Իշխանությունները որոշել են նոր` ավելի կտրուկ պատժամիջոց կիրառել «7-ի գործով» մեղադրվող քաղաքական գործիչների նկատմամբ, ովքեր որպես բողոքի միջոց՝ ոտքի չեն կանգնում՝ ի պատասխան «Ոտքի, դատարանն է գալիս» հայտարարությանը:
Եվ ահա, անցած հինգշաբթի օրը` հունվարի 29-ին, երեկոյան ժամը 18-ին ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ է գումարել եւ որոշել է հրատապ կարգով ԱԺ քննարկմանն ուղարկել օրենսդրական մի փաթեթ, որտեղ նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ Դատական օրենսգրքում եւ «ՀՀ քրեակատարողական ծառայության մասին» օրենքում: Կառավարության ներկայացրած առաջարկության համաձայն` դատարաններին իրավունք է վերապահվում դատական նիստն անցկացնել առանց ամբաստանյալների:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ առաջարկեց կառավարության վերոնշյալ փաթեթը քննարկել 15 օր հետո եւ չներառել այս գումարման ԱԺ նիստերի օրակարգ, քանի որ, ինչպես նա նշեց` կառավարության այդ փաթեթը ստացվել է ուրբաթ օրը երեկոյան, եւ դեռ չկա դրա վերաբերյալ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի եզրակացությունը: Դա էլ, իր հերթին, դեռ չի ստացվել, քանի որ, ըստ նրա, Ստրասբուրգից դեռեւս չի վերադարձել հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Եվ այսպես. ըստ կառավարության առաջարկության, «դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորող ամբաստանյալներին» դատավորը մեկ անգամ նախազգուշացնում է: Իսկ եթե նախազգուշացնելուց հետո ամբաստանյալները շարունակում են «ոչ հարգալից» մոտեցում ցուցաբերել դատարանի նկատմամբ, դատավորն իրավունք է ստանում որպես պատժամիջոց նրանց հեռացնել դատարանի դահլիճից եւ դատական նիստը շարունակել առանց ամբաստանյալների մասնակցության: Այսինքն` «7-ի գործով» դատավարությունների մեկնարկից հետո հնչող կանխատեսումները, որ իշխանությունները վերջին նիստերն անցկացնելու են առանց քաղբանտարկյալների, ըստ էության, իրականություն են դառնում: Ոչ միայն իրականություն են դառնում, այլեւ ստանում են օրենսդրական «հիմնավորում»:
Արձագանքելով այս փոփոխություններին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ նման դրույթ ՀՀ Դատական օրենսգրքում նախկինում կար, որը, սակայն, երկու տարի առաջ փոփոխվեց: Իսկ եթե այսօր կառավարության այս առաջարկություններն ԱԺ-ն ընդունի, ապա «դժվարանում եմ ասել, թե ինչպես է դատարանն առանց նրանց դատ անելու»: Իսկ «7-ի գործով» մեղադրվող ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանը մեզ հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Սա միանշանակ մարդու իրավունքների ոտնահարում է: ՀՀ Դատական օրենսգիրքը նոր էր ընդունվել, որը, փաստորեն, երկու տարվա կյանք էլ չունեցավ: Նախկին տարբերակում այդ դրույթը կար. եթե ամբաստանյալը դատարանին չի ենթարկվում, խախտում է կարգուկանոնը, եւ այլն` պատժամիջոցներ էին կիրառում: Օրինակ, նախազգուշացնում էին, տուգանքի էին ենթարկում, եւ վերջին պատժամիջոցն այն էր, որ մինչեւ 2 շաբաթով հետաձգում էին դատական նիստերը` այն չներառելով կալանքի ժամկետի մեջ»,- ասաց նա: Ի դեպ, կառավարության առաջարկություններից մեկն էլ վերաբերում է հենց այս դրույթին, ըստ որի` մինչեւ 2 շաբաթվա ժամկետը պետք է ներառվի պատժաչափի մեջ: Այն անցումային նորմերով տարածվում է նաեւ մինչ այս օրենքն ուժի մեջ մտած գործերի, այդ թվում նաեւ՝ «7-ի գործով» դատավարության վրա:
Հ. Արսենյանի գնահատմամբ` ՀՀ Դատական օրենսգրքում նման փոփոխություն կատարելն ակնհայտ նահանջ է. «Այս օրենսգիրքն, այսպես ասած` մոտեցվել էր եվրոպական չափանիշներին, որը պարտադրում էր, որպեսզի մարդու ներկայությամբ իրականացվի դատական գործընթացը: Իսկ սա փաստորեն նահանջ է: Իմ կարծիքով` սրանով իշխանությունները օրենսգիրքն ավելի են սրացնում: Խոսքով այլ բան են ասում, գործով` այլ գործողություններ են կատարում»:
Որոշ գնահատականներով` կառավարության այս առաջարկությունը խիստ վտանգավոր է, քանի որ դատավորն ինքն է որոշելու, թե որն է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, որը` ոչ: Իսկ այս պարագայում, ըստ մեր զրուցակիցների` դա կարող է մարդու մի քանի հիմնարար իրավունքի խախտում համարվել, քանի որ ոչ բոլոր դեպքերում է, ասենք, դատարանում ոտքի չկանգնելը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում: Արդյոք, եթե «7-ի գործով» մեղադրյալները ոտքի չեն կանգնում, դա անհարգալից վերաբերմո՞ւնք է դատարանի նկատմամբ, թե՞ ոչ: Հ. Արսենյանը միանշանակ պատասխանեց. «Իհարկե, ոչ: Դատավորը նույնիսկ չի հարցնում` հարգելիս, ինչո՞ւ ոտքի չես կանգնում: Այ, պատասխանն արդեն էական է: Օրինակ, Մյասնիկ Մալխասյանը հոդացավեր ունի, նա չի կարողանում ոտքի կանգնել: Մյուսներն էլ ասում են` քաղաքական դրդապատճառներով, քանի որ այս իշխանությունների օրոք դատական իշխանություն գոյություն չունի, հավատ չունենք, շինծու քրեական գործ են բերել, եւ քաղաքական հետապնդման արդյունքում են հայտնվել այնտեղ: Բայց նրանց դատավորը ոչինչ չի հարցնում»: Ըստ Հ. Արսենյանի` կառավարությունն իրավիճակային խնդիր է փորձում լուծել իր այդ նախաձեռնությամբ. «Նույնիսկ այդ օրենքն են փորձում հարմարեցնել իրենց կամքին` իրենց նպատակներին հասնելու համար»:
Մեր հարցին, թե` ի՞նչ իմաստ ունի նման փոփոխություն կատարել վերոնշյալ օրենքներում, եթե ԵԽ ԽՎ-ի կողմից ընդունված նոր` 1643 բանաձեւի պահանջով իշխանությունները պարտավորվել են մինչեւ ապրիլ վերանայել ՀՀ Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածները, եւ ազատ արձակեն քաղբանտարկյալներին, Հ. Արսենյանն ասաց. «Սա այսրոպեական փոփոխություն է, որն, իհարկե, իր մեջ շատ մեծ վտանգներ է պարունակում: Սա նահանջ է մարդու իրավունքների եւ պաշտպանության տեսակետից»:
ԱԺ-ին ներկայացրած ՀՀ կառավարության փաթեթում ներառված մեկ այլ առաջարկության համաձայն էլ` պետք է փոխվեն դատարանակազմության սկզբունքները: Առաջարկվում է վերացնել Քրեական դատարանները` թողնելով միայն Ընդհանուր իրավասության դատարանները: Այսինքն` այս փոփոխությունն ընդունելու դեպքում էլ` հնարավոր է փոխվի նաեւ այն դատարանը, որտեղ այժմ քննվում է «7-ի գործը»: