Պարտավոր է քայլեր անել

08/02/2009

«ԵԽ-ն, հիմնականում, չի դավաճանում իր սկզբունքներին, նա նորից Հայաստանի իշխանություններին պահում է իր մոնիտորինգի տակ եւ, տալով ժամանակ Հայաստանի իշխանություններին` նրանցից ակնկալում է առաջընթաց», – «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ ասել է Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: «Ես ուզում եմ հավատալ, որ իշխանությունները, ի վերջո, բանական իշխանություններ են, եւ նրանք էլ են գիտակցում, որ նման մթնոլորտում, նման իրավիճակում այս երկրում հնարավոր չէ շարունակել: Իշխանությունները պատասխան են տալու եւ պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար, եւ նրանք պարտավոր են քայլեր անել»,- ասել է Հ. Հովհաննիսյանը: «Ամեն դեպքում, մենք մեր պայքարը շարունակելու ենք, պայքարելու ենք հանուն ազատության, հանուն ժողովրդավարության վերականգնման: Այս գործում, եթե իշխանությունը ցանկություն ունի, եւ երկրի ապագան, պետության ապագան նրանց համար թանկ է ու կարեւոր, ես կարծում եմ, նրանք կարող են լինել մեզ նաեւ գործընկեր, որպեսզի երկխոսությունը սկսվի եւ շարունակվի: Հակառակ դեպքում կխորանա այն անջրպետը, որը գոյություն ունի այսօր իշխանության եւ հասարակության միջեւ»,- եզրափակել է նա: