Ճգնաժամի երկրորդ ալիքը
Համաշխարհային տնտեսությունը կբախվի ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքին, եթե աշխարհի կառավարությունները չմեծացնեն պետական ծախսերը։ Ըստ «Բլումբերգի», նման եզրահանգման են եկել «Pacific Investment Management Co.» (PIMCO) ընկերության փորձագետները։
PIMCO-ն Եվրոպայի խոշորագույն ապահովագրող «Allianz SE»-ի մասնաճյուղերից մեկն է։ Ընկերությանն է պատկանում ֆինանսական ներդրումներով զբաղվող «Total Return Fund» հիմնադրամը, որի ակտիվները կազմում են 136 միլիարդ դոլար։
«Տնտեսական անկումը դեռեւս գտնվում է առաջին փուլում։ Անշարժ գույքի գների հետագա ցանկացած իջեցում կարող է արագացնել անկումը, վերջնականապես փակել շղթան եւ մոտակա 6-12 ամիսների ընթացքում հանգեցնել տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքին»,- ասված է ընկերության Տոկիոյի ստորաբաժանման ղեկավար Կոյո Օձեկիի վերլուծության մեջ։
Դեպքերի նման զարգացումը կանխելու համար պետությունները պետք է զգալիորեն մեծացնեն ծախսերը՝ անտեսելով պետական ֆինանսների հնարավոր էռոզիան եւ կողմնակի վտանգավոր էֆեկտների ռիսկերը։ Հետաքրքիրն այն է, որ մինչ աշխարհի երկրները «դեգերում» են ճգնաժամի առաջին փուլերում, Հայաստանն արդեն «հաղթահարել» է առաջին ալիքը եւ հերոսաբար անցել երկրորդ ալիքի հաղթահարմանը։
Կիեւում անշարժ գույքը կրկնակի էժանացել է
Անշարժի գույքի տեսանկյունից աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցուցակում Ուկրաինայի մայրաքաղաքը զբաղեցրել է 46-րդ տեղը։ Եթե ամեն ինչ շարունակվեր այնպես, ինչպես կար մինչեւ վերջերս, Կիեւը տեղ կզբաղեցներ առաջին 30-յակի մեջ, սակայնգ ճգնաժամը խանգարեց։
Ամենաթանկ քաղաքը հերթական անգամ ճանաչվել է Մոնակոն. 1քմ բնակմակերեսի գինն այստեղ գերազանցում է 46 հազար դոլարը։ Երկրորդ տեղում Լոնդոնն է։ Իսկ եռյակը եզրափակում է Մոսկվան, որտեղ մեկ քառակուսի մետրի արժեքը գերազանցում է 16 հազար դոլարը։
Նախորդ տարվա համեմատ անշարժ գույքի գները Կիեւում գրեթե կրկնակի էժանացել են։ Մասնագետների կարծիքով, այդ միտումը դեռ կշարունակվի՝ իր հետ բերելով նաեւ շինարարության ծավալների անկում։ Նշենք, որ շինարարության ծավալներն անցյալ տարվա ընթացքում արդեն իսկ նվազել են 16%-ով։
Մյուս կողմից, սակայն, հնարավոր է՝ որոշ ժամանակ անց սկսվի հակառակ գործընթացը՝ շինարարության կրճատման պատճառով առաջանա անշարժ գույքի դեֆիցիտ, եւ գները վերադառնան նախկին մակարդակին։
Եվրոպացիները նոր մեքենաներ չեն գնում
Նոր մեքենաների վաճառքը Եվրոպայում այս տարվա հունվարին նվազել է 26 տոկոսով, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է վերջին քառորդ դարում։ Այս թիվը տեղ է գտել Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի հաշվետվության մեջ։ Այն պետք է հրապարակվի ուրբաթ օրը, սակայն տեղի է ունեցել ինֆորմացիայի արտահոսք եւ եվրոպական շատ ԶԼՄ-ներ արդեն իսկ գրել են այս մասին։ Ընդ որում, ավտոմեքենաների վաճառքի ծավալները գնալով ավելի են նվազում. 2008-ի հունվարին անկումը կազմում էր 17%։ Այս տարվա հունվարին ամենամեծ հարվածը զգացել է Իսպանիայի ավտոշուկան, որտեղ 43%-ով ավելի քիչ մեքենա է վաճառվել, քան 2008-ի հունվարին։ Ինչ վերաբերում է համաշխարհային շուկային, ապա պատկերը նույնն է։ Եթե 2008-ի ընթացքում վաճառվել է 63 միլիոն մեքենա, ապա, մասնագետների կարծիքով՝ այս տարի այդ ցուցանիշը կկազմի 55 միլիոն։
Ավտոարդյունաբերության ճգնաժամն, ի դեպ, կարող է նոր քաղաքական ճգնաժամի պատճառ դառնալ Եվրոպայում։ Բանն այն է, որ ավտոարտադրող խոշոր երկրները՝ առաջին հերթին Ֆրանսիան եւ Գերմանիան, ցանկանում են կոշտ հովանավորչական քայլեր ձեռնարկել սեփական արտադրողներին պաշտպանելու համար։ Իսկ այդ քայլերը կհարվածեն Եվրամիության մյուս՝ հատկապես Արեւելյան Եվրոպայի երկրներին։ Իրավիճակից ելք գտնելու համար Բրյուսելը Եվրամիության արտահերթ գագաթաժողով է հրավիրել, որը տեղի կունենա փետրվարի վերջին։
Ռուսաստանն այս առումով եւս զերծ չի մնացել խնդիրներից։ ՌԴ կառավարությունը վերջերս բարձրացրել է արտասահմանյան մեքենաների ներկրման մաքսատուրքերը, ինչը հարուցել է Եվրամիության դժգոհությունը։ Եվրոպացիները գտնում են, որ այդ քայլը հակասում է շուկայական տնտեսության սկզբունքներին։
«Պեժո Սիթրոենը» կրճատում է աշխատողներին
Ֆրանսիայի խոշորագույն ավտոարտադրողներից մեկը՝ «PSA Peugeot Citroen»-ը, մտադիր է 2009-ի ընթացքում աշխատանքից ազատել 11 հազար մարդու։ Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրեսը», աշխատանքը կկորցնեն ընկերության արտասահմանյան մասնաճյուղերի աշխատակիցները։ PSA-ը 2008 թվականի ընթացքում արդեն իսկ աշխատանքից ազատել է մոտ 6000 հոգու։ Ընկերությունում ներկայումս աշխատում են 201.700 մարդ, որոնցից 113.400-ը՝ Ֆրանսիայում։ PSA-ը տարին փակել է 343 միլիոն եվրոյի վնասով, մեքենաների վաճառքը նվազել է 170 հազարով։ Կանխատեսումների համաձայն, այս տարվա ընթացքում անկումը կշարունակվի։
Նշենք, որ փետրվարի 9-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարեց ճգնաժամից տուժած ավտոարտադրողներին 7.8 միլիարդ եվրո տրամադրելու մասին։ Այդ գումարից 3 միլիարդը ստանալու է PSA-ը, նույնքան էլ՝ նրա հիմնական մրցակիցը՝ «Ռենոն»։ Հարկ է նշել, որ վարկը տրվել է պայմանով. դրա մարման ընթացքում ընկերությունները չեն կարող փակել Ֆրանսիայում գործող իրենց գործարաններն ու կրճատել աշխատողներին։
«General Motors»-ում գործերը լավ չեն
Ամերիկյան ավտոմոբիլային հսկա «General Motors»-ը հաստատել է, որ 2009 թվականի ընթացքում պատրաստվում է կրճատել 10 հազար աշխատակցի։ Այսպիսով, GM-ի աշխատակիցների թիվը ԱՄՆ սահմաններից դուրս 73 հազարից կնվազի 63 հազարի։ Ինչ վերաբերում է ամերիկյան գործարանների աշխատողներին, ապա աշխատանքը կկորցնեն նրանցից 3400-ը։
Ընկերությունը հայտարարել է, որ ստիպված է գնացել նման քայլի՝ մեքենաների վաճառքի ծավալների կրճատման եւ կառուցվածքային փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից ելնելով։
Երկուշաբթի օրը GM-ը նաեւ հայտարարել է աշխատավարձերի ժամանակավոր կրճատման մասին։ Սկսած այս տարվա մարտի 1-ից՝ ղեկավար աշխատողների աշխատավարձը կկրճատվի 10%-ով, մյուսներինը՝ 3-7%-ով։
Ծախսերի կրճատման ծրագիրը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսին անցյալ տարվա դեկտեմբերին, երբ ընկերությունը դիմել էր պետությանը՝ ֆինանսական օգնության համար։ Նշենք, որ հենց այդ ժամանակ էլ «GM»-ի եւ «Ford»-ի տնօրենները հայտարարել էին, որ պատրաստ են աշխատել խորհրդանշական՝ տարեկան 1 դոլար աշխատավարձով։ 2008-ի վերջին ԱՄՆ կառավարությունը 10.4 միլիարդ դոլարի վարկ տրամադրեց «General Motors»-ին, եւ 4 միլիարդ՝ «Chrysler»-ին։
Ճգնաժամը՝ մազերի թշնամի
Մազերի վերականգնման «Մայկել» կենտրոնի տնօրեն Մարիսա Օլիվերի խոսքերով, տնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջացող ապրումները հանգեցնում են մազաթափության։ Ըստ տկն Օլիվերի, վերջին շրջանում շատացել են վաղաժամ մազաթափության հետ կապված բողոքները՝ հատկապես երիտասարդների շրջանում։ Դա բացատրվում է հորմոնալ ֆոնի փոփոխությամբ. օրգանիզմում սկսում են ավելանալ տեստոստերոնը եւ հիդրոկորտիզոլը, որոնք բացասաբար են ազդում մազերի վրա։ Սակայն հուսահատվել պետք չէ, քանի որ, ըստ Մ. Օլիվերի, այս խնդիրն անցողիկ բնույթ ունի։ Հոգեբանական ֆոնի նորմալացման եւ մազերի նորմալ խնամքի դեպքում մազածածկույթը կվերականգնվի։ Այնպես որ, եթե չեք ցանկանում ժամանակից շուտ հրաժեշտ տալ սանրին, ապա հնարավորինս թեթեւ նայեք ֆինանսական խնդիրներին։
Ընտանիք, սեր եւ ճգնաժամ
Բավական հետաքրքիր հետազոտություն է անցկացրել Հասարակական կարծիքի ուսումնասիրման ռուսաստանյան կենտրոնը։ Պարզվում է՝ սիրահարվածների թիվը Ռուսաստանում տարեցտարի նվազում է։ Վերջին ուսումնասիրության արդյունքներով, որն անցկացվել է այս տարվա փետրվարին, իրենց սիրահարված են համարել հարցվածների 45%-ը։ 2003-2007թթ. ընթացքում սիրահարվածները կազմել են 53-54%։ Ընդ որում, ավելի հաճախ իրենց սիրահարված են համարում տղամարդիկ, որոնց մեծ մասն ամուսնացած է եւ գտնվում է 18-34 տարեկան հասակում։ Այդուհանդերձ, կենտրոնի մասնագետները հավաստիացնում են, որ համաշխարհային ճգնաժամն ավելի ամուր է դարձնում ընտանիքները։ «Այժմ մարդիկ սկսում են ավելի բարձր գնահատել իրենց թիկունքը, քանի որ ճգնաժամերի ժամանակ ավելի շատ են հիշում իրենց հարազատներին»,- ասում է կենտրոնի աշխատակից Օլգա Կամենչուկը։ Վերջինիս խոսքերով, մարդիկ սկսում են հասկանալ, որ կարիերան, թանկարժեք մեքենաներն ու մոդայիկ իրերը երկրորդական բաներ են, կարեւորն ընտանիքն է, որտեղ դժվարին պահերին միշտ կարելի է հանգիստ գտնել։ Բացի այդ, ճգնաժամի պատճառով տղամարդիկ կսկսեն ավելի քիչ փող ծախսել «ձախ» գնալու վրա, թեեւ սիրուհիներին, ըստ սոցիոլոգի, դեռ վերջնականապես հրաժեշտ չեն տա։
Կառնավալը հետաձգվում է
Բրազիլական Մինաս Ջերայս նահանգի ղեկավարությունը որոշել է այս տարի չանցկացնել հայտնի կառնավալը։ Պատճառը, իհարկե, ճգնաժամն է, որն ազդել է ոչ միայն պետական եկամուտների, այլեւ տեղի բնակչության զբաղվածության վրա։ Նահանգի քաղաքներից մեկի՝ Իտաբիրայի քաղաքապետ Ջոաո Իզաել Կուերինո Կոելյոն ասել է, որ կառնավալ անցկացնելու համար անհրաժեշտ կլինի կրճատել մունիցիպալ մյուս ծախսերը, ինչը ներկայիս ճգնաժամի պայմաններում անթույլատրելի է։ Քաղաքապետը հաշվել է, որ միայն Իտաբիրայում (որն ունի 120.000 բնակիչ) կառնավալ չանցկացնելով կարելի է խնայել մոտ 440.000 դոլար։