Երեկ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները ստորագրահավաք են նախաձեռնել անձեռնմխելիությունից զրկված, քաղբանտարկյալ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի` ԱԺ նախագահին ուղղված նամակին միանալու եւ արտահերթ նիստ գումարելու համար: Ինչպես եւ կարելի էր սպասել, ստորագրահավաքին, բացի 3 քաղբանտարկյալ պատգամավորներից ու «Ժառանգության» անդամներից, միացել է ընդամենը երկու պատգամավոր` Վիկտոր Դալլաքյանը եւ Տիգրան Թորոսյանը` դեռեւս բանավոր: Իսկ ի՞նչ են պահանջում քաղբանտարկյալները` ԱԺ նիստ գումարել եւ հրավիրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որպեսզի վերջինս պատասխանի, թե ի՞նչ հիմքով են իրենց 11 ամիս պահում անազատության մեջ: Այս պահանջի մեջ ոչ «իշխանությունը բռնությամբ տապալելու», ոչ էլ «զանգվածային անկարգություններ» կազմակերպելու վտանգ չկա, եւ եթե իշխանությունը իսկապես կարծում է, որ նրանք «մեղավոր» են, ինչո՞ւ է խուսափում դա եւս մեկ անգամ «հաստատել» ԱԺ-ում. ընդ որում, եթե դատարանում դա չի կարողանում անել Մնացական Մարտիրոսյանը, ինչո՞ւ չեն ցանկանում, որ եւս մեկ անգամ ԱԺ-ում «իր մեղադրանքները հաստատի» իշխանության մեջ ազդեցիկ համարվող Աղվան Հովսեփյանը: Իսկ պատգամավորներն իրենց «կեցվածքը» պատճառաբանում են` «չենք ուզում միջամտել դատական պրոցեսին, թող դատարանը որոշի» շուտասելուկներով: Ընդ որում, գրեթե բոլոր այն պատգամավորները, ովքեր երեկ հրաժարվել են ստորագրել այդ նախաձեռնության տակ, ԱԺ կուլիսներում սրտաճմլիկ տեքստեր են ասում այն մասին, որ իրենք «հոգով-սրտով» իրենց գործընկերների հետ են: Սակայն, ստորագրում են, ինչպես հայտնի է, ոչ թե հոգու եւ սրտի, այլ անուն-ազգանվան դիմաց: Եթե, իհարկե, թույլատրված է: