Թմրամոլներն ավելացել են

14/02/2009

2008թ. ՀՀ հոգեբուժության բժշկական կենտրոնին առընթեր նարկոլոգիական կլինիկա է դիմել 1035 մարդ, որոնցից 306-ը եղել են՝ թմրամոլությամբ, մնացածը` ալկոհոլամոլությամբ տառապողներ: Այս կլինիկայում բուժվող հիվանդների շուրջ 85 տոկոսն ալկոհոլամոլներ են: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է կլինիկայի ղեկավար, ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը, վերջին տարիներին նկատվում է նարկոլոգիական կլինիկա դիմողների թվի աճ. եթե 2001-ին բուժման համար կլինիկա է դիմել՝ 6, 2002-ին` 21, 2003-ին` թմրամոլությամբ տառապող 16 հիվանդ, ապա 2008-ին այդ թիվը հասել է 206-ի: Ընդ որում, խոսքն առաջին անգամ դիմող հիվանդների մասին է: Ալկոհոլամոլների թիվը եւս աճման միտում ունի: Պ. Սեմերջյանն այս հանգամանքը բացատրում է եւ նարկոլոգիական հիվանդությունների հետ կապված իրավիճակի սրմամբ, եւ այս կլինիկայում մատուցվող բուժծառայությունների հանդեպ բնակչության վստահության մեծացմամբ: Կլինիկայում բոլոր բուժծառայությունները ՀՀ քաղաքացիներին մատուցվում են պետպատվերի շրջանակներում` անվճար: Կլինիկային այս տարվա համար պետական հատկացումները հիվանդանոցային ծառայությունների մասով 82 մլն 800 հազար դրամ են, դիսպանսերային-պոլիկլինիկական ծառայությունների մասով` 42 մլն 600 հազար դրամ, լաբորատոր հետազոտությունների մասով` 10 մլն դրամ: Ամեն հիվանդի համար բուժման ծախսերը միջինում 133 հազար 500 դրամ են: Ըստ Պ. Սեմերջյանի, ներկայում այս բուժհաստատությունն ապահովված է բուժօգնության համար անհրաժեշտ բոլոր տեսակի դեղամիջոցներով: Բուժման պարագայում կիրառվում են աշխարհում ընդունված լավագույն մոտեցումները. բուժման չափորոշիչները հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով: Ըստ Պ. Սեմերջյանի` 2008-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կլինիկայում 2 նոր բաժանմունք է բացվել` վերականգնողական եւ անհետաձգելի նարկոլոգիական: Վերջինս ՀՀ Առողջապահության նախարարության կողմից վերազինվել է վերակենդանացման սարքավորումներով: Այս բաժանմունքը նախատեսված է թմրանյութերի գերչափաբաժին ընդունած եւ ալկոհոլային թունավորմամբ հիվանդների համար: Բաժանմունքի բացման անհրաժեշտությունը Պ. Սեմերջյանը բացատրում է նրանով, որ նշված հիվանդները կարիք են ունենում շտապ բուժօգնության, այլապես նրանց կյանքին կարող է վտանգ սպառնալ: Իսկ նորաբաց վերականգնողական բաժանմունքում այժմ ավարտին են հասցվում անհրաժեշտ տեխնիկական վերազինման աշխատանքները: Այս բաժանմունքում պետք է հիմնական բուժում անցած հիվանդները վերականգնողական կուրսեր անցնեն: Դրանք առավել թեթեւ անցկացնելու համար հիվանդները կապահովվեն գրադարանով, համակարգչային սենյակով, սրճարանով: Այս բաժանմունքում կմատուցվեն նաեւ հոգեթերապեւտիկ, իրավաբանական եւ սոցիալական ծառայություններ: