Արդեն երկու օր է՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ԱԺ միջանցքներում բանակցություններ են վարում տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ` նրանց փորձելով համոզել միանալ անձեռնմխելիությունից զրկված պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի` ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով նամակին:
Հիշեցնենք, որ կալանավայրերում գտնվող քաղբանտարկյալ պատգամավորները նամակով դիմել էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի վերջինս ԱԺ արտահերթ նիստ գումարի եւ հրավիրի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պարզաբանելու համար, թե ինչո՞ւ են իրենք շուրջ մեկ տարի առանց հիմնավոր փաստերի պահվում ազատազրկման մեջ: Երեկվա դրությամբ «Ժառանգության» պատգամավորներին ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության համար հաջողվել էր հավաքել ընդամենը 10 ստորագրություն: Ըստ խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանի` իրենց նախաձեռնության տակ խոստացել էր ստորագրել նաեւ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Իսկ երեկվա դրությամբ, բացի ազատազրկված երեք պատգամավորներից, ստորագրել էին «Ժառանգության» վեց պատգամավորները` Րաֆֆի Հովհաննիսյանը, Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Վարդան Խաչատրյանը: Ստորագրել էր նաեւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Ըստ Զարուհի Փոստանջյանի, իրենք ԱԺ-ից պահանջում են քննարկել եւ անվավեր ճանաչել ԱԺ-ի` 2008թ. մարտի 2-ին կայացրած որոշումը, համաձայն որի՝ անձեռնմխելիությունից զրկվեցին իրենց գործընկերները: «Թող դատախազը գա եւ պարզաբանումներ տա, թե ինչո՞ւ է մեկ տարի շարունակ պատգամավորներին պահում անազատության մեջ: Մեկը պետք է պարզաբանի՞, թե՞ ոչ այդ հարցերը»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Խաչատրյանը: Սակայն, վերջինիս խոսքերով, պատգամավորների մեծ մասը` տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է ստորագրել իրենց նախաձեռնության տակ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք երեկ նման որոշում չեն կայացրել, ուստի իրենց խմբակցության պատգամավորներից ոչ ոք չի միացել այդ նախաձեռնությանը: Հարցին, թե` այսօր կքննարկե՞ն խմբակցությունում այդ հարցը, նա պատասխանեց. «Օրը կբացվի, բարին էլ հետը: Մենք դեռեւս չենք քննարկել, եթե վաղը քննարկենք, անպայման տեղյակ կպահենք ձեզ»: ՀՀԿ-ականներից շատերը խուսափում էին ընդհանրապես խոսել այդ թեմայով` ասելով, թե դա քաղաքական հարց է, եւ իրենք չեն կարող ինքնուրույն որոշում կայացնել եւ ստորագրել նախաձեռնության տակ: Ըստ նրանց` քանի դեռ չկա քաղաքական որոշում, որ պետք է միանալ այդ ստորագրահավաքին, ուրեմն` ՀՀԿ-ական որեւէ պատգամավորի ստորագրություն չի հայտնվի այդ ցուցակում: Սակայն, եթե ՀՀԿ-ականներից շատերը գոնե «քաղաքական որոշման» թիկունքում թաքնվելով են հրաժարվում ստորագրել, ապա ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը «սեփական» պատճառաբանությամբ չի միացել «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությանն ու քաղբանտարկյալ պատգամավորների առաջարկությանը: «Ես անձամբ չեմ սատարել մեր գործընկերների արված առաջարկությանն` ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ իրենց նամակում բարձրացված խնդիրների շուրջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան մեղադրանքները, որոնք ներկայացվել են մեր գործընկերներին Դատախազության կողմից, հայտնի քրեական գործի մի մասն են կազմում, իսկ դատական գործընթացը սկսվել է, դատավարություն է ընթանում: Ես կարծում եմ, որ այդ մեղադրանքների հաստատման կամ հերքման լավագույն վայրը դատական նիստերի դահլիճն է, եւ այդ իսկ պատճառով չեմ ստորագրել արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության տակ: Կարծում եմ` Դատախազության մեղադրանքների հիմնավորվածության աստիճանը պետք է որոշվի դատարանի դահլիճում»: Նաեւ հավելեց. «Եթե մի քանի ամիս առաջ լիներ այս նախաձեռնությունը, այդ ժամանակ ժամանակավրեպության խնդիր չէր լինի: Այսինքն` եթե դատական գործընթացի հարուցումից առաջ լիներ այդ նախաձեռնությունը, հասկանալի կլիներ մտադրությունները, բայց այսօր քանի կա դատական գործընթաց, այդ մտադրությունների իրականացման լավագույն վայրը դատական նիստերի դահլիճն է»: ԱԺ ՀՅԴ խմբակցությունից նույնպես ոչ ոք չի միացել այդ նախաձեռնությանը: Սակայն «նախկին քաղբանտարկյալների» այս խմբակցությունից որեւէ մեկը չցանկացավ պարզաբանել, թե ինչու են հրաժարվում ընդառաջել իրենց գործընկերների առաջարկին: ՕԵԿ-ը, ինչպես միշտ, վարվում է այնպես, ինչպես կոալիցիայի մյուս քաղաքական ուժերը: Այսինքն` նույնպես մտադրություն չունի ստորագրել այդ նախաձեռնության տակ:
Այնպես որ` դատելով կոալիցիոն քաղաքական կուսակցությունների տրամադրվածություններից, նույնիսկ իմաստ չունի սպասել, թե «Ժառանգության» նախաձեռնությունը դրական արդյունք կունենա: Քանի որ համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի` արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ է հավաքել ԱԺ մեծամասնության մեկ երրորդի ստորագրությունը, ինչը գործող խորհրդարանից ակնկալելն առնվազն միամտություն է: