«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ քննարկել հիմնախնդրի լուծման հետագա քայլերը»,- երեկ «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` տեղեկացնելով, որ փետրվարի վերջին-մարտի սկզբին միջնորդները կրկին կայցելեն տարածաշրջան: Նա անդրադարձել է նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համատեղ ռազմական ուժերի ստեղծմանը` նշելով, որ դա չի ազդի ԼՂ խնդրի լուծման բանակցությունների վրա: «Մենք ՀԱՊԿ համատեղ ռազմական ուժեր ստեղծելու ոչ մի մանրամասնություն չգիտենք, բացի ՀԱՊԿ շրջանակներում արագ արձագանքման ուժեր ստեղծելու պլանների մասին նախնական զեկույցից»,- ասել է Բրայզան: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրները պայմանավորվել են ահաբեկչության եւ այլ սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով ընդհանուր ուժեր ստեղծել, ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն դեռ չի արձագանքել համագործակցության կոչերին: Ըստ Բրայզայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս ու ֆրանսիացի համանախագահները հաջողությամբ աշխատում են ինչպես միմյանց, այնպես էլ հակամարտող կողմերի հետ: «Դա իր արտահայտությունն է գտել դրական դինամիկայում, որն ի հայտ է եկել վերջերս՝ հունվարի 28-ին, Ցյուրիխում ՀՀ ու Ադրբեջանի նախագահներ Սարգսյանի ու Ալիեւի հանդիպման ժամանակ»,- ասել է նա: