Երեկ ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ջավահիրլի բնակավայրի հարավարեւելյան ուղղությամբ` համաձայն ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության։ Ըստ ԼՂՀ ԱԳՆ Տեղեկատվական վարչության, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փիթեր Քին (Մեծ Բրիտանիա) եւ Իրժի Աբերլեն (Չեխիա): Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը դիտարկման առաքելությանը չի ուղեկցել դեպի իր առաջնային գծի սահմանները, ինչի արդյունքում ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Նշենք, որ չնայած՝ պլանային դիտարկումների ընթացքում խախտումներ չեն արձանագրվում, սակայն վերջին 1-2 շաբաթներին գրեթե ամեն օր ղարաբաղաադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմը խախտվում է: