Նավթագործները տարիներով բնակարանների են սպասում, մինչ պաշտոնյաները քննարկում են, թե ո՞վ է ավելի մեղավոր:
Ադրբեջանի նավթադոլարները մայրաքաղաք Բաքուն զարդարել են շքեղ գրասենյակային շենքերով եւ արտասահմանյան մեքենաներով, սակայն որոշ նավթագործներ ապագայի հանդեպ հոռետեսորեն են տրամադրված:
Բաքվից 20 կմ հեռավորության վրա գտնվող Սուրախանիի շրջանում բնակվող 18 նավթագործների ընտանիքները 2003թ. բնակարաններից ստիպված եղան տեղափոխվել մանկապարտեզի շենք: Նրանք դեռեւս այդ շենքում են, եւ միայն ենթադրություններ են անում, թե երբ հնարավոր կլինի դուրս գալ իրենց ժամանակավոր կացարանից:
«Մեր տները վխտում են խավարասերներով, առնետները դուրս են գալիս խողովակներից ու վազվզում մեր շուրջը, խոնավությունից հատակի տակից որդեր ու բզեզներ են դուրս գալիս: Մշտական ջուր չունենք. ստիպված ենք սենյակում դրված թասի մեջ լվացվել, քանի որ լոգասենյակ չկա, իսկ զուգարանն էլ ընդհանուր է: Մեր մեկ սենյակում ստիպված եւ՛ ճաշում ենք, եւ՛ քնում: Ընտանիքս մեծ է. չորս որդի ունեմ, որոնցից մեկն արդեն սեփական ընտանիքն ունի: Մեկ սենյակի մի մասը խոհանոց ենք դարձրել, մյուսը` բաղնիք: Բայց ջուր չկա, ստիպված բակի ներքնամասում ջրի համար հերթ ենք կանգնում ու անընդհատ կռվում դրա պատճառով: Ջուրը երբեք բոլորին չի բավականացնում»,- ասում է 48-ամյա բնակչուհի Ռոզա Իսմայիլովան:
Նախկին մանկապարտեզի շենքում ավելի քան 80 մարդ է ապրում: Բնականաբար, անձնական կյանքի առանձնացվածության մասին խոսելն իսկ ավելորդ է. պատերն այնքան բարակ են, որ հարեւանների արտաբերած յուրաքանչյուր խոսքը լսվում է:
Եվ նման աղքատությունը՝ բարեկեցության մեջ: Պետական նավթային հիմնադրամը 145 միլիոն մանաթ (180 միլիոն դոլար) է տրամադրում փախստականների սոցիալական աջակցության նպատակով, իսկ միայն 330 միլիոն դոլար ծախսվում է ենթակառուցվածքների վրա: Հունվարի մեկին հիմնադրամի ֆինանսական ակտիվների չափերը հասան 9 միլիարդ մանաթի (11.2 միլիարդ դոլար):
Սակայն այս գումարները ոչ մի օգուտ չեն տալիս բնակարանազուրկ նավթագործներին:
Իսկ վերջերս տեղական իշխանությունների ջանքերով վերանորոգվեց ջեռուցման համակարգը, սակայն այս հանգամանքն ավելի մտահոգեց մանկապարտեզի շենքի բնակիչներին. չէ՞ որ սրանից հետեւում է, որ նրանք ստիպված կլինեն մշտապես այս շենքում բնակվել: Ադրբեջանի նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միրվարի Գահրամանլիի հավաստմամբ, բնակիչների անհանգստությունը տեղին է:
«Այսպիսի ընտանիքներ շատ կան, եւ նրանք հաճախ դիմում են մեզ: Ներկայում շուրջ 300 մարդ է ընդգրկված նավթային ընկերության կողմից տրամադրվելիք բնակարանների ցուցակում: Պետական նավթային «ՍՈՔԱՐ» ընկերությունը խոստացել է բնակարաններ տրամադրել այն մարդկանց, ովքեր, 15-20 տարի է, ինչ սպասում են դրան,- ասում է Մ. Գահրամանլին,- Այս ընտանիքները տարիներ շարունակ ապրում են հանրակացարաններում կամ էլ մեկ սենյականոցում 8-9 հոգով են բնակվում: Մենք բազմիցս դիմել ենք «ՍՈՔԱՐ» ընկերությանը՝ պահանջելով հստակեցնել բնակարանների տրամադրման ժամկետները, սակայն միշտ էլ խուսափողական պատասխաններ ենք ստացել: Այսպես, 2008-ին ընկերությունից մեզ տեղեկացրին, որ հարցը դեռեւս քննարկման փուլում է»: Տեղական իշխանությունները եւ «ՍՈՔԱՐ»-ի մասնաճյուղը հանդիսացող «Ազնեւթը» շարունակում են մեղավորների փնտրել Սուրախանիի նավթագործների համար ստեղծված իրավիճակում: Նրանց նախկին շենքը, որը վթարային էր ճանաչվել, ներկայում զբաղեցնում է դպրոցը, իսկ վերջերս կառուցված նոր բնակարանային շենքը դեռեւս պիտանի չէ ապրելու համար:
«ՍՈՔԱՐ»-ի պահանջով` կոմունալ ծառայությունների միացման վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են «Ազնեւթ»` բնակարաններին անհրաժեշտ կարիքների մասին ծանուցելու նպատակով: Դեռեւս հնարավոր չէ հստակ ասել, թե ինչու է գործընթացն այսքան ձգձգվում: Այդ մասին պետք է տեղեկանալ «Ազնեւթի» հասարակական տեղեկատվության բաժնում»,- ասում է Սուրախանիի տեղական ինքնակառավարման մարմնի Իրավական վարչության պետ Էլխան Զախիրլին:
«Ազնեւթի» հասարակական տեղեկատվության բաժնում կրկին չընդունեցին իրենց մեղքը: «Մոտակայքում կառուցված նոր տունը դեռեւս ամբողջությամբ պատրաստ չէ, չնայած՝ այնտեղ մարդիկ են ապրում… Երբ առաջին շենքն ամբողջությամբ պատրաստ լինի, երկու շենքերն իրար միացնող հաղորդակցության լարեր կանցկացվեն. խեղճ մարդիկ կկարողանան այնտեղ տեղափոխվել: Մենք չգիտենք, թե որքան այս ամենը կտեւի, սակայն, վստահեցնում եմ, որ անհանգստանալու առիթ չկա»,- ասում է «Ազնեւթի» հասարակական տեղեկատվության բաժնի պետ Թոֆիկ Շարիֆովը:
Այնուամենայնիվ, բնակիչների հավաստմամբ, իրենք վաղուց արդեն չեն վստահում նման խոստումներին: Այսպես, չորս տարի առաջ նրանց մեկ այլ շենքում էին սենյակներ խոստացել, որոնք, սակայն, հետագայում այլ ընտանիքների բաժին հասան:
«Եթե նրանք անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, եւ գործը դատարան չհասնի, հնարավոր է՝ պատմությունը կրկնվի,- նշում է բնակիչների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան Իրադա Ջավադովան,- Այս հարցի կարգավորմանն ուղղված բազում օրենքներ կան: Ադրբեջանի Քաղաքացիական օրենսգրքի 157 հոդվածի համաձայն՝ պետությունը կարող է բռնագրավել գույքը` ըստ հասարակական կարիքների պահանջի, սակայն միայն օրենքով սահմանված կարգով եւ շուկայական արժեքին համապատասխան փոխհատուցում վճարելու պայմանով: Այս պարագայում փոխհատուցում այդպես էլ չի վճարվել»:
Միեւնույն ժամանակ, նավթագործների ընտանիքներն արդեն կորցնում են հույսը:
«Սկզբում` խոստացան բնակարաններ տրամադրել մինչեւ Նովրուզ Բայրամի տոնակատարությունը, այնուհետեւ` մինչեւ Հեյդար Ալիեւի (Ադրբեջանի նախկին նախագահի) ծննդյան օրը. մինչեւ նախագահական ընտրությունները բնակարան ստանալը մեր վերջին հույսն էր: Իսկ այժմ դժվար թե մեզ երբեւէ հիշեն: Ոչ ոքի այլեւս չենք հավատում եւ չգիտենք` ում դիմել»,- ասում է 49-ամյա Ֆարհադ Ֆարզալիեւը:
Դիանա ԻՍԱԵՎԱ
Ադրբեջան, «Կովկասյան Լրատու»