Ստուգումները տեղ-տեղ նվազել են

14/02/2009

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից 2008-ին իրականացվել է 14 հազ. 260 ստուգում, ինչը 2007-ի համեմատ նվազել է 360-ով, սակայն դրանց արդյունքում հայտնաբերված լրացուցիչ հարկային պարտավորություններն ավելացել են 8.7 մլրդ դրամով: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը: Ըստ նրա, 2008-ի ստուգումների արդյունքում արձանագրվել է 28.2 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն` 2007-ի 19.5 մլրդ-ի փոխարեն: Տարվա ընթացքում բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների թիվը կազմել է 2374` 2007-ի 3656-ի դիմաց: Արձանագրված լրացուցիչ հարկային պարտավորությունը կազմել է 23 մլրդ դրամ` նախորդ տարվա 15 մլրդ-ի փոխարեն: 2008-ին 2007-ի համեմատ ավելացել են հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների վերաբերյալ ստուգումները` 6300: Արդյունքում` արձանագրվել է 443 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Ձեռնարկատիրական առարկաների սահմանված կարգով չգրանցման վերաբերյալ նախորդ տարի իրականացվել է 1047 ստուգում, լրացուցիչ արձանագրվել է 2.9 մլրդ դրամ հարկային պարտավորություն:

Հանրապետությունում 2008-ին գրանցվել է ապօրինի ձեռնարկատիրության 294 դեպք` 2007-ի 117-ի դիմաց: Արձանագրվել է 94 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն` 2007-ի համեմատ շուրջ 60 մլն-ով ավելի: Սոցիալական վճարների ուղղությամբ իրականացված 670 ստուգումներով տարբեր խախտումներ են հայտնաբերվել, 121 մլն դրամ լրացուցիչ պարտավորություն է արձանագրվել: Չձեւակերպված աշխատողների հայտնաբերման ուղղությամբ 1411 ստուգում է իրականացվել, լրացուցիչ պետբյուջե է գանձվել 102 մլն դրամ` 60 մլն-ով ավելի 2007-ի ցուցանիշներից: Ըստ Ա.Բեյբությանի` ստուգումների ընթացքում կոմիտեն ռիսկային է համարում շինարարության, տրանսպորտի, սպասարկման եւ առողջապահության բնագավառները, ուշադրության կենտրոնում է պահում առաջին անհրաժեշտության սննդամթերք եւ կենցաղային տեխնիկա ներկրողներին: Նրա խոսքով, հանքարդյունաբերության ոլորտը նույնպես զերծ չէ ստվերից. այստեղ նախորդ տարվա վերջին 3 ամիսներին կազմված ակտերով շուրջ 700 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն է արձանագրվել: