Տոմսերը թանկանալու են

01/02/2009

Այս տարվա մարտ ամսից ավիատոմսերի գները կբարձրացվեն` «օդի հարկը» տոմսի արժեքում ներառելու հետ կապված: Այս մասին երեկ տեղեկացրել է «Արմավիա» ընկերությունը` պարզաբանելով, որ «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխություններով պայմանավորված` 2009-ի մարտի 29-ից Հայաստանից մեկնողների ավիատոմսի արժեքում կներառվի «օդի հարկը»` բացառությամբ մինչեւ 12 տարեկան երեխաների, տարանցիկ ուղեւորների, Հայրենական Մեծ պատերազմի (ՀՄՊ) մասնակիցների, հաշմանդամների եւ վետերանների, ՀՄՊ-ում զոհված անձանց այրիների, Հայաստանի ազգային եւ Խորհրդային Միության հերոսների: Ընկերությունից ասել են, որ քանի որ ավիատոմսերի արժեքը կախված է եվրոյի փոխարժեքից, ապա «օդի հարկը» կներառվի որպես ֆիքսված գումար` 10.000 դրամի չափով: