Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց փետրվարի 1-4-ն աղեստամոքսային գանգատներով դիմել է 13 մարդ: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը, ըստ որի՝ հիմնական դիմողները երեխաներ են, հիվանդների վիճակը գնահատվում է կայուն: Երեկ հիվանդանոց նման գանգատներով մարդիկ չեն դիմել: ՀՀ Առողջապահության Նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը նշել է, որ իրավիճակը չի դիտարկվում որպես համաճարակ: Առողջապահության նախարարության աշխատանքային խումբը եղել է Վանաձորում, ուսումնասիրել է իրավիճակը եւ պարզել, որ այնտեղ բռնկում չկա: «Մենք արագ արձագանքել ենք, այնտեղ իրավիճակը ներկայումս կայուն է եւ վերահսկելի: Անհանգստանալու կարիք չկա»,- ասել է Լ. Ավետիսյանը: Հարցին` ո՞րն է հիվանդացությունների պատճառը, Լ. Ավետիսյանը պատասխանել է, որ այն կենցաղային բնույթի կարող է լինել` երեխաները շատ են հողի հետ խաղում, չեն լվացվում, եւ հարուցիչները սննդի միջոցով ներթափանցում են օրգանիզմ: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի տեղեկացմամբ, Վանաձորում ուսումնասիրվել է նաեւ ջուրը եւ ոչ մի բացասական տվյալներ չեն ստացվել: Այս անգամ եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեն, եւ Առողջապահության նախարարությունը համակարծիք են, որ պատճառը ջուրը չէ: Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբից մամուլում մի քանի հրապարակումներ եղան Վանաձորում հնարավոր համաճարակի վերաբերյալ: