Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում մարդու իրավունքների շարունակվող ոտնահարումների, քաղբանտարկյալների առկայության կապակցությամբ` արձանագրելով, որ երկրում բացակայում են արդարադատությունը, խոսքի ազատությունը, ինչպեսեւ ՀՀ իշխանությունների կողմից ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերում տեղ գտած պահանջների կատարմանն ուղղված իրական ջանքերը: «ԵԽ ԽՎ-ի լավատեսությունն առ այն, որ «ԱԺ-ի վերջին նախաձեռնությունը, շնորհված ներումների թիվը եւ անկախ, թափանցիկ ու վստահելի հետաքննություն անցկացնելու ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերը պետք է ընկալել որպես նշան, որ ՀՀ իշխանությունները պատրաստակամ են` կատարելու Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերում տեղ գտած պահանջները», ոչ միայն չի վերացնում «Ժառանգության» մտահոգությունը առ իշխանության խոստումների եւ գործողությունների միջեւ գոյություն ունեցող անջրպետը, այլեւ մղում է դեպի իրավական պետության կայացման հետեւողական պայքարի հուն: Այնինչ՝ իշխանությունները շարունակում են ընդդիմանալ ՀՀ-ում առկա քաղբանտարկյալներին օր առաջ ազատելու եւ մարդասպաններին ու նրանց հովանավորողներին ըստ նրանց գործած հանցանքների պատժելու հարցին եւ, հակառակ դրան, համառորեն շարունակում են իրականացնել իմիտացիոն բնույթի քայլեր, ինչպիսին եղավ խոսքի ազատության վերականգնման ուղղությամբ ԱԺ-ի` սեպտեմբերին կայացրած տխրահռչակ որոշումը»,- նշված է հայտարարության մեջ: