Ճգնաժամ

07/02/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ճգնաժամի մեղավորները կդատվե՞ն

ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոդլերը մտադիր է պատասխանատվության ենթարկել Ուոլ-Սթրիթի ֆինանսիստներին, որոնց սպեկուլյացիաների եւ խախտումների հետեւանքով ծագեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը։«ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հետաքննություն կանցկացնի եւ մեղավորներին կստիպի պատասխան տալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հոդլերը՝ ընդգծելով սակայն, որ «վհուկների որս» չի լինի։

Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ նրա սահմաններից դուրս, հասարակությունը ստեղծված վիճակի հիմնական մեղավոր համարում է Ուոլ-Սթրիթին։ Ամերիկացիների՝ առանց այն էլ անբարյացակամ վերաբերմունքը ֆինանսական կորպորացիաների նկատմամբ է՛լ ավելի սրվեց անցյալ տարի, երբ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը հարյուրավոր միլիարդ դոլարներ ծախսեց բանկերը փրկելու համար։ Դրա հետ մեկտեղ՝ պարզվեց, որ չնայած իրենց վատ վիճակին, այս ընկերությունների մենեջերները հսկայական գումարներ են ստանում։ Առաջին ահազանգը, որ թոփ-մենեջերներին այնքան էլ լավ օրեր չեն սպասվում, հնչեց օրեր առաջ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խիստ քննադատեց այն փաստը, որ բանկային ոլորտի աշխատողների պարգեւավճարների ընդհանուր չափը ճգնաժամի պայմաններում գերազանցել է 18 միլիարդ դոլարը։ «Դա աննկարագրելի անպատասխանատվություն է եւ խայտառակություն»,- ասել է Բ. Օբաման։

Զո՛ւսպ եղեք

«Բլումբերգ» գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ խոշորագույն ընկերությունների թոփ-մենեջերների աշխատավարձերն այս տարվա ընթացքում չեն կարող գերազանցել տարեկան 500 հազար դոլարը։ Խոսքը վերաբերում է այն ընկերությունների ղեկավարներին, որոնք պետական աջակցություն են ստանում՝ ֆինանսական ճգնաժամին դիմակայելու համար։ Նախաձեռնության հեղինակը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է։ Բանկերի եւ այլ կառույցների ղեկավարները իրավունք չեն ունենա տարեկան 500 հազար դոլարից ավելի աշխատավարձ ստանալ (ներառյալ պարգեւավճարները), մինչեւ ամերիկյան հարկատուները ետ չստանան իրենց գումարները, որոնք որպես օգնություն տրամադրվել են այս ընկերություններին։ Նոր կանոններով՝ խիստ վերահսկողություն է սահմանվելու նաեւ այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են կորպորատիվ ինքնաթիռների օգտագործումը, գրասենյակային տեխնիկական նորույթների ձեռքբերումը, կորպորատիվ երեկույթները եւ այլն։ Նշենք, որ Օբաման վերջերս խիստ քննադատության է ենթարկել այն բանկիրներին, ովքեր անցյալ տարի իրենց մեծ պարգեւավճարներ են գրել՝ ֆինանսական ճգնաժամի եւ պետական օժանդակության պայմաններում։ ԱՄՆ նախագահն այդ գործելաոճը համարել է ամոթալի, ասելով. «Կա ժամանակ, երբ կարելի է շահույթը գրպանը դնել կամ պարգեւավճարներ ստանալ, սակայն հիմա այդ ժամանակը չէ»։

MADE IN USA

Գրեթե բոլորը՝ բացահայտ կամ թաքուն, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջացման գլխավոր մեղավոր համարում են ԱՄՆ-ին։ Ու զարմանալի չէ, որ ուշադրության կենտրոնում են հատկապես հենց այս երկրի կողմից ձեռնարկվող հակաճգնաժամային քայլերը։ Իսկ արդյո՞ք այդ քայլերը կօգնեն տնտեսությանը՝ դուրս գալ ճգնաժամից։ ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման այս հարցում լավատես է։ ԱՄՆ Կոնգրեսն արդեն հաստատել է ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված փաթեթը, մնում է այն հավանության արժանանա նաեւ սենատորների կողմից։ Ըստ այդ փաթեթի, ամերիկյան տնտեսության տարբեր ոլորտներին հատկացվելիք օգնության ընդհանուր ծավալը կազմում է 800 միլիարդ դոլար։ Օբամայի համոզմամբ, միջոցները ռացիոնալ եւ թափանցիկ օգտագործելու դեպքում հնարավոր կլինի տնտեսությունը ոտքի կանգնեցնել եւ ստեղծել նոր աշխատատեղեր։ Ի դեպ, տնտեսությունը փրկելու փաթեթի մեջ շրջանառվում էր մի ձեւակերպում, որն առաջ բերեց շատերի դժգոհությունը՝ մասնավորապես, եվրոպական երկրների։ Խոսքը «Գնիր ամերիկյանը» ձեւակերպման մասին է, թեեւ այս արտահայտությունը վերաբերում է միայն այն արտադրանքին, որը թողարկվում է հակաճգնաժամային ծրագրերի ֆինանսավորմամբ։ Ինչեւէ, Օբաման եւս սխալ է համարել այս ձեւակերպումը։ ԱՄՆ նախագահը չի ցանկանում, որ ԱՄՆ տնտեսության վիճակը բարելավելուն ուղղված քայլերը հանգեցնեն հովանավորչության եւ առեւտրային պատերազմների։ «Fox News» հեռուստաընկերության տված հարցազրույցում նա ասել է, որ լավ կլիներ գտնել այլ ձեւակերպումներ, որոնք ավելի հարմար կլինեին ստեղծված իրավիճակին՝ այսպիսով պատասխանելով Եվրամիության եւ Կանադայի կողմից հնչող քննադատություններին։ Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը խիստ քննադատության էր ենթարկել «Գնիր ամերիկյանը» կարգախոսը։ «Դա ամենավատ ազդանշանն էր, որը կարող էր հաղորդել Օբամայի վարչակազմը»,- ասել էր հանձնաժողովի ներկայացուցիչը։ Եթե նշյալ ձեւակերպումը փաթեթից դուրս չգա, ապա չի բացառվում, որ Եվրամիությունը բողոք ներկայացնի Առեւտրի համաշխարհային կազմակերպություն։

$ 26.5 մլրդ` դիմակայելու համար

Ավստրալիայի կառավարությունը հրապարակել է երկրի տնտեսության խթանմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է 4 տարվա ընթացքում տնտեսության մեջ ներարկել 42 միլիարդ ավստրալական դոլար (26.5 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Միջոցների հիմնական մասն ուղղվելու է ենթակառուցվածքների զարգացմանը եւ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին։ Ավստրալիայի գանձապետարանի ղեկավար Ուեյն Սվոնը հայտարարել է, որ 28.8 միլիարդ հատկացվելու է դպրոցների, ճանապարհների եւ բնակելի տների կառուցմանն ու վերանորոգմանը։ Եվս 12.7 միլիարդ դոլար կստանան ցածր եկամուտ ունեցող ընտանիքները։ Միջոցները կհատկացվեն այս տարվա մարտին։ Բացի այս, Ավստրալիայի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 3.25%-ի, որը ամենացածր ցուցանիշն է վերջին 45 տարվա ընթացքում։ Սվոնի համոզմամբ, այս քայլերը հնարավորություն կտան պահպանել 90 հազար աշխատատեղ։ Երկրի վարչապետ Քեւին Ռուդը հայտարարել է, որ հարկ եղած դեպքում կառավարությունը լրացուցիչ քայլեր կձեռնարկի։ Նշենք, որ արդեն իսկ հաստատված տնտեսական փաթեթի արդյունքում Ավստրալիայի բյուջեն 22.5 միլիարդ դոլարի դեֆիցիտ կունենա։ Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա պաշտոնական կանխատեսումների համաձայն՝ այն կկազմի ընդամենը 1%։

Հարված ադամանդագործությանը

Ադամանդագործությամբ զբաղվող աշխարհի 4 խոշորագույն ընկերությունները՝ «Rio Tinto», «BHP Billinton», «De Beers» եւ «Ալռոսա», կմիավորվեն՝ ճգնաժամին դիմակայելու համար։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։ Բանն այն է, որ վարկավորման խնդիրների եւ պահանջարկի նվազման արդյունքում ադամանդների վաճառքը մեկ երրորդով նվազել է։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար 4 մասնակիցների համատեղ ֆինանսավորմամբ կստեղծվի «SteerCom» կազմակերպությունը, որը կզբաղվի «Generic Diamonds Marketing» մարկետինգային արշավի կազմակերպմամբ։ «Rio Tinto», «BHP Billinton», «De Beers» եւ «Ալռոսա» ընկերություններին բաժին է ընկնում ադամանդի համաշխարհային շուկայի 90%-ը, ինչը նրանց հնարավորություն է տալիս վերահսկել ոչ միայն առաջարկը, այլեւ գին թելադրել։ Նշենք, որ 1 կարատ ադամանդի գինը հուլիսի համեմատ նվազել է 20%-ով կամ 2000 ԱՄՆ դոլարով։ Պատճառներից մեկն, ինչպես նշվեց, վարկային ռեսուրսների սղությունն է. բանկերը միջոցներ չունեն այս ճյուղը վարկավորելու համար։ Իսկ երկրորդ խնդիրը պահանջարկն է. հասարակ քաղաքացիներն այժմ դժվարությամբ են հոգում իրենց ամենօրյա ծախսերը, եւ նման պայմաններում, որպես կանոն, ամենեւին չեն մտածում պերճանքի առարկաներ (առավելեւս՝ ադամանդներ) ձեռք բերելու մասին։ «Ֆինամ» ընկերության վերլուծաբան Դմիտրի Բարանովի խոսքերով, երբ ադամանդի վաճառքը նման տեմպերով նվազում է, դա վկայում է այն մասին, որ ճգնաժամը չափազանց լուրջ է. «Ադամանդները պերճանքի առարկաներ են, իսկ հարուստ մարդիկ երբեք չեն հաշվել իրենց փողերը նման հարցերում՝ անկախ նրանից, թե իրենց բիզնեսն ինչ վիճակում է։ Իսկ այժմ, եթե սկսել են խնայել, նշանակում է՝ համաշխարհային տնտեսության վիճակն իրոք լավ չէ»։ Եթե զարդարվելու համար ադամանդներ գնելը ներկա պայմաններում տրամաբանական չէ, ապա ի՞նչ կարելի է ասել որպես ներդրում ադամանդներ գնելու մասին. վերջին հաշվով, թանկարժեք քարերի գները փուչիկի նման չեն ուռճացվել (ինչպես բնակարանների կամ նավթի գները)։ Փորձագետների կարծիքով, դա տեսականորեն հնարավոր է, սակայն մարդիկ ավելի շատ վստահում են ոսկուն։ Պատճառներից մեկն էլ այն է, որ ադամանդի շուկան իր բնույթով ավելի փակ է, առքուվաճառքի բաց համակարգ (ինչպես ոսկու դեպքում) գոյություն չունի։ Կարելի է գնալ բանկ եւ գնել ոսկե ձուլակտոր՝ հստակ իմանալով, որ գնել եք այսքան գրամ, այսինչ հարգի ոսկի, այսինչ գնով։ Սակայն ադամանդի դեպքում նման բան հնարավոր չէ։ Եթե շուկայի փակ լինելը նախկինում նպաստում էր շուկայում գործողներին, ապա այժմ պատկերը փոխվել է. այն բացասաբար է ազդում ադամանդագործությամբ զբաղվող ընկերությունների վրա։

«SAS»-ը եւս խնդիրներ ունի

Խոսքը ոչ թե հայաստանյան «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի մասին է, այլ սկանդինավյան խոշորագույն ավիափոխադրողներից մեկի։ 2008 թվականի ընթացքում կրած վնասների պատճառով ավիաընկերությունը մտադիր է կրճատել 3000 աշխատատեղ։ Եվս 5600 հոգի ստիպված կլինեն այլ աշխատանք փնտրել՝ որոշ մասնաճյուղերի վաճառքի արդյունքում։ Օրինակ, «SAS»-ն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է վաճառել իրեն պատկանող «AirBaltic» ավիաընկերությունը։ Արդյունքում, 23 հազար աշխատակից ունեցող ընկերության հաստիքները կկրճատվեն 40%-ով։ Որոշումը պայմանավորված է վերջերս հրապարակված հաշվետվությամբ, որի համաձայն՝ անցյալ տարվա ընթացքում ընկերությունը կրել է 757 միլիոն դոլարի վնաս։ Ընդ որում, այդ գումարի կեսից ավելին բաժին է ընկել 2008 թվականի միայն վերջին եռամսյակին։ Հաղորդագրությունների համաձայն, «SAS»-ը իսպանական կոնսորցիումին է վաճառելու իր խոշորագույն մասնաճյուղերից մեկը՝ 3000 աշխատակից ունեցող «Spanair»-ը, խորհրդանշական գնով՝ 1 եվրոյով։ Սկանդինավյան ավիափոխադրողը պատրաստվում է նաեւ վաճառել իր մասնաբաժինները՝ «Spirit», «Air Greenland», «BMI», «Estonian Airways», «Skyways», «Cubic» եւ «Trust» ընկերություններում։ Ընկերությունը մտադիր է այսուհետ կենտրոնանալ միայն սկանդինավյան շուկայի վրա, ինչն ավելի քիչ ծախսեր է պահանջում, քան մասնակցությունը միջազգային նախագծերում։

«Panasonic»-ը կրճատում է 15.000 աշխատատեղ

Ճապոնական կորպորացիան հայտարարել է, որ մինչեւ 2010թ. մարտ ամիսը աշխատանքից կազատի 15 հազար հոգու եւ կփակի 27 ֆաբրիկաներ՝ աշխարհի տարբեր երկրներում։ «Panasonic»-ը, որը պլազմային հեռուստացույցների խոշորագույն արտադրողն է աշխարհում, ճգնաժամի արդյունքում խոշոր վնասներ է կրել։ Ֆինանսական տարին ավարտվելու է մարտին, եւ կանխատեսումների համաձայն՝ այդ ժամանակահատվածի մաքուր վնասը կկազմի շուրջ 4.2 միլիարդ դոլար։ Վերջին 6 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, որ ընկերությունը տարին փակում է վնասով։ 2007-ին, օրինակ, «Panasonic»-ի շահույթը գերազանցել էր 3 միլիարդ դոլարը։ «2008-ի վերջին եռամսյակում վաճառքի ծավալները կտրուկ նվազեցին։ Այս եռամսյակում մենք սպասում ենք ավելի շեշտակի անկում բոլոր սեգմենտներում եւ եկամուտների կրճատում»,- հայտարարել է կորպորացիայի նախագահ Մակոտո Ուենայոման։ «Panasonic»-ում հույս ունեն, որ կրճատումների շնորհիվ իրենց կհաջողվի խնայել ավելի քան 1 միլիարդ դոլար։ Ընկերությունը ներկայումս ունի մոտ 300 հազար աշխատող, որոնց 5%-ը կկորցնեն աշխատանքը։ Կրճատումների կեսը տեղի կունենա Ճապոնիայում, մյուս մասը՝ այլ երկրներում։ Նշենք նաեւ, որ ընկերության գործունեության վրա վատ հետեւանքներ է ունենում ոչ միայն տնտեսական ճգնաժամը, այլեւ երկրի ազգային արժույթի՝ իենի արժեւորումը։

Վիճակը լավ չէ նաեւ «Sony»-ում

Ճապոնական էլեկտրոնային արդյունաբերության մյուս հսկան՝ «Sony»-ն, նույնպես զերծ չի մնացել վնասներից։ Դեռ անցյալ տարվա աշնանը ընկերությունը հայտարարել էր, որ պատրաստվում է աշխատանքից ազատել 8000 հոգու եւ փակել մի քանի գործարան։ Իսկ այս տարվա հունվարին «Sony»-ն տեղեկացրեց, որ կրել է 2.9 միլիարդ դոլարի վնաս։ Ընդհանուր առմամբ, ճապոնական արտադրանքի արտահանման ծավալները նվազել են 26.7%-ով։ Առաջին հերթին դա վերաբերում է ԱՄՆ-ին, որը ճապոնական արտադրանքի իրացման հիմնական շուկաներից մեկն է։ Նշենք նաեւ, որ Ճապոնիայի կառավարությունն արդեն իսկ զգուշացրել է՝ 2009 թվականին երկրում տնտեսական աճ չի արձանագրվի։