«Խորհրդանշական» վայրում

07/02/2009

Երեկ տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդները կրկին հավաքվել էին Երեւանի «ՏԷՑ-ի կռուգ» կոչվող վայրում՝ կառավարությունից պահանջելով վերանայել տաքսի ծառայություն մատուցող մեքենաների տարիքային սահմանափակումները, չկիրառել դեղին պետհամարանիշեր, վերացնել անհատ ձեռներեց գրանցվելու եւ սակաչափիչներ տեղադրելու պարտադրանքը: Որոշ ժամանակ կանգնելուց հետո վարորդներից մի քանիսը որոշել են հավաքվածների պահանջները ներկայացնել Տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ խուսափելով ամբողջ խմբով դեպի կառավարության շենքը երթ կազմակերպելու մտադրությունից, ինչը, նրանցից ոմանց կարծիքով, կարող էր Ոստիկանության հետ խնդիրներ առաջացնել: Հիշեցնենք, որ 2007 թ. մարտին ընդունված կառավարության որոշմամբ տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները եւ անհատ վարորդները պարտավոր էին մեքենաներում ՀԴՄ-ներ եւ սակաչափիչներ տեղադրել, վճարել 200.000 դրամ պետական տուրք արտոնագիր ստանալու համար: Կառավարությունը նաեւ սահմանել էր տաքսի ծառայություն մատուցելու նպատակով շահագործվող մեքենաների առավելագույն տարիք՝ 10 տարի:

2007-ի հուլիսին տաքսու վարորդների նախաձեռնած ցույցերի արդյունքում այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը որոշման կիրարկումը հետաձգեց մինչեւ 2008 թվականը: Անցած տարվա աշնանը տաքսիների վարորդների ցույցերը վերսկսվեցին: Անհատ վարորդները պնդում էին, որ չի կարելի հավասարության նշան դնել իրենց եւ տաքսի ծառայությունների միջեւ՝ երկու դեպքում էլ արտոնագրի համար պահանջելով 200.000 դրամ պետական տուրք: 2008-ի դեկտեմբերին կառավարության որոշմամբ անհատ վարորդների համար սահմանվեց 25.000 դրամ արտոնագրային վճար՝ նախկին 200.000-ի փոխարեն, վերացվեց սակաչափիչից զատ նաեւ հսկիչ-դրամարկղային մեքենա տեղադրելու պահանջը: