Մեկ տարի առաջ հրդեհից ամբողջությամբ վառվեց Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Արդարադատության նախարարության շենքը: Նախարարությունը տեղափոխվեց Հալաբյան 41-Ա հասցեում գտնվող Հարկադիր ակտերի կատարման ծառայության շենք: Իսկ ո՞ր գերատեսչությանն է այժմ պատկանում հրդեհված շենքի տարածքը: Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ համարներից մեկում, վառված շենքի տարածքը ցանկանում է գնել բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանը: «2008թ. փետրվարի 9-ի դրությամբ (մինչեւ վարչական շենքի հրդեհվելը) Արդարադատության նախարարության վարչական շենքը եւ հողակտորը, որի վրա գտնվել է շենքը, եղել եւ այժմ էլ մնացել է Արդարադատության նախարարության հաշվեկշռում»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ գրել է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ նախարարությունը գտնվում է Վ.Մանուկյանին պատկանող «Սեւան» հյուրանոցի անմիջական հարեւանությամբ, եւ հնարավոր է` գործարարը ցանկանում է ձեռք բերել այդ տարածքը՝ այն ավելի մեծացնելու նպատակով: Մեր ունեցած տեղեկություններով, այդ տարածքը, ի վերջո, գնելու է Վ.Մանուկյանը: Հատկապես, որ Արդարադատության նախարարության համար նոր շենք է կառուցվելու բոլորովին այլ վայրում` կառավարության թիվ 1 շենքի բակում: ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 11-ի «Երեւան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1 շենքի բակում վարչական շենքի կառուցման ներդրումային ծրագիրն իրականացնելու մասին» թիվ 1498-Ա որոշման համաձայն, Երեւանի քաղաքապետը պետք է պայմանագիր կնքի ինչ-որ «Բարայ Դեւելոփմընթ» ՍՊԸ-ի հետ տվյալ վայրում նախարարության համար բազմահարկ շենք կառուցելու նպատակով: Նախարարության մամուլի ծառայությունը նաեւ տեղեկացնում է, որ շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2009թ. մայիսին: Հատկանշական է, որ կառավարությունն իր այս որոշմամբ արդեն արձանագրել է, որ նախարարության վարչական շենքն անպայման պետք է կառուցի «Բարայ Դեւելոփմընթ» ընկերությունը: Այսինքն՝ այլընտրանքի հնարավորություն չի թողել: Մինչդեռ նման դեպքերում պետք է մրցույթ հայտարարել եւ ընտրել լավագույն պայմաններն առաջարկող ընկերությանը: Սակայն մեր կառավարությանը, ինչպես ցույց է տվել փորձը, ոչ թե լավագույն պայմաններն են հետաքրքրում, այլ պետական փողերով իրականացվելիք այս կամ այն պատվերը կատարողի ով լինելը: Թե կոնկրետ ում է պատկանում «Բարայ Դեւելոփմընթը», առայժմ ճշտել չհաջողվեց: