«Գրել են սառույցին»

07/02/2009

Ամեն տարի մայրաքաղաքային իշխանությունները ձմռան նախաշեմին հայտարարում են ձնամաքրման մեքենասարքավորումների հերթական խմբաքանակը գնելու մասին: Եվ որքան ավելի ճոխ են լինում այդ հայտարարությունները, այնքան յուրաքանչյուր տարի ավելի անտանելի է դառնում Երեւանի փողոցների վիճակը: Առանց այդ էլ աղբից չմաքրված տարածքներին ձմռանը գումարվում են սառցակալած բակերը, հալոցքաջրերի պատճառով անանցանելի դարձող բանուղիները, որոնք գրեթե անհնար են դարձնում քաղաքացիների տեղաշարժը: Եվ, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Երեւանի շարքային հազարավոր քաղաքացիների համար բակային տարածքներում քայլելը կյանքի համար խիստ վտանգավոր է:

Մայրաքաղաքի մաքրությանը հետեւող կազմակերպությունների ղեկավարները, որոնց հետ մենք զրուցեցինք, բնականաբար, միաբերան վստահեցնում էին, որ իրենց համայնքներում բոլոր բակային տարածքները մաքուր են: Մալաթիա-Սեբաստիա համայնքում, ինչպես մեզ հետ զրույցում ասաց աղբահանության եւ փողոցների մաքրման աշխատանքներով զբաղվող «Կռունկ» ՓԲԸ-ի տնօրեն Գեղամ Ստեփանյանը. «Աշխատանքները բավականին լավ են կատարվել: Մաքրվել են, օրինակ, Ա1, Ա3, Բ1, Բ2 թաղամասերի բոլոր բակային տարածքները, թվով 21 դպրոցների եւ 23 մանկապարտեզների բակերն ու հարակից տարածքները»: Իհարկե, այս համայնքում մաքրված դպրոցներ եւ մանկապարտեզներ մեզ հանդիպեցին, այդ մասին վկայեցին նաեւ որոշ աշակերտներ, սակայն վերը նշված թաղամասերում նրանց աշխատանքների մեծ մասը, մեղմ ասած, չէր երեւում: Աջափնյակ համայնքի համատիրությունների համակարգման բաժնի պետ Ալբերտ Ուստյանի խոսքերով՝ «Կարելի է ասել՝ 90%-ով բակային տարածքները մաքուր են»: Մեր այն դիտարկմանը, որ 16-րդ թաղամասում բակերն ամբողջությամբ սառցակալված են, նա պատասխանեց. «Գիտեք, դա մեր ցավոտ կողմն է, բայց ինձ թվում է՝ հարցն արդեն պետք է կարգավորված լինի»: Պետք է նշենք, որ մեր այցելության ժամանակ «հարցը դեռ կարգավորված չէր»: Թաղամասի բնակիչները միաբերան դժգոհում էին, որ ձմռան ամիսներին իրենց բակերում գրեթե ոչ մի աշխատանք չի կատարվել, իսկ աղբախցիկների մոտ կուտակված կենցաղային աղբն էլ ասես լրացնում է սառցակալված բակային տարածքի առանց այդ էլ տխուր պատկերը: Նոր Նորքի բնակիչները նույնպես դժգոհ են իրենց համայնքի բակային տարածքների մաքրությունից, նրանք խոստովանում են, որ ամենայն զգուշությամբ են ոտք դնում սառցակալված գետնին: «Ես անցած տարի ոտքս կոտրեցի մեր բակում, եւ մտավախություն կա, որ այս տարի էլ կարող է նույնը կրկնվել»,- ասում է Նոր Նորքի բնակիչ Հովհաննես Գրիգորյանը: Այս համայնքի թաղապետարանի «Սանմաքրման» պետ Վրեժ Հակոբյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ, թե` «Նոր Նորքում սառած բակեր կարող է լինեն, քանի որ մեծ համայնք է: Ասենք՝ Նորքի միայն 2-րդ զանգվածը Ավանի չափ է»: Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի վերահսկողության բաժնի պետ Արամ Խաչատրյանի խոսքերի համաձայն, համայնքի բակային տարածքների մաքրման աշխատանքներով զբաղվում են համատիրությունները: Սակայն «Զեյթուն 98» համատիրության նախագահ-կառավարիչ Սուրեն Մեսրոպյանի պնդմամբ՝ «Բակերը ձյունից մաքրելը մեր գործը չէ»: Իսկ ահա «Հաղթանակ» համատիրության նախագահ Արմեն Հարությունյանը, ի տարբերություն պարոն Մեսրոպյանի, ընդունում է, որ դա իրենց պարտականությունների մեջ է մտնում: Սակայն սառած բակերի առկայությունը նա նախ պատճառաբանեց հետեւյալ կերպ. «Այդպիսիք կան, բայց սառույցը ո՞նց մաքրենք, աղ ու ավազ չունենք»: Ապա ավելացրեց. «Աղ էլ են մեզ տալիս, ավազ էլ: Սառած բակեր էլ մեզ մոտ չկան»:

Երեւանցիներին հուզող այս խնդրի վերաբերյալ երեկ մի փոքրիկ հարցում անցկացրինք անցորդների շրջանում: Պարզվեց, որ մարդիկ այնքան էլ տարօրինակ չեն համարում, որ սառցակալված բակերը երբեք պետական միջոցներով չեն մաքրվում: Նրանց խոսքերով, երբ առատ տեղումների ժամանակ նույնիսկ կենտրոնական մայթերն են լինում ձյունառատ, «աչքից հեռու» բակերի մաքրման մասին չարժե անգամ երազել: Իրենց իսկ անվտանգության համար բնակիչները գերադասում են խնդիրը լուծել սեփական միջոցներով: «Մեր քաղաքում հազվադեպ կարելի է տեսնել, որ համապատասխան կազմակերպությունները նախապես մաքրեն ու հեռացնեն բակերի ձյունը կամ գոնե արահետներ բացեն նորմալ անցուդարձի համար»,- նկատում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ Արմինե Գրիգորյանը:

Լիանա ԳԱԼՍՏՅԱՆ