«Էլեկտրոնային» մետրո

11/02/2009

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում փետրվարի 14-ից կներդրվի ուղեվարձի գանձման նոր ավտոմատ համակարգ: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում տեղեկացրել է մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Փայլակ Յայլոյանը, ըստ որի, համակարգն ուղեւորներին հնարավորություն կտա երթեւեկել նոր ժետոններով եւ էլեկտրոնային քարտերով: Դրանց վաճառքը կսկսվի փետրվարի 14-ից: Ուղեւորն իր ցանկությամբ մետրոպոլիտենի բոլոր դրամարկղերում կարող է լիցքավորել քարտը` տարվա ընթացքում օգտագործելու համար: Ըստ Փ.Յայլոյանի, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում նոր տիպի հսկիչ անցակետերի տեղադրման աշխատանքներն արդեն ավարտվել են, մյուս կայարաններում այսօրվա դրությամբ դրանք տեղադրված են 50 տոկոսով: Նախատեսվում է այդ աշխատանքներն ավարտել մինչեւ փետրվարի 14-ը: Հին անցակետերը մինչեւ մարտի 1-ը կպահպանվեն, քանի որ կլինեն ուղեւորներ, ովքեր հին ժետոններ կունենան: Արտոնություններ ունեցողները համապատասխան վկայականներով նախկինի պես կօգտվեն դրանցից: Սակայն այդ ուղղությամբ դեռեւս համապատասխան ճշգրտումներ պետք է իրականացվեն: Մետրոպոլիտենի տնօրենը հավաստիացրել է, որ նոր համակարգի ներդրումը չի ենթադրում ուղեվարձի թանկացում: Չնայած ուղեվարձի գանձման ավտոմատ համակարգի ներդրմամբ մարդկային գործոնը 100 տոկոսով բացառվելու է, այդուհանդերձ, մետրոպոլիտենի աշխատակիցների թվի կրճատում նույնպես չի նախատեսվում: