Մաֆիան բարգավաճում է

07/02/2009

Իտալական մաֆիան 2008 թվականին իր եկամուտներն ավելացրել է 1,4 անգամ` հասցնելով 130 մլրդ եվրոյի: Այս թվերը հրապարակել են Eurispes հետազոտական ինստիտուտի փորձագետները: Մաֆիոզ կառույցների եկամուտներն ավելի մեծ են եղել, քան Իտալիայի Eni խոշորագույն ընկերության եկամուտները: Ավելին` ըստ Bloomberg գործակալության, մաֆիան կարող է պարծենալ բիզնեսի շատ բարձր շահութաբերությամբ. անցյալ տարի շահույթը կազմել է 70 մլրդ եվրո: Մաֆիայի եկամուտների խոշորագույն աղբյուր է մնում թմրանյութերի առեւտուրը. այն 2008 թվականին բերել է մոտ 59 մլրդ եվրո: Զենքի վաճառքից ստացված հասույթը կազմել է 5,8 մլրդ եվրո: Ակտիվորեն զարգացող ուղղություն է «Էկո-հանցավորությունը», մասնավորապես, անլեգալ աղբանոցների ստեղծման բիզնեսը: Անցած տարի քրեական խմբավորումները ծանր տուրքեր սահմանելու եւ շորթումների միջոցով իտալական բիզնեսից «կորզել են» 92 մլրդ եվրո, ինչը համապատասխանում է երկրի համախառն արդյունքի մոտավորապես 6 տոկոսին: Երկրի խոշորագույն հանցավոր սինդիկատներն են սիցիլիական Cosa Nostra-ն, նեապոլյան Կամորրան եւ Կալաբրիայում գործող Ndrangheta-ն: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ քրեական շուկան երբեք չի տուժում ճգնաժամից»,- նշել է նեապոլյան մաֆիայի մասին պատմող «Gomorrah» բեստսելլերի հեղինակը` Ռոբերտո Սավիանոն: «Ես համոզված եմ, որ այս ճգնաժամը հսկայական հնարավորություններ կընձեռի հանցավոր սինդիկատներին»,- հայտարարել է նա: Eurisppes-ի գնահատմամբ` Իտալիայի իշխանություններին անցյալ տարի հաջողվել է կազմակերպված հանցավոր խմբավորումներից բռնագրավել 5,2 մլրդ եվրո: Ամենաշատը տուժել է Կամորրան, որը զրկվել է 2,9 մլրդ եվրոյից, սիցիլիական մաֆիայի կորուստները կազմել են 1,4 մլրդ եվրո, Ndrangheta-ինը` 231 մլն եվրո: