջ փոփոխություններ չեն անում: Վերջում Ա. Սադոյանը հիշեցրեց, որ
սահմանադրական փոփոխությունների` կոալիցիայի ներկայացրած տարբերակի
անցումային դրույթների համաձայն, այդ փոփոխություններն ընդունվելու
դեպքում ուժի մեջ պետք է մտնեն 2007-ի խորհրդարանական ընտրություններից
հետո, «հանրաքվեն էլ 2005-ի աշնանն է լինելու: Եթե այդպես է, ինչո՞ւ են
հիմա հապշտապ այդ «բռակ» նախագիծն ուզում անցկացնել»,- տարակուսում է
Արշակ Սադոյանը: