Մնաց ռուբլու գոտին

15/02/2009

«Ռուսաստանը եւ Հայաստանը ստեղծելու են հակաօդային պաշտպանության միասնական համակարգ»,- երեկ այդ մասին Մոսկվայում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Այն, ինչ ստեղծվել է Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ` այսպես կոչված, հակաօդային պաշտպանության միասնական համակարգը, դա ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող աշխատանքի մի մասն է միայն: Մենք ենթադրում ենք, որ նույնպիսի համատեղ երկկողմ համակարգ կստեղծվի նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ»,- ասել է Բորդյուժան: Նա նաեւ տեղեկացրել է, որ ներկայումս համաձայնեցվում են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու մասին նորմատիվ փաստաթղթերը: Ըստ Բորդյուժայի, Արեւելաեվրոպական, Կովկասյան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ստեղծումը միայն առաջին փուլն է: «Դրանից հետո մենք գնում ենք ավելի բարձր մակարդակի, երբ սկսում ենք համակարգել բոլոր տարածաշրջանային համակարգերի գործունեությունը, մշակել մարտական հերթապահության միասնական կանոններ, մշակել տեղեկատվության փոխանակման համակարգ»: Բորդյուժան ասել է նաեւ, որ ՀԱՊԿ անդամ երկրները կարող են ստեղծել ռազմական տեխնիկայի մշակման եւ արտադրության համատեղ ձեռնարկություններ: «Մենք քննարկում ենք ՀԱՊԿ պետությունների ռազմական տեխնիկայի ու սպառազինությունների մշակման, արտադրության, օգտահանման, նորոգման համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցը»,- նշել է նա: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: