Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վարչապետի պաշտոնում առաջարկել է փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար, 33-ամյա Նիկա Գիլաուրիի թեկնածությունը, որը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից: Հիշեցնենք, որ արդեն նախկին վարչապետ Գրիգոլ Մղալոբլիշվիլին ուրբաթ օրը հրաժարական էր ներկայացրել` պատճառաբանելով առողջական խնդիրները: Նրա պաշտոնավարման ընդամենը 3 ամիսներին կառավարության կազմը 2 անգամ փոփոխվեց: Այդ ընթացքում նաեւ արտահայտվեցին նրա եւ Մ. Սահակաշվիլիի տարաձայնությունները: «Այժմ էքսպերիմենտների ժամանակը չէ, եւ պետք է լրջորեն մտածել ֆինանսական ճգնաժամին դիմակայելու մասին»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: «Նոր կառավարությունը պետք է աշխատի զինվորական շտաբի ռեժիմով` գիշեր-ցերեկ, որպեսզի կարողանա կանխել գործազրկության աճը, ստեղծի նոր աշխատատեղեր եւ դիմակայի տնտեսական ճգնաժամին»,- կառավարության նիստում ներկայացնելով նոր վարչապետի թեկնածուին՝ ասել է Սահակաշվիլին: