Ռուսաստանյան «Էքսպերտ» ամսագրի եւ «Նեզավիսիմայա գազետա» թերթի
Վրաստանի հատուկ թղթակից Յուրի Սիմոնյանի հետ մեր զրույցը հետաքրքիր է այն
առումով, թե ոչ վրացական լրատվամիջոցի լրագրողն ինչպես է ներկայացնում
Վարդերի հեղափոխությունից հետո ստեղծված այսօրվա իրավիճակը Վրաստանում:
– «Վարդերի հեղափոխության» ժամանակ ժողովուրդը որքանո՞վ էր զգում, որ
դա հեղափոխություն է: Ավելի քաղաքականացված մասը, օրինակ՝ լրագրողները,
զգո՞ւմ էին, որ կլինի այդ հեղափոխությունը, թե՞ դա, այսպես ասած, ինքն
իրեն եղավ:
– Սկզբում առանձնահատուկ որեւէ բան չկար, եւ եթե իշխանություններն այդքան
կոպիտ չխոչընդոտեին Զուրաբ Ժվանիայի եւ Նինո Բուրջանաձեի «Միավորված
ժողովրդավարներ» դաշինքին, հնարավոր է՝ այդ պոռթկումը չլիներ: Սկզբում
ժողովուրդը դուրս եկավ փողոց, որը, թվում էր, փոքր ալիք է, եւ
իշխանությունները կկարողանային վերահսկել իրավիճակը: Սակայն տեղի ունեցավ
այն, ինչ տեղի ունեցավ: Ինչ վերաբերում է մամուլին, ապա մամուլի,
մասնավորապես՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերից կարելի էր տանը
նստած ամբողջությամբ պատկերացնել, թե ինչ է կատարվում, քանի որ բոլոր
հույզերն արտահայտվում էին հաղորդավարների, լրագրողների դեմքին: Անգամ
նրանց ձայնից կարելի էր հասկանալ՝ ընդդիմության գործերն այդ պահին լա՞վ
են, թե՞ վատ: ԶԼՄ-ների մեծ մասը պաշտպանում էր ընդդիմությանը:
– Իսկ «ամերիկյան ձեռքի» ներկայությունը զգացվո՞ւմ էր:
– Վրաստանում կատարվող իրադարձությունների նկատմամբ Վաշինգտոնի
հետաքրքրության ամենավառ ապացույցն այն էր, որ Շեւարդնաձեն փորձում էր
կապվել Բեյքերի հետ: Դրան նախորդել էր Բեյքերի հայտնի նամակը
Շեւարդնաձեին: Իսկ հրաժարականից մի քանի օր առաջ Շեւարդնաձեն արդեն
հրաժարվեց անգամ Բեյքերի հետ հեռախոսազրույցից:
– Իսկ ֆինանսական աջակցությո՞ւնը:
– Ես, համենայնդեպս, որեւէ ցուցարարի չեմ հանդիպել, որն ասեր, որ
հանրահավաքներին մասնակցում է ինչ-որ փողի դիմաց: Հետագայում, իհարկե,
խոսակցություններ տարածվեցին, որ «Քմարա» երիտասարդական կազմակերպությունը
ֆինանսավորվում էր Սորոսի հիմնադրամի կողմից, բայց դրա վերաբերյալ որեւէ
փաստական ապացույց չկա:
– Իսկ ինչպիսի՞ն է հետհեղափոխական իրավիճակը:
– Իհարկե, հեղափոխական էյֆորիան անցել է: Մարդիկ հիմա հարցնում են՝
իշխանությունները փոխվեցին, բայց ի՞նչ են անում: Իհարկե, նոր
կառավարությունը մարեց աշխատավարձերի, թոշակների նախկին պարտքերը,
բարձրացրեց կենսաթոշակները, բյուջետային համակարգի աշխատավարձերը (իհարկե՝
կրճատումների հաշվին), պայքարում է կոռուպցիայի դեմ: Սկզբում տեղի ունեցան
նախկին պաշտոնյաների լայնածավալ ձերբակալություններ, սակայն հետո նրանք
վճարելով որոշակի գումարներ ազատ արձակվեցին: Դա, իհարկե, հակասում էր
ժողովրդավարության նորմերին, օրենսդրությանը, քանի որ վերադարձված
գումարները չնայած մուտք էին արվում բյուջե, սակայն անգամ հնարավոր չէր
որեւէ կերպ ձեւակերպել: Իհարկե, չնայած դրան, Սահակաշվիլիի ամենամեծ
ձեռքբերումն այն էր, որ նրան հաջողվեց Արեւմուտքի առաջ վերականգնել
Վրաստանի վարկաբեկված հեղինակությունը:
Չնայած հասարակության մեջ կան նաեւ հիասթափության նշաններ, սակայն
բարեփոխումներ կատարվում են: Զգալիորեն մեծացել է պետական բյուջեն՝
ստվերային տնտեսությունն օրինական դաշտ բերելու, արտասահմանյան
դրամաշնորհների շնորհիվ, բարելավվել են բիզնեսի, ներդրումների պայմանները:
Սակայն այս քայլերի արդյունքները դեռեւս տեսանելի չեն:
Իհարկե, կան նաեւ բազմաթիվ խնդիրներ՝ Աբխազիան, Օսեթիան, որոնց շուրջ
բանակցություններ եթե լինում էլ են, դեռեւս արդյունք չեն տալիս:
– Վրաստանի ժողովուրդն այսօր իրեն զգո՞ւմ է ավելի ազատ, ավելի ժողովրդավարական երկրում:
– Իհարկե, Վրաստանը բավականաչափ ազատ է, դրան գումարած՝ պաշտոնական
Թբիլիսիի հաջողությունները ռուսական զորքերի դուրսբերման վերաբերյալ
Մոսկվայի հետ բանակցություններում:
Միաժամանակ ազատությունը ենթադրում է նաեւ ընդդիմադիր տեսակետների
առկայություն: Մինչդեռ այսօր Վրաստանում չկան իրական ընդդիմադիր ուժեր:
Կան, իհարկե, փոքրաթիվ կուսակցություններ, հոսանքներ, որոնց սակայն լուրջ
վերաբերվել չի կարելի: Շատ ավելի վատ է, որ գործնականում վերացել է
ընդդիմադիր մամուլը: Լրագրողները դարձել են նույն հեղափոխության
պատանդները, քանի որ այն ժամանակ անվերապահորեն պաշտպանում էին
հեղափոխական ուժերին: Նրանք քարոզում էին իշխանության բերել մարդկանց,
որոնց մոտ էլ շատ բաներ այսօր այնպես չեն ստացվում: Մյուս կողմից,
ԶԼՄ-ների սեփականատերերը չեն ուզում իրենց հարաբերությունները փչացնել
իշխանությունների հետ: Այդ պատճառով հեռուստաալիքներում գործնականում
բացակայում է իշխանությունների հասցեին քննադատությունը: Մինչդեռ, շատ
հարցերում, միանշանակ քննադատելու պատճառներ կան: Դրան, իհարկե, պետք է
գումարել իշխանությունների ցինիկ պահվածքը: Նրանք դեռեւս բացարձակապես
վստահ են իրենց անմեղության մեջ եւ արհամարհում են ցանկացած քննադատական
հրապարակում կամ քաղաքական գործչի ելույթ: Հնարավոր է՝ դա անմեղ
մոլորություն է:
– Իսկ ժողովրդի մեջ արտահայտվո՞ւմ է իշխանություններից դժգոհությունը:
– Այո, այդպիսի տրամադրություններ արդեն նկատվում են: Մարդիկ ձեւակերպում
են իրենց դժգոհությունը. ժողովուրդը չստացավ այն, ինչ ուզում էր:
Բարձրացրին կենսաթոշակները, բայց գները նույնպես աճեցին, երիտասարդության
համար սոցիալական եւ նյութական վիճակը նույնպես կարեւոր է, եւ ինչ-որ
գաղափարի համար նրանք չեն ցանկանում այդ վիճակը երկար հանդուրժել: Դա
հասկանում է նաեւ Միխայիլ Սահակաշվիլին. վերջերս տված հարցազրույցում նա
ասել էր, որ չի բացառում իր վաղաժամ հրաժարականը: Սահակաշվիլին ընդունում
է նաեւ, որ բարեփոխումներն ընթանում են ոչ այն արագությամբ, ինչպես ինքն
էր ցանկանում, եւ ինքը պատրաստ է նրան, որ մի օր ժողովուրդը կարող է
բողոքի ակցիաներ սկսել: Դա անուղղակիորեն հաստատում է նաեւ այն
հանգամանքը, որ զգալիորեն նվազել է Վրաստանի նախագահի վարկանիշը: Երբ նա
ընտրվեց նախագահի պաշտոնում, նրա վարկանիշը մոտ էր 90 տոկոսին, իսկ այսօր
60 տոկոսից ցածր է: