Տիրոջ իրավունքով

14/02/2009 Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Վրաստանում ոչնչացվում են հայկական մշակութային կոթողները:

Եկեղեցիներից ջնջվում են հայկական արձանագրությունները, գերեզմանաքարերի վրա հայկական ազգանունները փոխարինվում են վրացական ազգանուններով:

Պարզվում է` դա մի քաղաքականություն է, որ վրացիները սկսել են շատ վաղուց:

1920թ.-ից վրացական կառավարությունը հետեւողականորեն ոչնչացնում է ոչ վրացական հոգեւոր հուշարձանները: Ոչնչացվել են 300 հայ առաքելական եկեղեցիներ, ինչպես նաեւ` կաթոլիկ եւ օրթոդոքս եկեղեցիներ: Սկսած Զվիադ Գամսախուրդիայի ժամանակներից` ոչնչացումն ուղեկցվում էր եկեղեցիների վրացականացմամբ:

1936-37 թվականներին Թբիլիսիի տեղական խորհրդի ընդունած որոշումների համաձայն` Խոջիվանքի հայկական գերեզմանոցը, որն ուներ ավելի քան տասը հազար գերեզմաններ, հավասարեցվեց հողին: Այն հասարակական այգու վերածվեց եւ կոչվեց «Խաղաղության այգի»:

1995թ. վրաց պատրիարք Իլյա 2-րդը Խոջիվանքի գերեզմանոցի տեղանքում օրհնեց նոր վրացական եկեղեցու հիմքերը: Արարողությանը ներկա էր նաեւ նախագահ Շեւարդնաձեն: Նոր եկեղեցին խորհրդանշելու էր վրացական հզոր ժողովրդավարական պետությունը:

2005թ. հրդեհվեց Սուրբ Նշան եկեղեցին: Գրատուն էր, հին ձեռագիր մատյաններ էին պահվում այնտեղ: Պաշտոնական տեղեկատվությամբ` մի հարբած ռուս ծխախոտ է նետել եկեղեցու մեջ, որից էլ առաջացել է հրդեհը: Կրակը մարել են 6 հրշեջ մեքենաներով, անխնա ջուր լցնելով ձեռագրերի վրա: Հիմա այնտեղ հրդեհից սեւացած պատեր են ու ձեռագրերի մոխրակույտեր. շներ են դատարկության մեջ վայում: Գո՞ւցե կարելի էր այդ ձեռագրերի թվայնացված տարբերակներն ունենալ եւ պահպանել մեր Մատենադարանում` իբրեւ մեր նախնյաց ժառանգություն: Չէ՞ որ երկար տարիներ է՝ դրանք վտանգված են Վրաստանի տարածքում, եւ այդ վախճանը սպասելի էր:

2005թ. վրաց քահանա Թարիեֆի նախաձեռնությամբ իր հովված Մլեթի գյուղից Մաղլակելիձե տոհմի գերեզմանաքարերը տեղափոխվեցին Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը եւ դրվեցին այնտեղ ավերված հայկական գերեզմանոցում: Պղծվեց ոչ միայն հայերի, այլեւ` վրացիների հիշատակը: Մի քանի տարի հետո ոչ ոք Թարիեֆին ու նրա արածը չի հիշելու, վրացական եկեղեցի ու գերեզմանոց է այնտեղ լինելու, հայի որեւէ հետք չի երեւալու: Քաղաքակիրթ մարդիկ պահպանում են իրենցից առաջ ստեղծվածը. դա իրենց նախնիներինը լինի, թե` մեկ ուրիշինը: Բարբարոսները միշտ էլ ավերում են` ուրիշինը լինի, թե` իրենցը: Ոչինչ չի նշանակում նաեւ քրիստոնյա ազգ լինելը. բարբարոսներ կան թե՛ քրիստոնյաների մեջ, թե՛ մուսուլմանների:

Հայերը Վրաստանում ամենամեծ էթնիկ փոքրամասնություններից են: Այնտեղ հիմա 750.000 հայ է ապրում, որից 500.000-ը` վրացախոս: Նրանք ձուլման ճանապարհին են. վախենում են ցույց տալ իրենց հայ լինելը, շատերը փոխում են ազգանունները: Երբեմնի հայաշատ գյուղերն այժմ մեծամասամբ դատարկված են, դպրոցները փակման եզրին են: Շատ հայեր տեղափոխվում են Թբիլիսի կամ Ռուսաստան` ազգանունները վրացական կամ ռուսական դարձրած. Հովսեփյանը Օսիպով կամ Կոնաշվիլի է դառնում, Շաքարյանը՝ Շաքարաշվիլի կամ Շաքարով:

Տերյանի ծննդավայր Գանձան միակ գյուղն է, որտեղ հայկական արմատները խորն են ու անսասան: Տեղի դպրոցում թե՛ սովետական տարիներին, թե՛ հիմա կա 700 աշակերտ: Տերյա՞նն է պահապանը, կամ գուցե իր աշակերտների մեջ խոր հայկական արմատներ սերմանող դպրոցի ուսուցիչ-լուսավորի՞չը: Այդպես է իրականում: Եթե մի ազգ իր արժեքների` լեզվի ու հավատի գիտակիցն է ու պահապանը, ոչ մի ուժ նրանից դա խլել չի կարող: Թերահավատությունն է այլ հավատ ձեւավորում, լեզվի մոռացությունն է այլ լեզվի տարածումն ապահովում: Պետություններ են ծագում ու կործանվում, ազգեր են առաջանում ու ոչնչանում, կրոններ են հաստատվում ու զարգանում: Ճշմարտությունն այն է, որ ուժեղն է հաղթում: Լեզուներից նա է ամենատարածվածը, որով շատ մարդ է խոսում եւ գրում: Երբեմն ինքներս չե՞նք նպաստում ուրիշի հաղթանակին` թուլացնելով մեզ մեր թերահավատությամբ, օտար լեզուները մեր մայրենիից գերադասելով: Ժամանակը չէ՞ վերջապես գիտակցելու, որ մենք մեր նախնիների աշխարհով մեկ սփռած մշակույթի տերն ենք: Տեր լինել ոչ թե խոսքով, այլ` իրապես: Պարզ է, որ Վրաստանի պետական կառույցներում տեղյակ են եւ իրենք էլ վրացականացման քաղաքականության իրականացնողն են: Դա նաեւ բնական է մի պետության համար, որ նպատակ ունի ուժեղանալ: Նրանք ուղղակի իրենց հողի եւ պատկանելության գիտակցությունն ավելի ունեն, քան, շատ հաճախ, հայերս:

Հայերն այն հազվագյուտ ազգերից են, որ ուր էլ գնացած լինեն, որ երկրում էլ որ ապաստան գտած լինեն` եկեղեցի են կառուցել: Նույնիսկ օտար հողին, համոզվածությամբ, որ ոչնչացնելու են, բայց կառուցել են մեր նախնիները: Հետո տերն էլ չեն եղել: Գո՞ւցե պետություն չենք ունեցել, ձայնը մեր աշխարհում լսելի չի եղել, դա՞ է պատճառը: Հիմա կա պետություն, այլ է հիմա աշխարհը, այլ են միջոցներն ու լծակները: Թուրքիայում մի հույն շահել է հայկական եկեղեցին քանդելու պատճառով հարուցված դատը: Մի հայ, Հայ դատի մի գրասենյակ, աջ ու ձախ սփռված բազմաթիվ կազմակերպություններից ու կուսակցություններից մեկը, ողջ մի պետություն չի՞ կարող իր նախնիների ժառանգության տերը լինել: Եթե վրացական կառավարությունից համապատասխան վերաբերմունք պահանջելը չի օգնում, կան միջազգային կառույցներ: Պահանջատեր է պետք լինել, ոչ թե դիմումներ ու նամակներ գրել: Ե՞րբ ենք մեր մշակութային արժեքներին (Հայաստանում լինեն, թե նրա սահմաններից դուրս) նայելու տիրոջ աչքով ու իրավունքով եւ ուրիշներից էլ համապատասխան վերաբերմունք պահանջելու, նշանակալի քայլեր ձեռնարկելու, քանի դեռ ոչնչացումից կարելի է փրկել, այլ ոչ թե բողոքի ձայն բարձրացնելու, երբ Սասուն, Վան ու Նախիջեւան չկան, երբ Հին ու Նոր Ջուղայի հետքը երկրի երեսից ջնջվել է, երբ խաչքարի ու եկեղեցու բեկոր չի երեւում:

Թե՞ մերը միայն դարերի պատմության փաստն է, կորուսյալ Հայրենիքի հիշողությունը, ցեղասպանության ցավըգ մինչեւ փարաջանովյան մի հանճար մոռացված նախնիների ստվերներ գտնի: