Իսպանիայի կառավարությունը մտադիր է 2009 թվականին 1,5 մլրդ եվրոյով կրճատել պետական ծախսերը: Տնտեսված միջոցները կուղղվեն տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը, այդ թվում՝ գործազրկության գծով նպաստների ֆինանսավորմանը: Այդ մասին հայտարարել է կառավարության ղեկավար Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն՝ ելույթ ունենալով Պատգամավորների կոնգրեսի (խորհրդարանի Ստորին պալատ) հատուկ նիստում, որը նվիրված էր երկրի տնտեսական դրությանը: Նա պարզաբանել է, որ պետական ծախսերի կրճատումը կվերաբերի առանց բացառության բոլոր նախարարություններին, սակայն չի ազդի պետական ծառայողների աշխատավարձի եւ սոցիալական ծրագրերի համար կատարվող ծախսերի վրա: Սապատերոն առաջին անգամ խոստովանել է, որ Իսպանիայի տնտեսությունն անցած տարվա չորրորդ եռամսյակում անկման փուլ է մտել: