Երեկ կայացած նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը հերթական անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ այն սահմանելով 6.75%: Ավելի պարզ ասած՝ ԿԲ-ն կրկին առեւտրային բանկերի համար «նվազեցրել» է փողի գինը, ինչի իրական նպատակն, անշուշտ, ճգնաժամի պայմաններում բանկերի միջոցով տնտեսության որոշակի խթանումն է: Այդ մասին, իհարկե, ԿԲ-ի հաղորդագրությունում նշված չէ: Ավելին` հավատարիմ մնալով «լավատեսական քարոզչությանը», ԿԲ-ն երեկ տարածած հաղորդագրությունում արձանագրել է. «2009 թ. հունվարին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է ընդամենը 1.2% գնաճ, որի պարագայում գնաճի 12-ամսյա ցուցանիշը նվազել է տարեվերջի 5.2%-ի նկատմամբ` կազմելով 4.0%: ԿԲ խորհուրդը արձանագրեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում միջազգային շուկաներում պահպանվող գնանկումային միջավայրը եւ ներքին պահանջարկի աճի տեմպերի դանդաղումը նպաստում են ցածր գնաճի ձեւավորմանը: ԿԲ խորհուրդը` քննարկելով համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ստեղծված իրավիճակը, գտնում է, որ գների կայունության եւ ֆինանսական կայունության խնդիրների արդյունավետ զուգորդմանը նպաստող դրամավարկային քաղաքականության իրականացումը շարունակում է մնալ արդիական»: