Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ կայացավ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը: Այս անգամ վկայություն էր տալիս Ոստիկանության Հատուկ նշանակության վարչության նախկին պետ Տիգրան Հովհաննիսյանը: Վերջինս սկզբում պատմեց, թե Գ.Ջհանգիրյանին բերման ենթարկելու օրը` 2008թ. փետրվարի 23-ին, Ոստիկանության 6-րդ վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը «խումբ է ուզել Ոստիկանության մեկ այլ` Քրեական վարչության ինչ-որ զինված խումբ վնասազերծելու համար»: «Զինված խմբում» եղել է Գ.Ջհանգիրյանը՝ եղբոր վարորդի հետ: Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը Տ.Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե քանի՞ ծառայող է տրամադրել այդ նպատակով, կամ արդյո՞ք գիտեր, թե ո՞ւմ եւ որտե՞ղ են վնասազերծելու: Ցուցմունք տվողը չէր հիշում` վե՞ց, թե՞ ութ աշխատող է տրամադրել: Նա նաեւ ասաց, որ չգիտեր, թե ում պետք է վնասազերծեին: Լ.Սահակյանը տեղեկացրեց, որ այդ ծառայողները նախաքննական մարմնին ցուցմունք տալիս ասել են, թե իրենց յուրաքանչյուրին տեղեկացվել է, թե ուր եւ ինչի համար են գնում: Այդ դեպքում ո՞վ է ճիշտը: «Չգիտեմ»,- ասաց նախկին ծառայողը: «Ի՞նչ հրահանգ էր տրվել` բերմա՞ն ենթարկել, թե՞ վնասազերծել: Բա որ զենք չլինե՞ր մեր մոտ, էլի՞ պիտի բերման ենթարկեին, Տիգրան»,- Գ.Ջհանգիրյանի նման մի քանի խաչաձեւ հարցերից հետո վկան թերեւս այլ ելք չունենալով՝ ասաց, որ հրամանը եղել է` «բերման ենթարկել»: «Այ, ապրես, էդպես էլ ասա, էլ մի տանջվի»,- արձագանքեց Գ.Ջհանգիրյանը:
Եվ այսպես, Հատուկ նշանակության վարչության նախկին պետը երեկ իրեն ուղղված գրեթե բոլոր հարցերին անուղղակիորեն էր պատասխանում, կամ` ասում էր, թե չի հիշում: Պաշտպանները նաեւ ուզում էին իմանալ, թե ի՞նչ համազգեստ էին հագել Ոստիկանության ծառայողները Գ.Ջհանգիրյանին բերման ենթարկելիս: Հիշեցնենք, որ նրանք սեւ համազգեստով եւ դիմակավորված են եղել: Լ.Սահակյանը հարցրեց, թե ոստիկաններն այդ համազգեստն ի՞նչ իրավունքով էին հագել: Նախկին ոստիկանը պատասխանեց. «Նախարարի հրամանի համաձայն»: Նաեւ խոստացավ «ինտերնետից հանել ու ցույց տալ» հրամանը: Նույն պահին ինտերնետի միջոցով պաշտպանները ներկայացրեցին այդ հրամանը, որտեղ սեւ համազգեստի մասին հիշատակում չկար: «Ես կարդացել եմ, եղել է,- առարկեց Տ.Հարությունյանը եւ անմիջապես փոխեց նախորդ խոսքը,- դիմեք, թող ձեզ տրամադրեն հրամանը»: «Մադրիդյան սկզբունքի նման եղավ` ինտերնետում կա ու չկա»,- արձագանքեց Ջհանգիրյանը: Պաշտպանները հիշեցրին, որ ոստիկանների համազգեստի ձեւը սահմանվել է կառավարության որոշումով: Եվ այդ որոշման համաձայն՝ ոստիկաններն ունեն երեք տիպի` տոնական, ամենօրյա եւ պարեկապահակային համազգեստ: ՀՀ ոստիկանը սեւ գույնի եւ դիմակով համազգեստ չունի: «Ես չգիտեմ, թե Ռուսաստանի սպեցնազի՞, թե՞ Մոզամբիկի համազգեստն են հագել: Գ.Ջհանգիրյանը կամ մյուսը ո՞նց իմանան, որ դրանք ոստիկաններ են: Իմ համար դրանք ավազակախումբ են: Մաքսայինի Արմեն Ավետիսյանի տունն էլ սեւ դիմակավորներն էին մտել: Դրա՞նք էլ ձերոնք էին»,- հարցրեց Գ.Ջհանգիրյանը:
Գ.Ջհանգիրյանի ու իր պաշտպանների այս հարցադրումները նպատակ ունեին դատարանին ապացուցելու, որ, եթե ոստիկանը ծառայողական պարտականությունը կատարելիս իր օրինական համազգեստը չի հագել, ուրեմն նա ապօրինի գործունեություն է իրականացրել: Այսինքն` այդ պահին նա ոստիկան չէ, եւ իր գործողությունը ոչ թե ծառայություն, այլ` հանցագործություն է:
Ի դեպ, նիստի սկզբում Գ.Ջհանգիրյանը Տ.Հարությունյանից հետաքրքրվեց, թե երբ եւ ինչու է ազատվել աշխատանքից: Վերջինս պատասխանեց, որ ծառայությունից դուրս է եկել նոյեմբերին իր դիմումի համաձայն: «Հասկացանք` քո դիմումի համաձայն, բայց ինչո՞ւ»,- հարցրեց Ջհանգիրյանը: Նախկին ոստիկանը պատասխանեց, որ աշխատավարձը քիչ էր, իսկ կյանքը գնալով թանկանում էր: Գ. Ջհանգիրյանն էլ հայտարարեց. «թե՛ Տիգրանի, եւ թե՛ Գիզիրյանի (Ոստիկանության 6-րդ վարչության նախկին պետ) ազատումներն անմիջապես իմ հետ կապ ունեն»:
Ըստ Գ.Ջհանգիրյանի՝ նախապես հրահանգ է եղել Ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու պատրվակով այդ օրն իրեն սպանել: Սակայն, ինչպես հայտնի է, վերջինս դիմադրություն ցույց չի տվել, ու ոստիկանների օպերացիան ձախողվել է: Եվ ահա Ջհանգիրյանը համոզված է, որ հենց այդ օպերացիան ձախողելու համար էլ Ա.Գիզիրյանն ու Տ.Հովհաննիսյանը հեռացվել են Ոստիկանությունից: