Իրավիճակը վատացել է այնտեղ, որտեղ պետք է քաղաքական կամք

07/02/2009

– Դուք այն սակավաթիվ մարդկանցից եք, ովքեր քննադատում են Վրաստանի իշխանություններին օգոստոսյան իրադարձությունների համար։ Բայց չէ՞ որ Վարդերի հեղափոխությունից հետո երկրի ղեկավարությունը մշտապես հայտարարում էր հակամարտությունները միայն խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին։

– Ես միշտ ասել եմ, որ Վրաստանի իշխանությունները չօգտագործեցին հակամարտությունների խաղաղ կարգավորման բոլոր հնարավորությունները։ Ընդհակառակը, արհեստականորեն վատացրին երկու ժողովուրդների՝ օսերի եւ վրացիների միջեւ հարաբերությունները։ Բերեմ կոնկրետ փաստ։ 2006 թվականի մայիսին տարբեր տեղերում բացարձակապես անհիմն ձեւով ձերբակալվեցին մոտ 40 օսեր։ Հետո նրանց բերին Գորիի ոստիկանություն եւ դաժան ծեծի ենթարկեցին։ Սա շատ լուրջ փաստ է. Ոստիկանությունը կատարել է հանցագործություն։ Սկսվեց հետաքննություն, որը մինչեւ հիմա շարունակվում է եւ առայժմ արդյունք չի տվել։ Փաստորեն, մենք ջուր լցրինք Ռուսաստանի ջրաղացին։ Վրաստանում առկա կառավարման ոճը, այն է՝ ավտորիտար ռեժիմը, հանգեցրեց նրան, որ սառեցված հակամարտությունն ակտիվացավ։ Ավտորիտար քաղաքականությունը շարունակելու դեպքում կարելի է ակնկալել նոր աղետներ։ Հենց երկրի կառավարման այդ մոդելը, որը ենթադրում է երկրում եւ նրա սահմաններից դուրս առկա խնդիրների միանձնյա եւ ուժային լուծում, դարձավ այն «հինգերորդ շարասյունը», որը հանգեցրեց Վրաստանի ծանր անհաջողությանը։ Վրաստանի ղեկավարությունն ընտրել է առճակատման այն ոլորտը, որտեղ ամբողջ աշխարհը Ռուսաստանին վերաբերվում է առանձնահատուկ զգուշությամբ։ Իհարկե, չի կարելի ասել, թե մեղավոր է միայն վրացական կողմը. Ռուսաստանը հանդես եկավ որպես ագրեսոր, ներխուժեց մեր տարածքը։ Բայց, ցավոք, մենք ոչինչ չձեռնարկեցինք, որպեսզի դա տեղի չունենա։ Չպետք է խուսափել ճշմարտության աչքերին ուղիղ նայելուց, քանի որ միայն պատճառների ազնիվ ընկալումը եւ խորը իմաստավորումը կօգնեն մեզ՝ ճգնաժամից ելք գտնել։

– Փաստ է, որ այսօր Վրաստանի տարածքի մի մասը զավթված է։ Արդյոք Ձեր գրասենյակը տեղեկություններ ստանո՞ւմ է Հարավային Օսիայից եւ Աբխազիայից։

– Ինչ վերաբերում է զավթված տարածքներին, ապա գործնականում այնտեղից տեղեկատվություն չի ստացվում։ Բացի Ախալգորիից, այնտեղ փաստորեն վրացի չի մնացել։ Իսկ Ախալգորիի հետ մենք մշտական կապ ենք պահպանում։ Բնականաբար, այնտեղ լինում են ճնշման դեպքեր։ Բայց տեղեկատվությունը, որը տարածվում է, երբեմն չափազանցված է եւ կրում է քաղաքական բնույթ։ Չի կարելի դիտավորյալ շիկացնել մթնոլորտը։ Օրինակ՝ արդեն մի քանի ամիս դադարեցված է գազի մատակարարումը Ախալգորի։ Դրանից ոչ թե Կոկոյտայի վարչախումբն է տուժում, այլ մեր քաղաքացիներն են սառչում։ Փախստականների խնդիրը եւս լուծված չէ։ Չնայած նրան, որ կառուցվում են բնակարաններ, բազմաթիվ ժամանակավոր տեղահանվածներ ապրում են ծանրագույն պայմաններում։ Բարեբախտաբար, մթերքի մատակարարման խնդիրը հիմա ինչ-որ չափով լուծված է։ Բայց դա քիչ է։ Մարդիկ չգիտեն գլխավորը՝ ինչ է սպասում իրենց ապագայում։ Եթե Ցխինվալիի շրջանի Շիդա Քարթլիից տեղահանվածների համար կառուցվում են տներ, ապա Կոդորից փախածներն ասում են, թե չգիտեն՝ որտեղ պիտի ապրեն, ինչ է սպասում իրենց։

– Ի՞նչ կարող եք ասել Վրաստանի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին։

– Հիմնականում ազգային փոքրամասնությունների խնդիրները նույնն են, ինչ վրացիներինը։ Իհարկե, կան նաեւ առանձնահատուկ հարցեր։ Խոսքը, մասնավորապես, լեզվական խոչընդոտի մասին է, որն էլ աշխատանք գտնելու հետ կապված դժվարություններ է հարուցում։ Բայց կան նաեւ ավելի լուրջ խնդիրներ։ Օրինակ՝ Քվեմո Քարթլիում իրականացված հողային ռեֆորմն ուներ ակնհայտ խտրական բնույթ. ադրբեջանցիներին հող չհասավ։ Հողաբաժիններ չհատկացվեցին նաեւ Կախեթում ապրող օսերին։ Մինչ այժմ այդ խնդիրները չեն լուծվել։

– Փաստորեն, Դուք սուր քննադատության եք ենթարկում երկրի իշխանություններին։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը Վրաստանում անդառնալիորեն վատթարանում է։ Որո՞նք են խնդրի արմատները։

– Ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, այսինքն՝ մինչեւ Վարդերի հեղափոխությունը, երբ նույնպես խախտվում էին մարդու իրավունքները, այժմ դա ընդունել է համատարած բնույթ։ Արմատացվում է վախի մթնոլորտ։ Դա դարձել է կանոն։ Մարդը վախենում է կորցնել աշխատանքը կամ, ասենք, ֆիզիկական հաշվեհարդարի զոհ դառնալ, եթե նրա դիրքորոշումը կամ հրապարակայնորեն արտահայտած տեսակետը չեն համընկնում իշխանության կուսակցության շահերին։ Թեեւ որոշ ոլորտներում էլ նկատվում է առաջընթաց։ Օրինակ՝ դա վերաբերում է դավանանքի ազատությանը, հիվանդների խնամքին հիվանդանոցներում եւ հոգեբուժարաններում…. Բայց այնտեղ, որտեղ մարդու իրավունքների պաշտպանության համար պետք է քաղաքական կամք, իրավիճակը վատացել է։ Օրինակ՝ դատական համակարգը, խոսքի ազատությունը եւ այլն։

– Դատարանն այն ոլորտն է, որի պատճառով իշխանություններն ամենաշատն են արժանացել կշտամբանքների։

– Վրդովեցուցիչ է այն, որ, չնայած իշխանությունների ամենամյա խոստումներին, Եվրոպային եւ ԱՄՆ-ին տրված անթիվ «ազնիվ խոսքերին», Վրաստանում այդպես էլ չառաջացավ անկախ դատարան։ Դատավորներն ամբողջովին ենթարկվում են Դատախազությանը։ Իշխող քաղաքական խմբի ձեռքերում իրավապահ մարմինները ձեւավորվել են որպես ճնշման գործիքներ եւ մինչեւ հիմա էլ ծառայում են նույն նպատակին։ Այո, իշխանությունն ինքը ընդունում է, որ այսօր դատարանն անկախ կառույց չէ։ Սակայն երկրի ղեկավարության հետ իմ տարաձայնությունները վերաբերում են ոչ թե հետեւանքներին, այլ պատճառներին։ Օրինակ՝ Գերագույն դատարանի նախագահը հայտարարում է, որ մեղավորը տվյալ դատավորն է, որն անսկզբունքային է։ Կամ շատ հաճախ մեղքը գցում են պատմության վրա. իբր թե՝ Վրաստանում 200-300 տարի շարունակ անկախ դատական համակարգ չի եղել։ Այդ ամենն ինձ համար բացարձակապես անընդունելի է։ Քաղաքացիների իրավունքները խախտվում են՝ նրանց հետեւելով եւ անձնական կյանքին միջամտելով, բնակարանները եւ հեռախոսային խոսակցությունները լսելով, իսկ դատարանը, օրինականացնելով այդ հակաօրինական գործողությունները, հետին թվով տալիս է թույլտվություն։ Վրաստանում ազատ դատարան չկա, քանի որ չկա դրա համար պահանջվող քաղաքական կամքը։ Եթե դա լիներ, դատական համակարգը կդառնար անկախ բառացիորեն մեկ օրում։

– Արդյոք փոխվե՞լ է իրավիճակը ազատազրկման վայրերում։ Տեղեկություններ ստանո՞ւմ եք ծեծի եւ կտտանքների մասին։

– Դա շատ լուրջ խնդիր է։ Ստանում ենք մեծ թվով բողոքներ։ Բայց մարդկանց այնպես են ահաբեկում, որ նրանք հրաժարվում են ցուցմունք տալ։ Ձերբակալվածներին կտտանքների ենթարկած քննիչների կամ ոստիկանների նկատմամբ հարուցված դատական գործերը, որպես կանոն, փակվում են մեղադրանքի համար բավարար հիմքեր չունենալու պատճառով։ Վրաստանում մնում է նախաքննության փուլում գտնվողներին կտտանքների ենթարկելու խնդիրը։ Արդյունքը մեղքի ընդունումը եւ պատժաժամկետն է։ Եթե ընկնում ես բանտ, համոզվում ես, որ 15 տարի պատժաժամկետը նորմ է։ Ամեն տարի բանտարկյալների թիվն աճում է 4-5 հազարով։ Պետությունը վարում է խիստ քրեական քաղաքականություն, բայց ո՞ւմ է ուղղված այն, ավելի ճիշտ՝ դրանից ո՞վ է տուժում։ Սովորական քաղաքացիները։ Ինչպիսի ծանր հանցագործություն էլ կատարեն, ասենք, ՆԳՆ աշխատակիցները, մեծ հաջողությամբ կխուսափեն պատժից։

Հարցազրույցը` Դիանա ԹՈՍՈՒՆՅԱՆԻ Վրաստան

Նյութը պատրաստվել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում