Փոխոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանի սպանության հանգամանքների վերաբերյալ պաշտոնական աղբյուրները շատ քիչ տեղեկատվություն են տրամադրում:
Կատարվածի վերաբերյալ երեկ հայտնի էր գրեթե նույնքան, որքան սպանությանը հաջորդած ժամերին: Այսպիսով, դեռեւս հայտնի է միայն, որ Գեւորգ Մհերյանին հրազենային դիմահար կրակոցով սպանել են երեքշաբթի ժամը 20:30-ի սահմաններում, իր տան մուտքի մոտ` Երեւան քաղաքի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկի հարթակում, վերելակի դիմաց: «Գ.Մհերյանը ստացել է կյանքի համար անհամատեղելի հրազենային 4 մարմնական վնասվածք, մեկը` կրծքավանդակի, երեքը` գլխի շրջանում: Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 8 պարկուճ: Արձակված գնդակներից երեքը դիպել է գլխին, մեկը` մարմնին»,- նշված է կատարվածի մասին պատմող ՀՀ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ: Ըստ նույն հաղորդագրության, դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ, որում ներգրավված են Ոստիկանության, Ազգային անվտանգության եւ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները: Քննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը: Քրգործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ կետի հատկանիշներով` սպանություն, որը կապված է անձի ծառայողական գործունեության հետ, եւ 235 հոդվածի առաջին մասի` ապօրինի հրազենի կրում, հատկանիշներով: Այսինքն ենթադրվում է, որ սպանությունը կապված է Գ.Մհերյանի մասնագիտական գործունեության հետ: Քննչական խումբը ղեկավարում է Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Հեկտոր Սարդարյանը: Հետաքննող մարմինը ենթադրում է, որ Գ.Մհերյանին սպանած անձի կամ անձանց հրազենը ապօրինի է եղել: Հ. Սարդարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ առայժմ որոնում են սպանության կատարողին, որի ինքնությունը պարզ չէ: Երեկ երեկոյան դեռ չէին ստացել նաեւ դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ինչն անհրաժեշտ է՝ պարզելու համար` արդյոք Գ.Մհերյանի գլխին ուղղված 3 կրակոցները ստուգողակա՞ն են եղել, թե՞ ոչ: Քննչական խմբի ղեկավարը հայտնեց, որ դատաբժշկական փորձաքննության համար սովորաբար երկար ժամանակ է պահանջվում, բայց հույս հայտնեց, որ մասնագետներն ամեն ինչ կանեն արդյունքները հնարավորինս արագ ստանալու համար: Ենթադրվում է, որ մարդասպանի օգտագործած հրազենն առանց խլացուցիչի է եղել: Հ.Սարդարյանի կարծիքով՝ մարդասպանը պրոֆեսիոնալ չի եղել, քանի որ նրա արձակած ոչ բոլոր կրակոցներն են նշանակետին հասել: Հիշեցնենք, որ արձակած 8 գնդակներից չորսն են դիպել Գ.Մհերյանին: Գեւորգ Մհերյանը ծնվել է 1975թ. Թբիլիսիում: 1998-2000թթ. աշխատել է Երեւանի քաղաքապետարանում՝ որպես «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՊՓԲԸ-ի Իրավական բաժնի պետ: 2001-2003թթ. աշխատել է Երեւանի քաղաքապետարանի Իրավաբանական վարչությունում: 2003-2005թթ`. ՀՀ նախագահի Վերահսկողության ծառայությունում: 2005-2008թթ. եղել է ՀՀ նախագահի ռեֆերենտը եւ օգնականը: 2008թ. հուլիսի 2-ին նշանակվել է ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ: Գ.Մհերյանը Ոստիկանությունում վերահսկում էր Անձնագրային եւ վիզաների ու Իրավական ապահովման վարչությունների գործունեությունը: Ամուսնացած է, ունի երկու դուստր: Փոխոստիկանապետի մահվան առիթով երեկ ցավակցություն են հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «ՀՀ ԱԺ պատգամավորների եւ իմ անունից խորապես ցավակցում եմ ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի հարազատներին` նրա վաղաժամ եւ ողբերգական մահվան կապակցությամբ: Խստորեն դատապարտելով կատարվածը` դիմում եմ իրավապահ մարմիններին` հորդորելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները այս բիրտ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Նման ոճրագործությունները մեր երկրում արմատախիլ անելու եւ բացառելու համար իրավապահ մարմինները պարտավոր են ձեռնարկել կտրուկ եւ անհապաղ քայլեր»,- ասել է Հ.Աբրահամյանը: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ երեկ ասել է. «Գեւորգ Մհերյանի սպանությունը ծանր հարված էր մեր կառույցին»: