Երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների հետ զրուցելը շատ հաճելի է: Նրանք ինֆորմացված ու զգայուն էքսպերիմենտատորներ են, որոնք կարող են մեծ ոգեւորությամբ խոսել հայկական ժողովրդական երգերի բառերի տիեզերական իմաստի մասին, կամ էլ երգելով որեւէ երգի հատված` ցուցադրել, թե որտեղ է ավարտվում «մաքուր» ու բյուրեղյա մեղեդին, եւ որտեղ է սկսվում այդ մեղեդու երանգավորումների «ծուռ» ճամփան, որն ունկնդրին շեղում է նախասկզբային պարզությունից։
Անուշը վստահ է, որ պարզին հասնելն ամենաբարդ ճանապարհն է: «Կոմիտասի պարզությունն, օրինակ, այնքան խորն է, որ նույնիսկ վախենում ես նրան մոտենալ: Մենք հիմա Կոմիտասին որպես ողբերգական կերպար ենք ընկալում, բայց իրականում նա շատ կատակասեր մարդ է եղել, եւ նրա աչքերը միշտ ծիծաղում էին: Մարդիկ, որոնք շփվել են Կոմիտասի հետ, նրան նույնիսկ «խելառ» են անվանել, քանի որ նա կարող էր կես ժամ շարունակ որեւէ կատակի վրա ծիծաղել ու շատ էր սիրում խաղալ երեխաների հետ: Կոմիտասը կենդանի մարդ էր, որից մենք շատ բան ունենք սովորելու: Ամենաթանկը հենց նրա կենդանի պարզությունն էր»,- ասում է նա:
Ինգան եւ Անուշը երաժշտությունն ընկալում են որպես հսկայական պատմական ու մշակութային մի շերտ, որի հետ պետք է շատ խնամքով ու զգույշ վարվել: Սակայն այդ մոտեցումը բնավ էլ չի բացառում համարձակությունը, որն առկա է քույրերի բոլոր երաժշտական մշակումներում: «Մարդը պիտի այնպիսի երաժշտություն գտնի, որի մեջ իրեն հարմարավետ է զգում։ Հասկանում եք, ներդաշնակությունը չի կարող «դրսից» քեզ պարտադրվել, դրան դու պետք է ինքդ հասնես` ուսումնասիրելով քո արմատները։ Լինելով Երեւան քաղաքի «պրոդուկտ»` մենք չենք կարող երգել այն «մաքուր» ֆոլկլորային երգերը, որոնք պահպանվել են Հայաստանի գյուղերում, դա մեզ համար կեղծ կլինի, քանի որ մենք այլ ենք: Մեր երգերի մեջ անպայման տեղ են գտնում այն երգերը, որոնք մենք մանկուց լսել ենք, մեր կարդացած գրքերն ու դիտած ֆիլմերը, մեր քաղաքն ու մեր ընկերները, մեր առօրյայի ռիթմերը: Եվ մենք փորձում ենք մեր երգերում փոխանցել այսօրվա էներգիան, կյանքը, այսօրվա ինֆորմացիան: Կարեւոր չէ, թե ո՞ր երաժշտական ժանրում ես ստեղծագործում, կարեւորը «կենդանի» երգ գտնելն է»,- ասում է Անուշը:
Հիմնականում նրանք երգում են իրենց ստեղծած երաժշտական կոմպոզիցիաները: Բառերն էլ են գրում, գործիքավորմանն էլ են մասնակցում: Ինգա եւ Անուշ Արշակյաններն ընդհանրապես շատ բծախնդիր են իրենց աշխատանքին մոտենում։ Նույնիսկ, եթե աշխատում են պրոֆեսիոնալ գործիքավորողների հետ, իրենց խոսքերով ասած` այնքան են «ազդում նրանց նյարդերի վրա», մինչեւ ստանում են ցանկացած արդյունքը, այսինքն` մինչ երգի ֆորման արձագանք է գտնում նրանց սեփական մտքերում։
Մեկ տարի առաջ քույրերը միտումնավոր լռեցին, քանի որ հասկացան, որ եկել է լիցքավորվելու ժամանակը։ Եվ կրկին սուզվելով իրենց սիրելի ֆոլկլորի մեջ, դուրս հանեցին իրենց նոր` ռոքային հնչերագներն ու ավելի զուսպ ու օրիգինալ բեմական կերպարները: Հիմա նրանք արդեն իրենց նոր պրոդյուսերի` «Շարմ» ընկերության հետ միանգամից երկու տեսահոլովակներ են նկարահանել ու պատրաստվում են թողարկել «Գութան» ալբոմը: Նրանք ուրախ են, որ այլեւս միայնակ չեն, որ «Շարմի» թիմի անդամ են:
«Մի քանի տարի առաջ գտել էինք մեզ բնութագրող ասոցիատիվ շարքը (տարազ, թոնիր, լավաշ), իսկ հիմա որոշեցինք մեզ համար ստերեոտիպային դարձած այդ կերպարը քանդել։ Մենք զգացինք, որ ռոքը հիմա ավելի ներդաշնակ է մեր հոգեվիճակին։ Նոր երգերի մեջ, օրինակ, օգտագործեցինք թավջութակ, որը քոչարի է նվագում։ Թվում է, որ այդպես չի կարող լինել, բայց մեզ համար այդ երաժշտական գործիքը շատ առնական հնչողություն ունի ու կարողանում է ճիշտ փոխանցել այդ պարի առնական ոգին»,- ասում է Անուշը։
Նրանց նոր երգերում եւ՛ ժողովրդական երգերի պարզություն, եւ՛ ռոքին հատուկ ըմբոստություն, եւ՛ յուրատեսակ հումոր կա: «Հայկական ոգի ասածը չի կարելի քառակուսու մեջ տեղավորել ու ասել՝ ահա, սա է մեր ազգայինը։ Հայկական ոգին ազատությունն է, որը նուրբ քամու նման փոխանցում են ազգային մեղեդիները։ Իսկ մենք էլ այդ ազատ ոգին փորձում ենք բեմից փոխանցել հանդիսատեսին»։
Ինգա եւ Անուշ Արշակյանների համար ռոքը ոչ այնքան բողոք է, որքան՝ ճշմարտության որոնում։ «Պատկերավոր ասած, ճշմարտությունը մի վայրի ու ազատ կենդանի է, որին վանդակի մեջ փակելով՝ ստիպում ենք նրան ցույց տալ իր «ատամները»։ Եվ այդ դեպքում կենդանու մոտ անպայման տգեղ ագեսիա է հայտնվում։ Իսկ մենք ուզում ենք այդ բանտարկված կենդանու վարքագծի մեջ ոչ թե ագրեսիա տեսնել, այլ՝ հիշել այն ժամանակները, երբ նա գեղեցիկ, անկախ ու ազատ էր։ Անկախությունը միշտ գեղեցիկ է»,- ասում է Անուշը:
Քույրերի ստեղծած երգերը «էքսկլյուզիվ ապրանք» են: Նրանք «քսերոքս» արված հեղինակներ չեն, նրանց թիկունքում հարուստ անցյալն է, եւ հենց դրա շնորհիվ էլ` նրանք ժամանակակից են: «Երաժշտության նկատմամբ ստեղծված «մաքդոնալդսային» մոտեցումը, կարծում եմ, շատ պարզ բացատրություն ունի. որոշ մարդիկ գտել են հաջողության բանաձեւը, եւ մյուսներն էլ՝ առանց լուրջ վերլուծելու` հետեւում են այդ բանաձեւին, քանի որ այդպես ավելի հեշտ է։ Եվ սկսում են նույնանման երգեր ու կերպարներ ի հայտ գալ»,- ասում է Ինգան։
«Եվրատեսիլ» երգի մրցույթի նախնական փուլին Ինգա եւ Անուշ Արշակյանները ներկայացնելու են նոր երգ։ Մի քանի ամիս հետո Մոսկվայում տեղի ունեցող այդ մրցույթի ուղեգիր ստանալու համար նրանց հետ պայքարելու են Արամեն, Տիգրան Պետրոսյանը, Մհերը (ընդհանուր` 20 մասնակից):
«Եվրատեսիլի» կազմակերպիչը՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ այս տարի հաղթողին կորոշեն ոչ թե ժյուրիի անդամները, այլ՝ այս կամ այն մասնակցի օգտին տրված «sms»-ների քանակը։ Փետրվարի 14-ին կհաշվարկվեն հաղորդագրություններն ու կհայտարարվի մեր հանրապետությունը ներկայացնող երգն ու կատարողը։
Եվ որքան էլ որ հիշատակեն, թե «Եվրատեսիլը» ոչ թե երգիչների, այլ՝ երգերի մրցույթ է, միեւնույն է, երգչի անձը երգից կարեւոր է, քանի որ երգերը հատուկ որեւէ կատարողի համար են գրվում։ Երբեք հակառակը չի եղել, այսինքն՝ չի ներկայացվել «անդեմ» երգը, որի հաղթելուց հետո միայն փնտրվել է այն լավագույնս կատարելու ունակ երգիչը։ Եվ բոլորը կհամաձայնեն, որ Ինգան եւ Անուշն այն երգիչներից են, որոնք կարող են ամեն բան երգել։ Նրանք նաեւ այն հազվադեպ կատարողներից են, որոնք միայն կենդանի են երգում, եւ առանց երաժշտական ուղեկցության էլ (որը կարող է հարթեցնել ձայնային թերությունները) կարող են կրքոտ ու էլեգանտ կերպով փոխանցել երգի դրամատուրգիան: Նրանք Հայաստանը ներկայացնող ամենալավ թեկնածուներն են, քանի որ լուրջ, ինքնատիպ ու խելացի անձնավորություններ են: Վերջիվերջո, հերիք է ներկայանանք միայն որպես «փոփ» երկիր, չէ՞ որ կարող ենք ավելի հիշվող ու լուրջ կերպար ուղարկել եվրոպական երգի մրցույթին:
«Ի՞նչ է տալիս «Եվրատեսիլի» բեմում երգելը» հարցին քույրերը պատասխանում են. «Եվրատեսիլը» հետաքրքիր դարձավ հատկապես փոքր պետությունների մասնակցության շնորհիվ։ Մրցույթը «պատուհան» է. այդպես են համարում բոլոր փոքր պետությունները, որոնք հույս ունեն մի օր հաղթել այդ մրցույթում ու անընդհատ նոր կերպ են փորձում ներկայանալ։ Եվ քանի որ հիմա աշխարհում «փոփ» երաժշտության անկում է նկատվում, յուրաքանչյուր նոր բան պիտի էթնո տարրեր կրի»։
Դեպի Եվրոպա պատուհան «ճեղքելու» ուղիներ փնտրելու մասին Անուշ Արշակյանը շատ հետաքրքիր է մտորում. «Որքա՞ն կարելի է սեփական յուղի մեջ տապակվել ու իրար ասել, որ ամենագեղեցիկը մերն է։ Ժամանակն է մերն իսկապես «դուրս» հանել ու ապացուցել, որ հարուստ ենք ոչ միայն անցյալով, այլեւ՝ ներկայով: Եթե մեզ համար մեր ավանդական գաթան ու փախլավան շատ հարազատ ու սիրելի են, ապա մենք չենք կարող պարտադրել, որ դրանք նույն կերպ սիրելի դառնան նաեւ ողջ աշխարհի համար։ Բոլորը հիմա «մաքդոնալդսի» համբուրգերների պահանջ ունեն։ Իսկ մենք հիմա պիտի այդ համբուրգերի մեջ մեր ազգային «միջուկը» տեղադրենք, որպեսզի բոլորը զգան, որ ֆորման իրենց ծանոթ է, բայց համը փոքր-ինչ տարբեր է»: Ինգան հիշում է, որ իրեն շատ էր ցնցել Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի այն հատվածը, որտեղ հայ կանայք փախլավա են թխում. «Կանայք ջանք ու հոգի են դնում այդ փախլավայի մեջ, պատրաստման բոլոր կանոնները պահպանում են, բայց ֆրանսիացիներին այդ փախլավան պետք չի լինում»:
Ինգա եւ Անուշ Արշակյանները կարող են գտնել այն շահեկան ռիթմիկ «բանալին», որի օգնությամբ յուրաքանչյուր երգ անմոռաց է դառնում: Նրանք «ընդունված» ֆորմատի մեջ չեն ներփակվում, այլ` ընդհակառակը` իրենք են «ֆորմատ» ստեղծում: Եվ այդ «ֆորմատի» մեջ շատ ներդաշնակ տեղավորում են էթնիկ մեղեդիները, ժամանակակից արագընթաց ռիթմերն ու քնքուշ միամտությունը: Անուշն ասում է. «Հայկական ժողովրդական երգերում այսպիսի խոսքեր կան. «Կգա իմ յարը, ճակատին ծաղկի շաղը»: Տեսնո՞ւմ եք, որքան պարզ ու գեղեցիկ բառեր են: Երբ սիրում ես, սիրած մարդու քրտինքը քեզ առավոտվա շաղ է թվում: Այդ բառերը մենք օգտագործեցինք մեր ռոքային երգում` փոխանցելու համար այդ տիեզերական սերը, որը կա հայկական երգերում»: