«Ռուսաստանը պատրաստ է վերանորոգել ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները, պայմանով, որ պետք է վերադառնալ անվտանգության անբաժանելիության սկզբունքին»,- երեկ նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Կարեւորը, որպեսզի Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները վերադառնան նորմալ հուն: Դրանք նորմալ հունից դուրս եկան այն բանից հետո, երբ Հարավային Օսեթիայի վրա վրացական հարձակման ժամանակ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու մեր առաջարկը շրջափակվեց Դաշինքի անդամներից մեկի կողմից: Այդ հարաբերությունները անհրաժեշտ է «վերանորոգել» եւ մենք դրան պատրաստ ենք»,- ասել է Լավրովը Մոսկվայում ԵՄ «եռյակի» հետ հանդիպումից հետո: Նա ընդգծել է, որ հարաբերությունների նորմալացումը հնարավոր է այն սկզբունքների հիման վրա, որոնք ներառված են Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ստեղծման փաստաթղթում:
«Այնտեղ շատ հստակ գրված է, որ մենք մասնակցում ենք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդին` որպես ազգային միավոր, ոչ թե 1-ն ընդդեմ 26-ի կարգավիճակով, եւ որ մենք հարգում ենք անվտանգության անբաժանելիության սկզբունքը, որի համաձայն՝ ոչ ոք չպետք է իր անվտանգությունն ապահովի մյուսների անվտանգության հաշվին»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը` հույս հայտնելով, որ
ՆԱՏՕ-ն կհաստատի, որ հավատարիմ է Ռուսաստանի հետ պայմանավորվածություններին: «Այդ ժամանակ կնայենք, թե ինչու նախկինում այդ պայմանավորվածությունները այդքան վատ էին կատարվում, եւ ինչպես անել, որպեսզի դա այլեւս չկրկնվի, որպեսզի իսկապես կենտրոնանանք արդար, փոխշահավետ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների վրա, ոչ թե արհեստական ստեղծված խնդիրների»,- նշել է Լավրովը։