ԵԽ ԽՎ 1643 բանաձեւի ընդունումից հետո իշխանությունները հանգստացել եւ քաղբանտարկյալների «հարցը լուծելու» նոր ձեւ են մոգոնել: Անցած ուրբաթ կառավարությունն ԱԺ է ուղարկել ՀՀ Դատական օրենսգրքում եւ «ՀՀ քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների փաթեթ, որն ընդունվելուց հետո դատավորները հնարավորություն են ստանալու «ամբաստանյալների»` ոտքի չկանգնելու դեպքում հեռացնել դատարանի դահլիճից եւ նիստը շարունակել առանց նրանց: Այսինքն` այդպիսով իշխանությունները հնարավորություն են ստանալու անել այն, ինչին ձգտում էին «7-ի գործով» դատավարության մեկնարկից ի վեր: Այս փոփոխություններն այլ բացատրություն ունենալ չեն կարող: Եթե իշխանությունները, ինչպես իրենք են հայտարարում, «իրենց չեն խնայում» մինչեւ ապրիլ ԵԽ ԽՎ-ի պահանջները կատարելու համար, ապա ամեն ինչ պետք է անեին առաջին հերթին «7-ի գործով» դատավարությունն արագ ավարտելու եւ գոնե ՔՕ 225 եւ 300 հոդվածների փոփոխությունից հետո քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: Դատարանում վերջիններիս ոտքի չկանգնելը դրան ոչնչով չի խանգարում, եւ դատարանը կարող էր անցկացնել դատն այնպես, ինչպես թեկուզ նույն «7-ի գործով» առաջին նիստը կամ Գագիկ Ջհանգիրյանի ու «ոտքի չկանգնող» այլ քաղբանտարկյալների դատավարությունները: Սակայն ԱԺ բերված այս փոփոխությունները ոչ միայն ժամանակից շուտ բացահայտում են իշխանությունների «խոստումների» դատարկությունը, այլեւ վկայում են նրանց այլ մտադրությունների մասին: Մասնավորապես, բացառված չէ, որ ՔՕ 225 եւ 300 հոդվածները փոխելուց եւ դրանք քաղբանտարկյալների մեղադրանքներից հանելուց հետո, նրանց գործերում թողնվեն կամ «ավելացվեն» քրեական հոդվածներ, եւ արդեն առանց քաղբանտարկյալների հրապարակեն «քրեական հանցագործների դատավճիռները»: Իսկ ԱԺ-ն այս փոփոխությունները կընդունի երկու շաբաթ հետո, այսինքն` «7-ի գործով» փետրվարի 12-ին նշանակված դատական նիստից մի քանի օր անց: Այնպես որ, եթե իշխանությունների այս սցենարն իրականանա, դատավոր Մնացական Մարտիրոսյանին կմնա հետաձգել եւս մեկ նիստ եւ արդեն հաջորդ նիստն անցկացնել Դատախազության մեղադրողների ու սափրագլուխ ոստիկանների հետ: Իսկական «համերաշխության մթնոլորտ», որի մասին խոսում են բոլորը: Նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանը: