Ավիացիայի ոլորտում կատարվող անակնկալները շարունակում են մեզ զարմացնել:
Այդ «բարեփոխումներից» հաճախակի կրկնվողը տոմսերի թանկացումն է, մանավանդ
ամռանը: Մեր գործընկերներից մեկը պատմեց, որ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող
«Ավիատրանս» ավիատոմսերի վաճառքի կետում տոմսի գինը հարցնելիս վաճառողը
կոնկրետ թիվ չի ասում: Առանձին է ներկայացնում ավիավառելիքի եւ
օդանավակայանի տարբեր ծառայությունների արժեքները եւ բացատրում, որ իրենց
տոմսը թանկ չէ, վառելիքն ու հարկերն են թանկ:
Փորձեցինք տեղեկանալ, թե ինչ արժե Երեւան-Մոսկվա չվերթի տոմսը: Պարզվեց՝
երկու տարբեր գներ կան՝ 156 եւ 191 դոլար: Եթե տոմսը 7 օր շուտ ենք գնում՝
արժե 156 դոլար, բայց հետո մենք այն չենք կարող հետ տալ կամ փոխել: Իսկ
եթե 191 դոլարով ենք գնում, կարող ենք օգտվել այսպես ասած՝ որակական
վերոհիշյալ հատկանիշներից: Այս երեւույթն առկա է Երեւանի գրեթե բոլոր
տոմսարկղերում: Ու տպավորություն է ստեղծվում, թե տոմսի իրական արժեքը 156
դոլարին ավելի մոտ է, քան 191 դոլարին: 35 դոլարը կարծես թե վաճառողի
լրացուցիչ շահույթն է: «Արմավիայում» մեզ հետ չհամաձայնեցին:
– Գոյություն ունի միջինացված գին եւ հաշվի առնելով սպասարկման կամ այլ
որակական հատկանիշներ՝ տոմսի արժեքը կարող է տատանվել,- պատասխանեց
ընկերության լրատվության պատասխանատու Գարիկ Սիրոյանը:
– Իսկ ի՞նչ արժե տոմսն իրականում:
– Առեւտրային գաղտնիք է,- պատասխանեց նա:
Պատկերացնո՞ւմ եք, մտնում եք խանութ եւ հարցնում հեռուստացույցի կամ հացի
գինը, եւ ձեզ պատասխանում են, թե առեւտրային գաղտնիք է: Ու այդպես էլ
չասացին, թե իրականում ի՞նչ արժե Երեւան-Մոսկվա տոմսը: Գարիկ Սիրոյանն
ավելացրեց, թե 2004-2005թթ. ընթացքում ավիավառելիքի 1 տոննան 440 դոլարից
դարձել է 751 դոլար:
– Ես չեմ ասում, թե միջազգային շուկայում է այդքան թանկացել,- ասաց նա: -Մեր օդանավակայանից այդ գնով ենք լցնում:
Ու այսպես, ավիավառելիք ներկրող Միխայիլ Բաղդասարովն իր ապրանքը չափազանց
թանկ վաճառում է իրեն պատկանող «Արմավիային»: Շուկայական զարմանալի
հարաբերություններ են:
Առեւտրային գաղտնիքի՞, թե՞ շուկայական հարաբերությունների հետեւանք է նաեւ
ավիակասսաներում տարադրամի գործող փոխարժեքի կուրսը: Նախ՝ վճարումն
իրականացվում է դրամով: Շատ տոմսարկղերում գործում են նաեւ տարադրամի
փոխանակման կետեր: Ու եթե գնորդն ուզենա իր 191 դոլարը տեղում փոխել ու
վճարել, չեն ընդունի: Պարզվում է, ավիատոմսերի վաճառքի ցանցում գոյություն
ունի տարադրամի փոխանակման սեփական կուրսը, փոխանակման կետերում գործող
կուրսից մոտ 10 դրամ բարձր: «Ուրմիա» տոմսարկղում 1 դոլարը երեքշաբթի
հաշվում էին 454 դրամ, «Ռուսաստանի ավիաուղիներում»՝ 452 դրամ: Երբ
հարցրինք, թե դա ի՞նչ տարօրինակ կուրս է, «Ուրմիայի» տոմսավաճառը
պատասխանեց, թե ավիացիան է սահմանել, երեւի Քաղավիացիան նկատի ուներ:
Ամիրյան փողոցի վրա գտնվող «Ռուսաստանի ավիաուղիների» եւ «Արմավիայի»
տոմսավաճառներն էլ ասացին, թե իրենց փոխարժեքը Կենտրոնական բանկն (ԿԲ) է
սահմանում: Քաղավիացիայից ու ԿԲ-ից հերքեցին այս տեղեկատվությունը: Իսկ
Գարիկ Սիրոյանը բացատրեց, որ ավիաընկերությունները հիմք ընդունելով ԿԲ-ի
կուրսը՝ սահմանում են սեփական կուրսը: «Արմավիան» երեքշաբթի օրը դոլարը
հաշվում էր 448 դրամով, ԿԲ-ն սահմանել էր փոխարժեքային նույն կուրսը:
Սակայն փոխանակման կետերում եւ առեւտրային բանկերում դոլարի ընդունման
ամենաբարձր կուրսը 443 դրամ էր: Ուրեմն այդ կուրսը հաստատում են ոչ թե
տոմսարկղերում, այլ ավիաընկերություններում, ավելի ճիշտ՝ երկուստեք
փոխհամաձայնությամբ: Ստացվում է, որ ավիաընկերությունների սահմանած
կուրսով Երեւան-Մոսկվա տոմսի 191 դոլարին ավելանում է եւս 5-7 դոլար: Սա՝
մեկ տոմսի համար: Միայն այս չվերթով օրական մի քանի թռիչք է կատարվում, ու
պատկերացրեք, թե միայն դոլարի սեփական կուրսով ավիաընկերությունները եւ
տոմս վաճառող ընկերություններն օրական որքան գումար են շահում ժողովրդից,
դրան գումարած՝ նաեւ գնային նման տարօրինակ տարբերությունները: