Էլի ստուգումներ

14/02/2009

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչությունն օրերս ուսումնասիրություն է կատարել մայրաքաղաքում առեւտրի կազմակերպմամբ զբաղվող մի շարք խոշոր ընկերություններում: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է տեսչության պետ Հարություն Հարությունյանը, տեսչության աշխատակիցներն այցելել են «Հրազդան» տոնավաճառ, «Փեթակ», «Հայաստան» առեւտրի կենտրոններ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող երկու տոնավաճառներ, որոնցից մեկը «Սիմոն եւ Հակոբ թոռներ» ընկերությանը պատկանող սննդամթերքի գիշերային շուկան է, «Վաղարշ եւ որդիներ» ընկերության ոսկու շուկա, «Սուրմալու» տոնավաճառ, Գնունու փողոցում գտնվող շինանյութի շուկա, Նորքի զանգվածում «Պալաս» առեւտրի կենտրոն եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող ոսկու շուկա: Արձանագրվել են տարածքի սանմաքրության, բարեկարգման, աշխատողի համար առողջ եւ անվտանգ պայմանների ապահովման մի շարք խախտումներ: Ուսումնասիրված 12 ընկերությունների տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ, իսկ «Սիմոն եւ Հակոբ թոռներ» ընկերությանը դրանք կտրամադրվեն փետրվարի 16-ին` ուսումնասիրություններն ամփոփելուց հետո: Հ. Հարությունյանի տեղեկացմամբ, սեփականատերերը պարտավորվում են մեկամսյա ժամկետում վերացնել արձանագրված բոլոր թերությունները: Աշխատանքի պետական տեսչությունը մարտի 10-ից պատրաստվում է վերստուգիչ այցելություններ իրականացնել նշված առեւտրի կազմակերպություններ: