«Համբալություն կանեմ, բայց մարմնավաճառությամբ չեմ զբաղվի»,- ասում է 16-ամյա Էլմիրան

07/02/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

16 տարեկան Էլմիրայի ծանր հոգեվիճակի արտացոլանքն օրեցօր ճերմակող մազերն են: Քարացած «գամվել» է աթոռին, կարծես նստել է մեղադրյալի աթոռին` եւ ուր որ է՝ մահապատժի են ենթարկելու: Էլմիրան խուսափում է նայել մարդկանց աչքերին, որովհետեւ իրեն անխնա դատապարտում են մի բանի համար, որին ինքն էլ է դեմ: Մայրը` Անժելան, մարմնավաճառությամբ է զբաղվում: Էլմիրան չի ներում մորը, որովհետեւ չի ընդունում այդ քայլին գնալու նրա դրդապատճառները: Չորս երեխաների մայր Անժելան մարմնավաճառությամբ փող վաստակելու քայլը պատճառաբանում է երեխաների քաղցած լինելու հանգամանքով: Էլմիրան ատելությամբ նայում է մորն ու հայացքը թաքցնում է ափերի մեջ: Ասում եմ` «Շատ հուզված ու թախծոտ ես»: «Հա՛,- ասում է,- ընդհանրապես ես չեմ ծիծաղում ու քիչ եմ ժպտում: Ծիծաղալու առիթ չկա: Մենակ ամաչելու առիթ կա, մարդիկ ծաղրում, հազար բան են ասում մեզ»: Էլմիրան ընդհանրապես հանրակացարանի իրենց սենյակից դուրս չի գալիս, խուսափում է մարդկանց հետ բախումից: Օրերով, ամիսներով փակվում է տանն ու անծանոթ մարդկանց առջեւ երբեք դուռը չի բացում: Վախենում է… Այդ կերպ փորձում է պաշտպանել երեք մանկահասակ քույրերին, քանի որ մարմնավաճառությամբ զբաղվող մոր «հաճախորդներն» անկանխատեսելի ու վտանգավոր են: Քույրերի խնամքը, ամենօրյա հոգսերը թույլ չեն տվել, որ այս երիտասարդ աղջիկը շարունակի սովորել խոհարարական ուսումնարանում: Ասում է` «Էնքան էի երազում կրթություն ստանալու մասին: Ուզում էի կարգին մարդ դառնալ, նորմալ աշխատանք ունենալ, ամուսնանալ եւ լավ մայր լինել, բայց… Ուսումնարանը թողեցի…»: Բայց չստացվեց, որովհետեւ մի տղա սիրահարվելով Էլմիրային՝ ամուսնության առաջարկություն է արել: Հետագայում իմացել է, որ մայրը մարմնավաճառություն է անում, ու ամուսնության հետ կապված բոլոր ծրագրերը ձախողվել են: Էլմիրայի փեսացուն լքել է նրան` մոր արարքների համար: Ասում եմ` «16 տարեկան ես, բայց մազերդ սպիտակել են»: Էլմիրան աչքերը լցնում է. «Հոգսերս շատ են, երեխեքին ես եմ պահում: Մազերս էս մի տարվա մեջ սպիտակեցին: Մորս մեղադրում եմ, բայց երեխեքը սովից մեռնում են, չի հասցնում: Ես երբեք էդ գործով չեմ զբաղվի, էդ ճանապարհը կեղտոտ, աններելի ա, երբեք… Համբալություն կանեմ, բայց էդ գործով հաստատ չեմ զբաղվի»: Էլմիրան խորը մարդ է, ու նրա տխրությունը չի կարող անտարբեր թողնել որեւէ մեկին: Ասում եմ` «Ախր շատ տխուր ես, քո տարիքի երիտասարդները կենսուրախ պիտի լինեն»: Պատասխանում է` «Ես տենց եմ, տխուր եմ, որովհետեւ իմ կյանքում ոչ մի լավ բա չկա: Ոչ մեկի հետ չեմ շփվում: Իմ կյանքը խորտակվել ա»:

Յուրաքանչյուր «կլիենտից»՝ 3000-4000 դրամ

Մարմնավաճառությամբ փող վաստակող Անժելան հասկանում է Էլմիրայի՝ իրեն չներելու դիրքորոշումը: Ասում է` «Երբեք թույլ չեմ տա, որ երեխաս ճիշտ ուղուց շեղվի: Ես սխալվել եմ, բայց չեմ թողի, որ իմ սխալը կրկնի: Ինքն էլ չի գնա, ինքն ինձ չի ներում»:

Անժելան իր չորս երեխաների հետ, 26 տարի է, ապրում է Ավտոդողերի գործարանի հանրակացարանի մի սենյակում, որի պայմանները նկարագրելու համար հարմար բառեր չեմ գտնում: Սենյակը սոսկալի գարշահոտում է, քանի որ մանկահասակ երեխաների սառը ջրով լվացած հագուստը պատերից կախելով են չորացնում: Արդեն մեկ շաբաթից ավելի էր՝ Անժելայենք լույս չունեին, սակայն երեկ էլեկտրիկը խղճացել եւ միացրել է: Ասում է` «Երեխեքը ցրտահարվեցին, ո՛չ կարում էինք ուտելու բան սարքել, ո՛չ էլ տաքանալ: Մոմի լույսի տակ ահավոր էր: Շունը կսատկեր, բայց դիմանում ենք»: Առաջ մոր հետ ավտոդողերի գործարանում աշխատում, նորմալ ապրում էր, սակայն նրա մահից հետո օրերով, շաբաթներով քաղցած էին մնում: Ասում է` «Զավոդը փակվեց, ու ես սկսեցի մարմնավաճառություն անել: Աչքիս առաջ երեխես թուլանում, սովամահ էր լինում»: Անժելան վստահեցնում է, որ տեւական ժամանակ է՝ այդ գործով չի զբաղվել, սակայն 36.000 դրամ ընտանեկան նպաստն ուշացնելու դեպքում` գնում է այդ քայլին: Ասում է, որ հարեւանները շատ են օգնում, երեխաներին պարբերաբար կերակրում են, հնամաշ հագուստ են տալիս, բայց գալիս է մի պահ, երբ կանգնում է փակուղու առաջ: Մարմնավաճառությամբ զբաղվելիս Անժելան յուրաքանչյուր հաճախորդից պահանջում է 3000-4000 դրամ: Հիմնականում փողոցներում կանգնելով է առաջարկում ծառայություն մատուցել: Հարցնում եմ` «Բայց կարող ես, չէ՞, ուրիշ աշխատանք գտնել, թեկուզ հավաքարարություն»: Պատասխանում է` «Չէ՛, անձնագիր են ուզում, որ փաստաթղթերով ձեւակերպեն, իսկ ես չեմ կարա փաստաթղթերս տամ, «Փարոսից» կկտրեն: Մենք էդ 36.000-ով ենք ապրում»: Անժելան վստահեցնում է, որ սեռական հիվանդությամբ վարակվելու, երեխաներին վտանգ սպառնալու հավանականությունը քիչ է, քանի որ պարբերաբար ստուգվում է: Նրա երեք մանկահասակ երեխաները մարմնավաճառությամբ զբաղվելու հետեւանք են, չի պաշտպանվել, սակայն վստահեցնում է, որ ներկայումս պաշտպանվում է: Երկու ամսական Ժենյային մի քանի օր առաջ են դուրս գրել հիվանդանոցից: Անժելան պատմում է` «Երեխեն գրկիս մեջ թուլացավ, ուշագնաց եղավ: Դու մի ասա՝ սովամահ ա լինում: Նիհարել, հյուծվել էր: Տարանք հիվանդանոց` պարզվեց՝ սննդի պակասից ուշաթափվել, մահամերձ վիճակում ա: Ուղիղ 40 օր սիստեմայի տակ ա եղել, հույս չկար, որ կփրկեն: Էնքան գլյուկոզա ներարկեցին, որ հետ եկավ»: Երկու տարեկան Մակվալայի վարքագիծն ինձ ապշեցնում է: Իմ այցելության պահից սկսած մինչեւ հրաժեշտ տալն այս երեխան ձեռքերը դողացնելով վերցնում էր սենյակում առկա բոլոր դատարկ գդալներն ու պատառաքաղներն եւ սկսում էր դրանք ագահորեն լպստել: Կարծես շատ համեղ ինչ-որ բան էր ուտում: Երեխան այնքան լարված էր կրծոտում երկաթե պարագաները, որ թվում էր` քաղցից պատրաստ է ուտել ամեն ինչ, ընդհուպ երկաթե գդալները: Երբ Էլմիրան փորձում էր նրա ձեռքից խլել գդալներն ու պատառաքաղները` վերջինս հիստերիկ ճիչերով լաց էր լինում:

Անժելան շուտով վաճառելու է հանրակացարանի իր սենյակը, քանի որ Էլմիրայի ամուսնության կապակցությամբ պարտքեր է կուտակել: Հարեւանուհուց հագուստ է վերցրել՝ աղջկա համար օժիտ պատրաստելու, սակայն, երբ ամուսնությունը ձախողվել է` դրանք վերադարձնելու հնարավորություն չի ունեցել: Հարեւանուհին 250.000 դրամ կազմող հագուստի պարտքը ստանալու համար Անժելային սպառնում է իրավապահ մարմիններին տեղեկացնել մարմնավաճառությամբ զբաղվելու նրա հանցավոր կյանքի մասին: Ասում է` «Քեզ քաչալացնել կտամ, կուղարկեմ գաղութ»: Անժելան վախենում է կալանավայրում հայտնվելուց, դրա համար էլ պատրաստվում է սենյակը վաճառելով պարտքը մարել: Մանկահասակ երեխաները ձմռան ցրտին շուտով կհայտնվեն փողոցում: Անժելան ասում է` «Եթե ինձ ձեռք մեկնեին, երեխաներովս եմ երդվում` էլ չեմ անի մարմնավաճառություն»: Անժելան երդվում է այլեւս չզբաղվել այդ գործով, միայն թե այդ 250.000 դրամ պարտքը մարելու համար իրեն ձեռք մեկնող գտնվեր: