Երրորդ եռամսյակում

14/02/2009

«Հյուսիսային Օսիայից դեպի Հարավային Օսիա ձգվող գազամուղի շինարարությունը կավարտվի 2009 թվականի երրորդ եռամսյակում»,- այդ մասին ասված է Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի եւ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հանդիպման արդյունքների վերաբերյալ «Գազպրոմի» տարածած հաղորդագրությունում: Ավելի վաղ գազամուղի շինարարությունն ավարտելու ժամկետ էր նշվում 2009 թվականի կեսը: Ներկայումս գազը հանրապետությունում ստացվում է Թբիլիսի-Քութաիս մայրուղային գազամուղի Ագարա-Ցխինվալ ճյուղային խողովակաշարով: 2009 թվականի առաջին կիսամյակում Ցխինվալին կմատակարարվի 6 մլն խորանարդ մետր գազ:

Հյուսիսային Օսիայի Ձուարիկաու գյուղից մինչեւ Ցխինվալ նոր գազամուղի շինարարությունը սկսվել է 2006 թվականի դեկտեմբերին:

Երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Օսիայի գազի տնտեսության վերականգնումը, որն ավերվել է մարտական գործողությունների ընթացքում, ընդ որում, առանձնակի ուշադրություն է դարձվել Հյուսիսային Օսիայից Հարավային Օսիա ձգվող նոր գազամուղի շինարարության հարցին, ասված է հաղորդագրության մեջ:

Հարավային Օսիայի սպառողներին բնական գազի մատակարարումը սկսվել է 2009 թվականի հունվարի 24-ին: Ներկայումս հանրապետության միակ գազիֆիկացված բնակավայրը Ցխինվալն է: Քաղաքին գազի մատակարարումն իրականացնում է «Իտերա Վրաստան» ընկերությունը: 2008 թվականի օգոստոսից «Գազպրոմը» Հարավային Օսիայի գազի տնտեսության վերականգնման աշխատանքներ է կատարում: