«Գրքին արտոնյալ կարգավիճակ տալով՝ միայն շահում ենք»

07/02/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Հայաստանում գրքի շուկան միանգամից երեք ոտքով է «կաղում»։ Օրենսդրական դաշտի անկատարությունն ու գրքի հանդեպ հետաքրքրության պակասը հանգեցրել են նրան, որ գիրքը անհեռանկարային ապրանք է դարձել։ Իհարկե, բոլորն են համաձայն, որ գիրքը սոսկ ապրանք լինելուց բացի՝ նաեւ աշխարհայացք ձեւավորող շղթա է, որի երկարությունն ու ամրությունը ուղիղ համեմատական է քաղաքացու՝ իրեն ներդաշնակ զգալու կարողության հետ։ «Անտարես» գրահրատարակչական հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ Հայաստանում գիրք տպագրելը բիզնես չէ, այլ՝ քաղաքացու դիրքորոշում է։ Իսկ հակաբիզնեսային քայլերի դիմող անհատները վաղ թե ուշ հանգում են նրան, որ եթե պետական մակարդակով բարեփոխումներ չլինեն, ապա լավագույն ելքը Հայաստանից հեռանալն է։ Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ ազատ մրցակցության կողմնակիցն է, իսկ այսօր գրքի ոլորտում ոչ մի ազատ քայլի մասին խոսել չի կարելի, քանի որ պետպատվերները թերի են, իսկ հարկային բեռը ապարդյուն է դարձնում գրքի շուկայի զարգացումը։ Հայաստանի Հանրապետությանը գրքեր պետք չեն։ Ու թեեւ Մշակույթի նախարարությունը հայտարարում է, որ առաջընթաց կա, դա ավելի շուտ ինքնախաբեություն է, քանի որ գրախանութներ են փակվում, իսկ օրենքը չի հարմարեցվում այսօրվա թելադրանքին։ Այսօրվա թելադրանքը գրքին արտոնություն տալն է, նաեւ՝ գրքի քարոզն անելն է։ Ֆրանկֆուրտի ամենամյա գրքի տոնավաճառն, օրինակ, ընտրել է «Միայն ուղտերը գիրք չեն կարդում» կարգախոսը, որը փակցնում են կենդանի ուղտերի թիկունքին ու բաց թողնում քաղաքում։ Այդ կարգախոսն իր արդյունքն է ունենում, գերմանացիներն իրենց նսեմացված են զգում, երբ գրքի նորություններից հեռու են հայտնվում։ Իսկ մենք դրանից վատ չենք զգա, քանի որ մեր օրերում հայաստանցիներին «ուղտ» դարձնելու գործը շատ հաջող իրականացվում է պետական մակարդակով։

– Ռուսաստանում եւ Ուկրաինայում գրքի «բում» է։ Ինչպե՞ս դրան հասան։

– Ռուսաստանը 1998-ին գիրքը հանեց հարկման դաշտից, իսկ 2005-ին նորից հարկման դաշտ մտցրեց, քանի որ ռուս իշխանավորները հասկացան, որ գրքի ինդուստրիան կահույքի կամ մետաղամշակման ինդուստրիայից ոչնչով պակաս չէ։ Գիրքը շատ լուրջ ու հզոր բնագավառ է, եւ Ռուսաստանը դրա ապացույցը ստացավ հարկերի բեռը թեթեւացնելուց 4 տարի հետո։ Իսկ Ուկրաինան գրքի շահութահարկը դարձրեց 5%, եւ նույն արդյունքին հասավ. գրքի հանդեպ փոխվեց վերաբերմունքը, հիմա ամեն քայլափոխի գրախանութներ են բացվում։ Եվ դրանք պետությանը եկամուտ են բերում։

– Իսկ մեզ մոտ ինչպե՞ս է։

– Մեզ մոտ գիրքը վատ բան է, հատկապես՝ գեղարվեստական գիրքը։ Դասագրքերն ու մանկական գրքերը ազատված են շահութահարկից։ 5000 տպաքանակ ունենում են դասագրքերը, եւ միայն դրանք են շահույթ բերում։ Դա է պատճառը, որ դասագրքեր տպագրելու իրավունք ստանալու համար բոլորն իրար «մորթում» են։ Հրատարակիչներից բացի, այդ գործին խառնվում են պատգամավորները… Իսկ գեղարվեստական գրականություն չկա։ Հարց է ծագում. եթե չկա, ինչո՞ւ են այն հարկում։

– Միգուցե, որպեսզի այն չլինի։

– Պարզ բան ասեմ. գեղարվեստական գիրք տպագրող հրատարակչությունների վրա գիրքն արժենում է 45% ավելի թանկ, քան կարող էր արժենալ։ Իսկ դա շատ լուրջ տարբերություն է։

– Քանի որ գիրք գնելու ավանդույթն է կորել, ճիշտն ասած, գրախանութներ էլ չկան, ընդամենը երկուսն են, միգուցե հատուկ PR կամպանիայի, գովազդի միջոցով կարելի՞ է դրանք հասարակությանն առաջարկել։

– Հիմա փորձում ենք գիրքը վաճառել սուպերմարկետներում։ Հատուկ շարժական ստենդներ ենք դնելու նաեւ «Հայփոստի» բոլոր բաժանմունքներում։ Բայց եթե պետական ծրագիր չլինի, ոչ մի հրատարակիչ չի կարողանա աշխատել, ու գրքի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվի։ Հիմա գիրք տպագրելը վնասաբեր է, բոլորս էլ աշխատում ենք գիրք վաճառել միայն տպագրության ինքնարժեքով՝ հաշվի առնելով գրքի հեռանկարային շուկան, եւ հույս ունենք, որ այսօր տպագրված գիրքը կարող է 10 տարի հետո էլ վաճառվել։

– Իսկ հրատարակչությունները ունենո՞ւմ են գրական ագենտներ, որոնք զբաղվում են հեռանկարային վեպերի նախապատրաստմամբ կամ «որսով»։ Կամ էլ փորձում են սկանդալային շղարշի տակ գիրք վաճառել։

– Կան գրքեր, որոնց մասին ավելի շատ խոսում են, քան կարդում են։ Ասենք, «Հարրի Փոթերը»։ Դա լուրջ PR պահանջող արտադրություն է։ Վերջերս մենք, օրինակ, լուրջ ուսումնասիրել ենք Նիկոլ Փաշինյանի վեպը, որը տպագրվում է «Հայկական Ժամանակ» թերթում՝ հասկանալու համար, արդյոք դա կվաճառվի՞, եթե գրքի տեսք ստանա։ Մի կողմ դնենք քաղաքական հարցերը, մենք զուտ կոմերցիայի տեսանկյունից էինք այդ վեպը գնահատում։ Եվ տեսանք, որ այն մարդիկ, որոնք կգնեին այդ վեպը, արդեն այն կարդացել են թերթի էջերում։ Եվ եթե ուզեն, թերթը քսերոքս կանեն (դա ավելի էժան է), բայց գիրք չեն գնի։ Այսօր Հայաստանում բացակայում է ստեղծագործական միտքը։ Ցույց տվեք ինձ լավ վեպ, եւ ես այն կտպագրեմ։ Ընդհանրապես հայաստանցի գրողների մոտ շատ լուրջ պրոբլեմ կա, նրանք այնքան երկար են աղքատ եղել, որ հիմա, երբ մի գիրք են տպագրում, անպայման ուզում են այդ գրքով լուծել իրենց կյանքի բոլոր խնդիրները ու գիրքը շատ թանկ գնով են առաջարկում։ Հիմա շատ անգամ մենք հեղինակային իրավունքները ձեռք ենք բերում արտասահմանյան գրողներից ու նկարիչներից, քանի որ այդպես եւ՛ ավելի էժան է, եւ՛ ավելի որակյալ է։ Հայաստանում «զրոյից» գիրք պատրաստելն անիմաստ է։ Վատ բան ասեմ. Հայաստանում հիմա միտք անգամ չի ծնվում։

– Բայց մենք տարբեր գրքի տոնավաճառների ենք մասնակցում։ Մտքեր չե՞ն ծագում։

– Արդեն 9 տարի է՝ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում մենք առանձին ստենդով ենք ներկայանում, ու կարող եմ ասել, որ միայն անցյալ տարի (այն էլ պատահական, քանի որ ինձ վրացի հրատարակչի հետ շփոթեցին) ես կարողացա մասնակցել գրքի գործակալների կոնֆերանսին։ Իհարկե, ինձ թույլ չտվեցին մտնել այն տաղավար, որտեղ հավաքվում են համաշխարհային գրքի շուկայի հսկաները, որոնք գրքի հեղինակային իրավունքներն են վաճառում, որոշում են գրքի վաճառքի ուղղությունները, թարգմանության հարցերը։ Այդ մարդիկ լուրջ պատրաստված «ագենտներ» են, եւ նրանք են «եղանակ» ստեղծում։ Իսկ մեզ ոչ ոք այնտեղ ոչ ճանաչում, ոչ էլ սպասում է։ Այնտեղ Հայաստանը մուտք չունի, մեզ համար դուռը փակ է, քանի որ մենք չունենք այն մակարդակը, որը պահանջվում է։ Եվ դա օբյեկտիվ կարծիք է։ Վրացիներն, օրինակ, արդյունքի հասել են։ Նրանք ունեն մանկական վրացական հեքիաթների գիրք, որի վրա 7 տարի աշխատել են ու այդ գրքով են համաշխարհային շուկա մտել՝ վաճառելով այն օտարին։ Եվ երբ մենք ասում ենք, որ Մաշտոց ունենք, Նարեկացի ունենք, հին մշակույթ ունենք, պետք է հասկանանք, որ այսօր իրականում ոչ մի բան էլ չունենք։ Իսկ Վրաստանն ունի, այնտեղ հրատարակիչների համար հիանալի պայմաններ են ստեղծվում, ես նույնիսկ ուզում եմ իմ բիզնեսը Վրաստան տեղափոխել։

– Ինչպե՞ս կարելի է ուղղել իրավիճակը։

– Անձամբ ես մի քանի անգամ նամակներ եմ գրել վարչապետին՝ ասելով, որ եթե մենք հիմա խոսում ենք իմպորտը տեղական ապրանքով փոխարինելու մասին, ապա եկեք ուշադրություն դարձնենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր տետրերը տպագրվում են այլ երկրներում։ Իսկ դա լուրջ մշակութային խնդիր է առաջացնում, քանի որ մեր օգտագործած տետրերի վրա գրված է՝ «Օքյուլ դեֆտերի»՝ այդ անվանը համապատասխան նկարներով։ Եկեք հաշվենք։ Ամեն տարի մեր աշակերտները (էլ չեմ ասում ուսանողների ու տետր օգտագործող այլ մարդկանց մասին) առնվազն 10 մլն տետր են օգտագործում, յուրաքանչյուր տետրի միջին արժեքը 100 դրամ է, եւ դա նշանակում է, որ տարեկան մենք կորցնում ենք 1 մլրդ դրամ։ Արդյոք այդ գումարը մեր բյուջեին հարկավո՞ր չէ։ Հայաստանի մաքսային սահմանից ներս տետրն արժե ավելի էժան, քան այն թուղթը, որը նախատեսված է՝ տետր արտադրելու համար։ Այդ պատճառով էլ տետր են ներմուծում, այլ՝ ոչ թե թուղթը, որը կարող էր արդյունաբերության հիմք դառնալ։ Այսինքն, Հայաստանի իշխանությունները, կոնկրետ այս դեպքում, ամեն ինչ անում են՝ Թուրքիայի տետրի արտադրությունը զարգացնելու համար։ Փող են ներդնում՝ Թուրքիայի շուկան զարգացնելու համար։ Ես հակաթուրքական կեցվածք չունեմ, պարզապես փաստերն եմ ներկայացնում։ Այսօր այդ իրավիճակին շատ հետաքրքիր ձեւով դիմակայում է Ղարաբաղը, որտեղ ապրող մի քանի մեծահարուստ «թասիբով» մարդիկ իրենց հողի տեսարժան վայրերը պատկերող տետրեր են արտադրում ու անվճար բաժանում են գյուղերի դպրոցներին։ Նրանց արտադրած տետրերը բավարարում են գյուղական դպրոցների պահանջները։

– Օրենքում փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին պնդելն անհնա՞ր է։

– Հարկավոր է, որ մեր կառավարությունում, դատարկախոսներից բացի, գոնե մի քանի մտածող մարդ լինի։ Իսկ դուք՝ որպես քաղաքացի, որպես լրագրող՝ որեւէ դրական տենդենց տեսնո՞ւմ եք, կա՞ արդյոք գոնե մի խոստում, որը իրականացվել է։ Համոզված եմ, որ՝ ոչ։ Հավատը գնալով պակասում է։ Եվ տեսնում ես, որ չինովնիկը այսօրվա «նաղդը» (ՆԴՍ-ի տեսքով) չի թողնի ու չի մտածի մի քանի տարի հետո կատարվելիքի մասին, որովհետեւ ինքն էլ չգիտե՝ երկու ամիս հետո զբաղեցնելո՞ւ է, թե՞ ոչ իր աթոռը։ Հրատարակիչների ասոցիացիան մի քանի անգամ դիմել է տարբեր մարմիններին ու ստացել է պատասխան, որ մեր հանրապետությունը չի ուզում որեւէ ճյուղի արտոնություն տալ։ Գիրքը համեմատվում է մսի, թթվասերի, կոշիկի հետ։ Չինովնիկներն ասում են՝ ի՞նչ տարբերություն, ապրանքը ապրանք է։ Գիրքը նույնացնելով կոշիկի հետ, երբեք արդյունքի չես հասնի։

– Բայց Ռուսաստանը հասավ, եւ հիմա շատ ավելի մեծ եկամուտ է ստանում գրքից, քան կոշիկից։

– Ռուսաստանի չինովնիկների մեծամասնությունը կրթված մարդիկ են։ Իսկ մեզ մոտ որտե՞ղ են կիրթ մարդիկ։ Ով կար՝ հեռացավ Հայաստանից, իսկ մնացածներն էլ իրար նայելով բողոքում են։ Ընդ որում՝ բողոքում են ամեն ինչից։ Մեզ մոտ չկա հավատ՝ ղեկավարի հանդեպ։ Եվ դա եկել է կեղծ ընտրություններից, հիմա ոչ ոք ոչ մեկին չի հավատում։ Եթե գոնե մեկ մտածող ու իրապես ընտրված մարդ հայտնվի բարձր պաշտոններում, նա կկարողանա փոխել իրավիճակը։ Արաբներն, օրինակ, հաստատ մեզանից ավելի քաղաքակիրթ չեն, բայց Արաբական Էմիրությունները՝ մի գրամ խմելու ջուր անգամ չունենալով, դարձել են խմելու ջրի աշխարհի ամենախոշոր արտահանողներից մեկը, քանի որ օվկիանոսի մեջ սարքեր են տեղադրել ու ջուր են մշակում։ Դա ոչ թե պետության հարստության, այլ՝ իշխանավորների կամքի հետեւանք է։ Այսինքն, հող կա, եւ այդ հողն իր տերն ունի։ Մեր հողի տերն ու պատասխանատուն ո՞վ է։ Երամի անդամը առաջնորդ է դառնում այն ժամանակ, երբ նրան ընտրում է մեծամասնությունը։ Երամի լիդերը՝ ընտրվելու պահից սկսած՝ իմանում է, թե ուր է տանելու իր երամին։ Նա գիտե ճանապարհը։ Նույնն էլ հանրապետության նախագահի պարագայում է։ Եթե նրան մեծամասնությունն է ընտրել, ուրեմն նա գիտե ճանապարհը։ Եվ մենք՝ մեր քվեն տալով ցանկացած ընտրված պաշտոնյային, պետք է աչքերը փակ կարողանանք վստահել նրան, եթե, իհարկե, նրան մեծամասնությամբ ենք ընտրել։ Եվ թող նա ասի՝ մեզ պե՞տք է, թե՞ պետք չէ հանել գրքի շահութահարկը։ Միգուցե մեզ ընդհանրապես գրքի շուկան զարգացնել պետք չէ։ Բայց թող այդ մասին հայտարարվի։ Ես գիտեմ մի բան. որքան էլ օրենքները վատը լինեն, դրանք պետք է կատարել։ Վրացիներն, օրինակ, շատ պարզ բան են անում. կատարում են այն, ինչը գրված է օրենքում։ Իսկ եթե օրենքը չի համապատասխանում կյանքի պահանջին, օրենքն են փոխում։ Իսկ մեզ մոտ եղած օրենքներն էլ չեն կիրառվում։