Ամերիկյան «Մանաս» անունով ռազմաբազան այլեւս տեղակայված չի լինելու Ղրղզըստանում: Այդ մասին հայտնի է դարձել Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` նախօրեին կայացած հանդիպումից հետո: Բակիեւը բացատրել է, որ այդ որոշումը տնտեսական բնույթի հարցերի հետ է կապված եղել: Նա նաեւ ասել է, որ «հասարակության շրջանում ամերիկյան ռազմաբազան բացասական տրամադրություններ է առաջացրել»: Հիշեցնենք, որ Ղրղըզստանում ԱՄՆ-ի այդ ռազմաբազան բացվել է 2001-ին` Աֆղանստանում կոալիցիոն ուժերի կողմից հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում: Ներկայումս «Մանաս» ավիաբազայում են գտնվում հազարից ավելի զինվորականներ, ինչպես նաեւ՝ ռազմատրանսպորտային ինքնաթիռներ: Երկու նախագահների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ, որ Ռուսաստանի Դաշնությունը Ղրղըզստանին ընդհանուր առմամբ տրամադրելու է 2 միլիարդ 150 մլն դոլարի չափով ֆինանսական աջակցություն: «Այդ միջոցներն ուղղվելու են Ղրղըզստանի բյուջեի կայունացմանը, ինչպես նաեւ՝ երկրի առանցքային ենթակառուցվածքների, մասնավորապես՝ հիդրոկայանների զարգացմանը»,- ասել է ՌԴ նախագահը: