«2008թ. Հայաստանի տնտեսությունը հիմնականում չկրեց համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները, այնուհանդերձ, տարեվերջին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի երկրորդային ազդեցություններն արտահայտվեցին տնտեսության իրական հատվածում` գցելով տնտեսական աճի տեմպը` շուրջ 3.9 տոկոսային կետով: Չնայած տարեվերջյան տնտեսության իրական հատվածի անբարենպաստ զարգացումներին, հարկային վարչարարության բարելավման շնորհիվ հաջողվել է ապահովել հարկային եկամուտների թիրախը` հնարավորություն ստեղծելով ժամանակին եւ ամբողջությամբ կատարել 2008թ. պետբյուջեով նախատեսված ծախսերը»,- ասված է ՀՀ Ֆինանսների նախարարության` 2008թ. ընթացքում կատարած աշխատանքների եւ դրանց արդյունքների մասին երեկ հրապարակած հաշվետվությունում: «ՀՀ տնտեսության բացասական հետեւանքները հիմնականում դրսեւորվել են ստացվող մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերի կրճատմամբ, գլոբալ տնտեսական աճի տեմպերի դանդաղեցմամբ պայմանավորված ՀՀ ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի նվազմամբ, ինչպես նաեւ Համաշխարհային շուկաներում հումքային ապրանքների գների նվազման արդյունքում մետաղների արտահանման կրճատմամբ»,- նշված է հաշվետվության մեջ: Նաեւ արձանագրված է, որ ՀՆԱ/հարկային եկամուտներ հարաբերակցությունը կազմել է 17 տոկոս: Այս ցուցանիշը 2007-ի համապատասխան տվյալից ավելի է 0.9 տոկոսով: Պետական բյուջեի ընդհանուր ծախսերը կազմել են 738.9 մլրդ դրամ` նախատեսված 769.7 մլրդ-ի փոխարեն: Ֆինանսների նախարարության կանխատեսումներով, պետական բյուջեի դեֆիցիտը չի գերազանցի ՀՆԱ 1.9 տոկոսը, մինչդեռ ծրագրված է եղել 2.1 տոկոս: Այս ցուցանիշի փոփոխությունը պայմանավորված է ծախսերի կրճատմամբ, ինչպես նաեւ` եկամուտների գերակատարմամբ: Հաշվետվության համաձայն` էականորեն բարելավվել է ՀՆԱ/արտաքին պարտք հարաբերակցության ցուցանիշը: 2007-ի 15.7 տոկոսի փոխարեն 2008-ի ավարտին այն եղել է 13.4 տոկոս: Այս ցուցանիշով ՀՀ-ն շարունակում է բարելավել իր դիրքերը ցածր հարկային բեռ ունեցող երկրների շարքում: Տարեվերջին ներքին պետական պարտքը կազմել է 92.3 մլրդ դրամ, ինչը հավասար է ՀՆԱ 2.5 տոկոսին: