Շաբաթ օրը Շվեյցարիա կատարած այցի ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ Դավոսում կայացած հանդիպմանը: «Հանդիպման արդյունքում մենք հանձնարարել ենք արտաքին գործերի նախարարներին շարունակել բանակցությունները: Եվ կարծում եմ, որ երկու հարեւան պետությունների միջեւ առանց որեւէ նախապայմանների բնականոն ու քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելը բխում է մեր շահերից»,- ասել է Ս. Սարգսյանը։ «Այստեղ էլ ուզում եմ, որ բոլորի համար միանշանակ պարզ եւ հասկանալի լինի: Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը չի նշանակում՝ մոռանալ Ցեղասպանությունը, թուրքերի հետ հարաբերություններ հաստատելը չի նշանակում ստորադասել մեր ազգային շահերն ինչ-ինչ խնդիրների: Մենք մշտապես ասել ենք, հիմա էլ կրկնում ենք` առանց որեւէ նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բացել սահմանները, ստեղծել միջկառավարական հանձնաժողով, այնուհետեւ քննարկել ցանկացած հարց, որ կա մեր երկու պետությունների, մեր երկու ժողովուրդների միջեւ»,- հայտարարել է նա:
«Այսօր աշխարհը կանգնած է նոր մարտահրավերի` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առջեւ։ Հայաստանը, ինչպես եւ մյուս երկրները, լուրջ անհանգստացած են։ Մեր խնդիրն է՝ նվազագույնի հասցնել մեր ժողովրդի համար այս ճգնաժամի բացասական հետեւանքները։ Մեզ մինչեւ այժմ հաջողվել է երկրում ապահովել ֆինանսական կայունություն, բայց բոլորիս համար էլ պարզ է, որ Հայաստանը չի կարող զերծ մնալ նման գլոբալ գործընթացներից։ Եթե մենք չկարողանանք այլ երկրների հետ համեմատած ավելի լավ վիճակում լինել, ուրեմն մենք վատ ենք աշխատում, իսկ մենք չենք ցանկանում վատ աշխատել»,- ասել է նա:
Շվեյցարահայ համայնքին Ս. Սարգսյանը կոչ է արել շարունակել աշխատանքը: «Այն, ինչ դուք անում եք տարիներ, տասնամյակներ ի վեր»,- ասել է Ս. Սարգսյանը` հորդորելով «մի քիչ ավելի ակտիվ լինել, ավելի շատ ջանքեր ներդնել»: «Խոսքը ոչ միայն նրա մասին է, որ կա ճգնաժամ, կան խնդիրներ, այլեւ, որ մենք ցանկանում ենք Հայաստանում ունենալ ավելի մեծ հաջողություններ, քան ունեցել ենք այս 17 տարիների ընթացքում: Ու կախված այն հանգամանքից, թե յուրաքանչյուր հայ ինչպիսի մասնակցություն կունենա այս աշխատանքներում, դրանից է կախված լինելու իրական արդյունքը: Նորից եմ կրկնում` յուրաքանչյուր հայ, ոչ թե` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովհետեւ մեր ներուժը մեր միասնականության մեջ է: Համախմբվածությունն ու միասնականությունը մեզ պետք են օդի ու ջրի պես։ Ազգային միասնականությունը, կարգախոս լինելուց բացի, լավ աշխատելու, մեծ գործեր ձեռնարկելու եւ հաջողության հասնելու միակ գրավականն է»,- ասել է Սերժ Սարգսյանը, ում ելույթի մասին հաղորդագրությունը հրապարակել է նախագահի մամլո ծառայությունը: Հայ համայնքի հետ հանդիպմամբ նա ավարտել է իր աշխատանքային այցը Շվեյցարիա: