Երեկ ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը լրագրողներին փորձում էր համոզել, որ Ամանորին ՕԵԿ-ական պատգամավորները մեկնել են Դուբայ ոչ թե հանգստանալու, այլ` իրենց «հերթական կառույցն այնտեղ ստեղծելու նպատակով»: Հարցին, թե ի՞նչ ծրագրի շրջանակներում են իրենք Դուբայի ամենաթանկ հյուրանոցում մնացել, եւ արդյոք ո՞չ պետբյուջեի միջոցներով` Հ. Բիշարյանը պատասխանեց. «Որեւէ կուսակցություն պետբյուջեի հաշվին որեւէ տեղ չի գնում: Կարծում եմ, շատ մարդիկ, կուսակցություններ դրսում են լինում, բայց քննարկման չի ենթարկվում` ով ուր եւ ինչու է գնում: Այո, ՕԵԿ-ն իր նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ մեկնել էր Դուբայ, եւ սա մեր հերթական հանդիպումն էր դրսի հայկական համայնքի հետ: Կարծում եմ` այստեղ որեւէ արտառոց բան չկա, թե ինչպիսի հյուրանոցում, ովքեր էին գնացել»: ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հավելեց. «Մենք մեր աշխատավարձով տոմս ենք գնել եւ գնացել ենք մեր հերթական կառույցը բացելու Դուբայում»: «Դուբայում «Օրինաց երկիր» կուսակցությո՞ւն ե՞ք ստեղծում» հարցին Հ. Մարգարյանը պատասխանեց. «Մեր քաղաքական ուժին հարող հասարակական կազմակերպություն, որն այնտեղ կրում է մեր գաղափարախոսությունը»: ՕԵԿ պատգամավորների «պարզաբանումները», մեղմ ասած, արժանահավատ չեն, քանի որ Ամանորին ոչ ոք գործնական հանդիպումներ, այն էլ` Դուբայում, չի ունենում: