«Գորբաչովը» վերադառնում է

11/02/2009

Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին մտադիր է առաջադրվել հունիսին կայանալիք նախագահական ընտրություններում: Խաթամին, որին համաշխարհային մամուլը, ըստ «Ազատության», հաճախ անվանում էր՝ «Իրանական Գորբաչով», երեկ, իր բնորոշմամբ`«ամենայն լրջությամբ» հայտարարել է թեկնածությունն առաջադրելու որոշման մասին: Ակնկալվում է, որ ընտրություններում նրա հիմնական մրցակիցը կլինի Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Չափավոր հայացքների տեր քաղաքական գործիչ համարվող Խաթամին երկիրը գլխավորում էր 1997-2005 թվականներին`մինչեւ Ահմադինեջադի իշխանության գալը: Վերլուծաբանների եւ լրագրողների մի մասը բարձր է գնահատում նախկին նախագահի վերընտրվելու հնարավորությունները: «Ընտրություններից 4-5 ամիս առաջ անցկացվող հարցումները վկայում են, որ Խաթամիի վարկանիշն ավելի բարձր է, քան նրա պահպանողական մրցակցինը: Նա Ահմադինեջադից երկու անգամ ավելի մեծ համակրանք է վայելում»,- «Ազատությանն» ասել է Խաթամիի ղեկավարմամբ գործող մշակութային կազմակերպության խոսնակ Իսա Սահարիզը:

Այլ վերլուծաբաններ ու լրագրողներ հակված են ենթադրել, որ Խաթամին հաղթելու բարձր շանսեր ունի, բայց, հավանաբար, կհանդիպի շիիթական հոգեւորականության եւ զինվորականության պահպանողական զանգվածի լուրջ դիմադրությանը: Իրանում նաեւ քիչ չէ այն մարդկանց թիվը, ովքեր նախկին նախագահին մեղադրում են երկիրը ղեկավարելու տարիներին անկայունության, անհետեւողականության եւ Այաթոլլա Ալի Խամենեի հիմնած քաղաքական համակարգին վերջ չտալու համար: «Պաշտոնավարման 8 տարիների ընթացքում մենք տեսնում էինք, թե նա ինչպես է գնում զիջումների: Զիջում էր նույնիսկ այն դեպքերում, երբ զիջումներն անտեղի էին եւ վնասում էին քաղաքական բարեփոխումներին»,- ասել է Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ֆաթեմե Հաղիղաջուն: Բացի Մոհամմադ Խաթամիից, հունիսյան ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին հայտարարել են եւս երկու քաղաքական գործիչներ` Իրանի Ներքին գործերի նախկին նախարար Մուստաֆա Փուր Մահամմադին եւ Ռեֆորմիստական կուսակցության ղեկավար Մեհդի Քյարուբբին: Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը դեռ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն նրա օգնականը տեղեկացրել է երկրորդ ժամկետում առաջադրվելու` Ահմադինեջադի ծրագրերի մասին: Արեւմտյան վերլուծաբանների կարծիքով՝ այս ընտրություններից մեծապես կախված է ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունների կարգավորման ճակատագիրը` որի անհրաժեշտության մասին բազմիցս է հայտարարել Բարաք Օբամայի նոր վարչակազմը: Հայտնի է, որ Մոհամմադ Խաթամիի պաշտոնավարման շրջանում Իրանի եւ Արեւմուտքի հարաբերություններում որոշակի բարելավում էր նկատվում, սակայն Խաթամիին հաջորդած Ահմադինեջադն աչքի ընկավ ընդգծված հակաարեւմտյան, հակաամերիկյան եւ հակահրեական դիրքորոշմամբ: