Նորովի հայացք՝ ծիրանագույն մոլորակից

14/02/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Յուրաքանչյուր հոգեբան ու ծնող կարող է ասել, որ երեխայի զարգացման ամենահեշտ ու հեռանկարային ուղին խաղն է: Ոչ մի երեխա չի սիրում, երբ իրեն ստիպում են սովորել, նա ուզում է, որ իր հետ խաղան։

Խաղի միջոցով գիտելիք փոխանցելն ավելի արդյունավետ է դառնում, երբ խաղին գումարվում է ստեղծագործելու մղումը։ Այդ բոլոր ճշմարտությունները հաշվի առնելով, լույս աշխարհ է եկել «Ծիրանագույն մոլորակ»՝ «ApriColor planet» ուսումնա-զվարճալի անիմացիոն տեսաֆիլմը, որը շատ հետաքրքիր խաղի մեջ է սուզում հայ մանուկներին ու այդ խաղի շնորհիվ՝ հսկայական ինֆորմացիոն շերտ փոխանցում նրանց։ Նման ֆիլմ ստեղծելու գաղափարը պատկանում է Սան Ֆրանցիսկոյում ապրող Լուսինե Քասարճյանին, ով Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցում համակարգչային դասընթացներ է վարում։ Նա իր շուրջը փոքրաթիվ ստեղծագործական թիմ է համախմբել։ «Մոլորակ Արթս» խմբի կազմում կան նկարիչներ, երաժիշտներ, թվային պատկերազարդողներ, սցենարիստներ եւ հոգեբաններ, որոնք տարբեր նախագծեր են իրականացնում։

Եվ դրանցից մեկը «Ծիրանագույն մոլորակն» է, որի հիմքը հայկական կերպարվեստն է։

Մի բան է, երբ անշարժ կտավը տեսնում ես թանգարանի պատին կախված կամ էլ` հանրագիտարանի կամ ալբոմի մեջ տպագրված, եւ բոլորովին այլ բան է, երբ կտավի գույների, թեմաների ու կոմպոզիցիաների հետ «խաղալու» հնարավորություն ես ստանում: Թեկուզեւ` թվային տեխնոլոգիաների օգնությամբ: Իսկ «Ծիրանագույն մոլորակում» դասականների հետ «խաղում» են: Եվ այդ «խաղը» շատ օգտակար, լուրջ եւ ուսուցողական է: Փոքր-ինչ ծուլացած ու ավանդական խաղի մոդելներից հոգնած մեր երեխաներին առաջարկվում է խաղալ գլուխգործոցներով։ Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի երաժշտության ուղեկցությամբ էկրանին «բացվում» են Սարյանի, Բաշինջաղյանի, Այվազովսկու, Թադեւոսյանի, Սուրենյանցի, Մինասի, Խանջյանի, Գորկու ու այլ անվանի նկարիչների ստեղծած գլուխգործոցները: «Ծիրանագույն մոլորակ» ֆիլմը գտել է յուրատեսակ «բանալի»` հայ նկարիչների կտավները երեխաների ընկալման համար հետաքրքրաշարժ դարձնելու համար, իսկ ժամանակակից համակարգչային լուծումները տեսաերիզի հեղինակներին թույլ են տալիս տարբեր խորամանկ խաղարկումների դիմել:

Նկարը կարող է մի քանի գծից ծնվել, հետո հարստանալով գույներով ու խորությամբ՝ վերածվել, ասենք` Սարյանի պատկերած ծաղիկների: Կամ էլ իրական զամբյուղում հայտնված խնձորները հանկարծ ինքնուրույն շարժում են ստանում ու «պառկում» են կտավի վրա` վերածվելով գ նատյուրմորտի: Անիմացիայից ծնված ուղտը դանդաղ մուտք է գործում էկրան, հանդիպում իր մյուս ընկերներին ու մի պահ կանգ առնելով՝ դառնում Մարտիրոս Սարյանի «Քարավան» նկարի գործող անձը։ Այսինքն՝ յուրաքանչյուր նկար ձեռք է բերել ինքն իրեն բացահայտելու այն կերպը, որը երեխաներին նրբորեն հուշում է, որ նկարը «քարացած» մի երեւույթ չէ, որ կարելի է այն մասնատել, առաջին պլանում հայտնված ֆիգուրը ետ տեղափոխել կամ էլ «դասավորել» առարկաներն ու մարդկանց այնպես, կարծես նկարը հենց այս վայրկյանին է ստեղծվում։ Այդ մոտեցման շնորհիվ նկարներն ու նկարիչների անուններն ամրապնդվում են մանուկների հիշողության մեջ շատ ավելի արագ, քան դա կարվեր գրքի միջոցով, քանի որ մանուկներն ինքնուրույն են սկսում հետազոտել նկարի կառուցվածքը՝ դինամիկ շարժումների շնորհիվ։

Օրինակ, հայտնվում են գունավոր կաթիլները, ծորում են սպիտակ ֆոնի վրա՝ մեկ վերածվելով թիթեռի թեւերի, մեկ էլ՝ գունավոր լճակների։ Եվ արդյունքում՝ երեխայի աչքի առջեւ «բացվում» է Արշիլ Գորկու նկարը։ Հաջորդ դրվագում մեկ գծիկ է հայտնվում, դա բերանն է, հետո երկու կետիկ վերածվում են աչքերի, ահա մազերն ու հոնքերը, փոքր-ինչ թեքված ուսերը (նկարելու այդ ձեւը մեր մոլորակի վրա ապրող բոլոր երեխաների սկզբնական տեխնիկան է), բայց ծիրանագույն մոլորակում այդ գծիկ-կետիկները Ռուդոլֆ Խաչատրյանի գրաֆիկական դիմանկարն են դառնում։

«Մենք տարբեր մանկավարժական հնարքների ենք դիմել, որպեսզի մանուկները չձանձրանան արվեստի լրջությունից եւ կարողանան վիրտուալ ու իրական աշխարհների հավասարակշռությունը պահպանել: Թվային կտավները ներկայացնելուց հետո, օրինակ, ցատկ է կատարվում դեպի մանուկներին ծանոթ միջավայրը` դեպի իրենց մանկապարտեզը, բակը, խաղահրապարակը: Իսկ հետո կրկին վերադառնում ենք կտավներին»,- պատմում է Լուսինեն։ Ֆիլմում օգտագործվել են եռաչափ անիմացիայի, նաեւ տեխնիկապես ավելի բարդ «ֆլեշ» անիմացիայի սկզբունքները, փոքրիկ «կամուրջներ» են արվել արվեստի ու կյանքի միջեւ։ Կտավի վրա պատկերված խնձորներն, օրինակ, «կենդանանում» են ու հայտնվում են շուկայում, կամ էլ սկսում են ճոճվել ծառի վրա։ Նման փոքր հրաշք-հայտնագործությունները խթանում են երեխայի երեւայակայությունն ու ստեղծագործական սկիզբ արթնացնում նրանց մեջ։

Կարելի է վստահ ասել, որ կտավները «քանդելն» ու նորից «հավաքելը» շատ հաճելի է: Թվում է, որ դու էլ կարող ես այդպես անել (իսկ թե իրապես ինչպես են արարել նկարիչները, կարեւոր չէ, քանի որ հիմա այդ ամենը երեխաների աչքերին ու անփորձ վրձնին է հարմարեցվում): Լուսինե Քասարճյանը վստահեցնում է, որ երեխաների նկարելու ցանկությունը խթանելը եւս իրենց նպատակներից մեկն է եղել. «Ֆիլմի շնորհանդեսները կազմակերպելու ժամանակ, ես, սովորաբար, հետս թուղթ ու մատիտներ եմ բերում եւ ֆիլմի վերջում բաժանում եմ երեխաներին։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում՝ թե որքան հետաքրքիր կերպով են իրենք վերարտադրում տեսածը»։ Երեխաներին առաջարկվում է ավելի ուշադիր զննել իրենց շրջապատող աշխարհը, առաջին հայացքից շատ առօրեական իրերին նոր նշանակություն տալ։ Ահա, օրինակ, երկու՝ մեծ ու փոքր բուրգ-խաղալիքների օղակները անիմացիոն ծրագրով իրար վրա են դրվում, ու բուրգերը դառնում են Արարատ լեռան երկու գագաթները։ Երեխաները ոչ միայն կավիճներով Արարատն են պատկերում ասֆալտին կամ իրենց նկարչական ստուդիաներում, այլեւ` փորձում են իրենց հանդիպած յուրաքանչյուր առարկայի մեջ Արարատի ֆորմաները տեսնել։

«Ծիրանագույն մոլորակը» ութ թեմատիկ բաժիններից է բաղկացած։ «Հրաշքներով լինի Արեւելքը», «Ջրաշխարհ», «Այսօրվա եւ վաղվա վարպետները», «Իմ փոքրիկ ներաշխարհը», «Ծաղիկներ եւ մրգեր» հատվածները ավելի դինամիկ են դարձնում ընկալումը։ «Աչքեր ու զգացմունքներ» բաժնում, օրինակ, տարաբնույթ զգացմունքներ արտահայտող մանկական դեմքեր են հայտնվում էկրանին։ Երեխաները խաղում, ծիծաղում, լաց են լինում, կամ էլ՝ նեղացած կեցվածքով հեռանում են խաղահրապարակից։ Եվ հետո մարդկային զգացմունքների ներկապնակը հայտնվում է կտավների վրա՝ Սուրենյանցի, Մինասի կամ Սարյանի վրձիններով պատկերված։ «Ֆիլմը շատ հետաքրքիր արձագանք գտավ։ Մենք այն նախատեսում էինք 5-15 տարեկան երեխաների համար, բայց պարզվեց, որ այն հաջողություն ունեցավ նաեւ նրանց տատիկների ու պապիկների մոտ։ Շատերը նոստալգիկ հուշեր վերապրեցին։ Ընդհանրապես նման ֆիլմերի շնորհիվ վերանում է այն տարիքային ճեղքը, որը կա Ամերիկայում, քանի որ հայկական նյութի նման մատուցումը բոլորին է հետաքրքիր»,- ասում է Լուսինեն։

«Ծիրանագույն մոլորակը» շատ պրոֆեսիոնալ աշխատանք է ոչ միայն իր ֆորմայով, այլեւ՝ աշխատանքին մոտենալու ձեւով։ Ստեղծագործական խումբը պահպանել է բոլոր միջազգային հեղինակային իրավունքները։ «Յուրաքանչյուր նկարն օգտագործելու համար մենք գրավոր իրավունք ենք ձեռք բերել թանգարաններից, հեղինակներից կամ նրանց ժառանգներից։ Ուզում էինք, որ մեր ֆիլմը բացարձակ լեգալ արտադրանք լինի։ Մոտ մեկ տարի ենք ծախսել, որպեսզի բոլոր փաստաթղթերը հավաքենք։ Սարյանի նկարները ֆիլմում ցուցադրելու համար մենք գրավոր թույլտվություն ենք ստացել Սարյանի բոլոր հինգ թոռներից։ Իսկ ամենաբարդը Ռուսաստանում Հայաստանի դեսպանության հետ պայմանավորվելն էր։ Մինչ Ռուդոլֆ Խաչատրյանի մահը մենք ստացել էինք իր թույլտվությունը, բայց դեսպանատունը ոչ մի կերպ չէր ստորագրում այդ փաստաթուղթը։ Եվ մեկ տարի մենք բանակցում էինք դեսպանատան աշխատակիցների հետ, քանի որ ուզում էինք ամեն ինչն օրինավոր անել»։ Պահպանվել են նույնիսկ ֆիլմի ավարտական տիտրերը ուղեկցող զարդանախշերի հեղինակների իրավունքները։ «Եթե որեւէ մեկն արդեն մաթեմատիկապես հաշվարկել ու զարդերի դիզայնն է գծել, մենք պարտավոր ենք այդ մարդու աշխատանքը հատուցել։ Ճիշտը դա է, յուրաքանչյուր աշխատանք պիտի վարձատրվի։ Եղել են դեպքեր, երբ ես ինքս որոշ ձայներիզներ կրկնօրինակել եմ, բայց հիմա այդպես երբեք չեմ անի, կնախընտրեմ լեգալ արտադրանք գնել։ Ես իմ մաշկի վրա եմ զգացել, թե որքան ստորացուցիչ է, երբ մարդիկ քո աշխատանքը չեն հարգում»։

«Ծիրանագույն մոլորակի» ստեղծումը հեղինակներին շահույթ չի բերել։ «Միակ շահույթը այն շնորհակալական նամակներն են, որոնք մենք ստանում ենք Ամերիկայի տարբեր նահագներում կամ էլ Եվրոպայում ապրող մարդկանցից։ Այնպես որ, իմ շահույթը հոգեբանական բավարարվածությունն է, ես սարսափելի վատ մենեջեր եմ»,- կատակում է Լուսինեն։ Որպես հավելյալ ուսուցողական ձեռնարկ` այդ ֆիլմն օգտագործվում է 120 աշակերտ ունեցող Սան Ֆրանցիսկոյի միակ հայկական դպրոցում (միակ լինելը շատ ցավալի թեմա է Լուսինեի համար), նաեւ Լոս Անջելեսի մի քանի հայկական դպրոցներում։ Ֆիլմի մեծ մասը հեղինակները նվիրաբերել են։ «Աշխարհի բոլոր հայկական դպրոցներին ու մանկապարտեզներին մեկ օրինակ է ուղարկվել։ Նվիրել ենք նաեւ մանկատներին»,- ասում է Լուսինեն։

«Մոլորակ Արթս» ընկերությունն իր ինտերնետային կայքը (www.molorakarts.com) եւ բազմաթիվ ծրագրեր ունի։ 2004 թվականին նրանք թողարկեցին «Դպրոցի ճամփան»` «School bus» ձայներիզը, որի մեջ հավաքագրված երկլեզու` հայերեն ու անգլերեն մանկական երգերի աուդիոպատմության տեսք են ստացել։ Ձայներիզը սցենար ունի, եւ երգերի տեղադրումն ուղեկցվում է զրույցներով ու հատուկ ձայնային էֆեկտներով։ Մտահղացման համաձայն՝ երեխաները երգում են այն, ինչը տեսնում են։ Այսինքն՝ ավտոբուսի պատուհանից տեսնում են բադիկին կամ շնիկին ու երգում են նրանց երգը։ Հետո տեսնում են լորիկին, կաքավիկին… Ձայներիզի փաթեթի մեջ տեղադրված է նաեւ տեղեկատվական գրքույկ, որտեղ երգերի տեքստերից բացի` որոշ ուշագրավ փաստեր կան: Օրինակ, ո՞վ գիտե, որ բադերի կռնչյունը չի արձագանքում: Ճիշտ պատասխանն է` ոչ ոք էլ չգիտե, դա բնության գաղտնիքներից մեկն է:

«Դպրոցի ճամփան» ձայներիզի երգերը ու պատկերազարդումները կատարվել են հենց երեխաների կողմից եւ հենց երեխաների համար: Լուսինե Քասարճյանը խոստովանում է, որ ձայներիզի տեսքն ու ինֆորմացիայի հետաքրքիր լինելը նա փորձարկել է իր զավակների` Սաթենի ու Հայքի վրա: Երեւանում ծնված ու մեծացած Լուսինեն ասում է. «Այս խտասալիկի գաղափարը ծնվեց երեխաներիս հայերեն լեզուն ու մտածողությունը պահպանելու ցանկությունից»։

Այժմ Լուսինեն ու իր ամուսինը՝ Րաֆֆի Քասարճյանը, ապրում ու աշխատում են Երեւանում։ Լուսինեն ասում է. «Ուզում ենք, որ ծնողները վստահ լինեն, որ իրենց փոքրիկները ճանաչելու են հայ արվեստն ու պատմությունը, միաժամանակ` ետ չմնալով տեխնոլոգիապես հագեցած ապրանքներից: Գաղափարներն անսահման են, անսահման են նաեւ տեխնիկական ու մարդկային հնարավորությունները։ Եթե ֆինանսական հնարավորություն լիներ, մենք վաղուց արդեն երկրորդ, նաեւ՝ երրորդ ֆիլմը նկարած կլինեինք։ Հայկական արվեստն ու պատմությունը անսպառ աղբյուր են։ Եվ եթե հիմա մեր երեխաները խաղում են, ասենք, օտար ազգերի խաղալիք-հերոսներով, ապա ինչո՞ւ նրանց հնարավորություն չտանք խաղալ հայ հերոսների տրանսֆորմեր-կերպարներով։ Համոզված եմ, որ դա նրանց պետք է»։