Երեւանի Քրեական դատարանում նույն գործի շրջանակում 4 կին հայտնվել են ամբաստանյալի կարգավիճակում, որոնցից երեքը հարազատ քույրեր են: Դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ քննվող այս քրեական գործի գլխավոր հերոսուհին Դուբայում հայտնի կավատ Անուշ Մարտիրոսյանն է: Մյուսները` Սոֆյա Մարտիրոսյանը, Սոնյա Գաբրիելյանը (Անուշի քույրերն են) եւ Մարիամ Մարտիկյանը, մեղադրվում են Անուշին` «մայր կավատին» այս կամ այն կերպ աջակցելու համար:
Միջնակարգ կրթությամբ 40-ամյա Անուշ Մարտիրոսյանն անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից կալանքի տակ է: Տարիներ շարունակ նրա հովանավորությամբ Հայաստանից տարբեր տարիքի կանայք խաբեությամբ տեղափոխվել են Արաբական Միացյալ Էմիրություններ ու ենթարկվել սեռական շահագործման:
2004թ. դեկտեմբերի 2-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Անուշ Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 262 հոդվածով («Պոռնկությամբ զբաղվելու կազմակերպումը») եւ որպես պատիժ՝ ընդամենը նշանակել 200.000 դրամ տուգանք:
2004թ. Գլխավոր դատախազության քննիչները` Արիստակես Երեմյանի գլխավորությամբ, գործուղվել են Դուբայ եւ հայ կավատների նկատմամբ հարուցված քրեական գործերի շրջանակներում տեղում իրականացրել բազմաթիվ հարցաքննություններ: Սակայն դրանք իրականում կրել են ձեւական բնույթ, որովհետեւ կավատներից շատերը կամավոր վերադարձել են Հայաստան, արժանացել մեղմ պատժի ու կրկին շարունակել իրենց «գործը»: Ըստ էության, Անուշ Մարտիրոսյանի հետ ձեռք է բերվել նման պայմանավորվածություն, քանի որ 2004թ. նա Էմիրություններից Երեւան է ժամանել հատուկ դատվելու համար: Ընդ որում` այդ ընթացքում Դուբայի իր «գործերը» վերջինս կոորդինացրել է Հայաստանից:
Մեջբերում 26-ամյա Անիի (անունը փոխված է)՝ դատարանում տված ցուցմունքից. «Անուշը 3-4 ամսով գնաց Երեւան դատվելու: Բայց դրանից առաջ քրոջը` Սոնիկին բերեց Դուբայ: Արդեն նա էր մեզնից փողերը հավաքում եւ պարտադիր գումարի չափը տետրում նշում: Միշտ զանգում էր Հայաստան ու Անուշին ասում, թե ով ինչքան տվեց ու ոնց է աշխատում»:
Անին այս գործով տուժող ճանաչված երեք անձերից մեկն է: Փետրվարի 6-ին Երեւանի քրեական դատարանում տեղի ունեցած առաջին նիստի ժամանակ Անուշ Մարտիրոսյանը հայտարարեց, թե 2004թ. դատավճռով ինքը պատժվել է նաեւ Անիի համար: Սակայն եւ՛ Անին, եւ՛ գործով որպես վկա անցնող նրա մայրը պնդեցին, որ նախորդ քրեական գործում Անիի պատմությունը ներառված չէ:
Եղեգնաձորցի Անին Դուբայից վերադարձել է երեք ամիս առաջ: Դատավարության ընթացքում նա մանրամասն պատմեց, թե ինչպես է 6 տարի առաջ, երբ դեռ 20 տարեկան էր, հայտնվել այդ քաղաքում:
«Ես տեղափոխվել էի Երեւան, ապրում էի ընկերուհուս տանը եւ աշխատում Բանգլադեշի շուկայում: Ընկերուհուս միջոցով ծանոթացա Անո անունով մի կնոջ հետ: Նա գիտեր, որ տուն չունենք եւ Եղեգնաձորում վարձով ենք մնում: Մի օր ասաց` արի գնա Դուբայ, աղջկաս երեխաներին կխնամես, նորմալ փող կաշխատես ու տուն կգնես: Մեկ ա, Հայաստանում աշխատելով՝ ոչ մի բանի չես հասնի: Համաձայնվեցի»,- հիշում է Անին:
Այնուհետեւ Անոն նրան տարել է Սոնյա Գաբրիելյանի մոտ, ով լուծել է վիզայի հարցերը, ինքնաթիռի տոմս է գնել եւ ճանապարհել Մոսկվա: Այստեղ աղջկան դիմավորել է ոմն Ապեր եւ օրեր անց ռուսական կեղծ անձնագրով ճանապարհել Դուբայ:
«Ինձ դիմավորեցին Անուշն ու Արայիկը: Սա միանգամից անձնագրերս (ռուսական եւ հայկական) վերցրեց ու տվեց Անուշին,- պատմում է Անին: -Սկզբում Անուշն ինձ շատ լավ ընդունեց: Տարավ իր տուն, որտեղ լիքը աղջիկներ կային: Առաջին օրը ոչինչ չասաց, բայց երկրորդ օրը պահանջեց, որ «ԻնտերՍիթի» հյուրանոցում զբաղվեմ մարմնավաճառությամբ: Ասացի, որ ես դրա համար չեմ եկել, ինձ հետ ուղարկիր Հայաստան»:
Ի պատասխան` Անուշ Մարտիրոսյանը նշել է, թե նրան Դուբայ հասցնելու համար մեծ գումարներ է ծախսել եւ մինչեւ դրանք հետ չստանա, վերադառնալու մասին խոսք լինել չի կարող:
«Ստիպված եմ աշխատել. Անուշի ձեռքի տակ հնարավոր չէր ապրել: Եղել են օրեր, որ չենք աշխատել, ծեծել է, սոված է պահել: Կոշիկն առնում էր ձեռքը, բոլորիս շարք կանգնեցնում ուգ Լավ աշխատեի, թե վատ, միշտ էլ ինձ ծեծում էր: Մի օր բողոքեցի, որ էդքան աշխատում եմ, բայց ոչ ինձ է փող տալիս, ոչ էլ տուն է ուղարկում: Էս ասածներիս համար տաքսու միջից հետ բերեց տուն ու երկաթով ծեծեց,- հիշում է Անին: -Առաջին անգամ դրանից հետո եմ փախել: Վրաստանից մի հատ աղջիկ կար, մենակ ինքն էր, որ ամեն ինչ Անուշին խաբար չէր տալիս: Զանգեցի նրան, տարավ օգնություն ցույց տվեց. ձեռքս ինքն ու իր ընկերուհին կարեցին»:
Անին ասում է, որ միջադեպից հետո Անուշը խոստացել է, թե լավ աշխատելու դեպքում կուղարկի Հայաստան. «Մոտ 4 ամիս նորից մնացի մոտը, Հայաստան չուղարկեց: Մի օր էլ ամբողջ շենքը ոստիկաններով էր լցվել, առիթից օգտվեցի ու նորից փախա: Բայց 10 օր հետո «Պոչիկ Ալիի» միջոցով հետ բերեց»:
Նրա խոսքերով` «Պոչիկ Ալին» Դուբայի պապան է»: Հայ կավատներն իրենց «ենթականերին» պատժելու համար դիմում են պոչ կապած երկար մազերով այս արաբին, ով անհնազանդ մարմնավաճառներին տանում է անապատ, մի քանի հոգով բռնաբարում են, ծեծում ու հետ բերում:
Անին պատմում է, որ Ալիի կողմից հայտնաբերվելուց հետո ստիպված մնացել է նրա մոտ. «Բա ի՞նչ անեի, մնացել եմ, որ ինձ էլ մյուսների պես չմտցներ զուգարան կամ տաներ անապատ ու ինչ ասես աներ: Դրանից հետո ամեն օր աշխատածս փողը նրան էի տալիս: Բայց երկու ամիս հետո ինձ նորից պաս տվեց Անուշին»:
Նա կավատ Անուշի մոտից երրորդ անգամ փախել է 2004թ., երբ վերջինս եկել էր Հայաստան` դատապարտվելու:
«Անուշի մոտ ավելի քան երկու տարի աշխատել եմ: Ինքն իմ ռուսական անձնագիրը վառել էր, հայկականը` պատռել, որի պատճառով փախնելուց հետո 4 տարի չէի կարողանում գալ Երեւան: Ռուսաստանի ու Հայաստանի հյուպատոսները մեկը մեկի մոտ էին ուղարկում. ոչ ոք չէր ուզում օգնել: Ոստիկանությունը 100 անգամ բռնել է, բայց դեպորտ չէր անում: Ես էլ նամակներ գրեցի Հայաստան` 6-րդ վարչություն, ու ամեն ինչ պատմեցի: Իրենք թուղթ ուղարկեցին դեսպանատուն եւ վերադարձի վկայականով վերջապես ինձ բերեցին Երեւան»,- դատարանին պատմեց Անին:
Նիստի ժամանակ դատարանը լսեց նաեւ վկա Արուսյակ Գ.-ին: Նա նույնպես ժամանակին դատապարտվել է «Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար», եւ, ինչպես ինքն ասաց, Անուշին ճանաչում է ոչ միայն Երեւանից, այլեւ հանդիպել էր Էմիրաթներում: Սկզբում վկան նշեց, թե Անուշն էլ իր պես Դուբայում զբաղվում էր կավատությամբ, բայց հետո ավելացրեց, թե 2007թ. աշնանը մի քանի ամսով հյուրընկալվել է Անուշին, նրա տանը վարձով ապրել են 4-5 մարմնավաճառներ, որոնք ոչ թե իրենց ամենօրյա վաստակն են հանձնել նրան, այլ ամսվա վերջում պարզապես տան վարձի գումարն են վճարել. «Ու ոչ ոք Անուշից չէր բողոքում, դաժե շատ էին սիրում»:
Այս ընթացքում Անուշ Մարտիրոսյանը խաչակնքում էր եւ փառք տալիս Աստծուն, որ «գոնե մեկը սուտ չխոսեց»:
Գործով անցնող մյուս վկան` Ա. Մ.-ն, իրականում կավատ Անուշի զոհերից մեկն է: Սակայն նա տուժող չի ճանաչվել, քանի որ Անուշի դեմ ոչ մի բողոք չի ներկայացրել: Նա դատարանին հայտնեց, թե բավականին ժամանակ է անցել, եւ գրեթե ոչինչ չի հիշում:
«գԲարձր աշխատավարձով մատուցող աշխատելու համար 2003թ. մարտին Սիրուշիկն ինձ ճանապարհել է Մոսկվա, որտեղ ինձ դիմավորել եւ իր տուն է տարել Արայիկ անունով մի տղամարդ: Մի քանի օր հետո նա ռուսական կեղծ անձնագրով ինձ ճանապարհել է Դուբայ, որտեղ դիմավորել է Անուշը, վերցրել է անձնագիրս, տարել է իր տուն եւ ասել, որ պետք է զբաղվեմ մարմնավաճառությամբ: Քանի որ անձնագիր չեմ ունեցել, ստիպված Անուշի մոտ մնացել եւ մյուս աղջիկների նման զբաղվել եմ մարմնավաճառությամբ: Ինչպես մյուսները, աշխատած գումարներս լրիվ տվել եմ Անուշին: Նա ինձ եւ մյուս աղջիկներին վիրավորել է, իսկ երբ լավ չենք աշխատել` ծեծել: Անուշի մոտ աշխատել եմ մինչեւ 2004թ. դեկտեմբերը, մինչեւ ոստիկանության կողմից բռնվել եւ վտարվել եմ Հայաստան»:
Սա վկա Ա.Մ.-ի նախաքննական ցուցմունքից մի հատված է, որը հրապարակելուց հետո, երբ դատավորը հարցրեց` «ճի՞շտ է այն գրված», վկան պատասխանեց` «հա», իսկ հետո հավելեց` «դե, որ գնացել ենք ու գործ չենք արել, պետք է մի հատ էլ ծեծեր կամ նախատեր»:
Այս խոսքերն ուղեկցվեցին ծափահարությամբ: Ծափահարողը Անուշի քույրն էր` ամբաստանյալ Սոֆյա Մարտիրոսյանը:
Դատական հաջորդ նիստը կկայանա այսօր` փետրվարի 12-ին:
Արարատ ԴԱՎԹՅԱՆ
www.hetq.am