Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ) երեկ հայտարարություն է տարածել ՀՀ-ում օրեցօր խորացող տնտեսական ճգնաժամի եւ հնարավոր ծանր հետեւանքների մասին, որը տպագրում ենք ամբողջությամբ:
«Հանրապետությունում օրեցօր խորանում է ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Դրա հետեւանքն էր անցած տարվա վերջին եռամսյակում տնտեսական անկումը, տնտեսության բոլոր ճյուղերում ծավալների կրճատումը, երկրի մակրոտնտեսական իրավիճակին սպառնացող վտանգը։ Անխուսափելի դժվարությունները դիմագրավելու եւ տարածվող ճգնաժամի հետեւանքները մեղմելու ռացիոնալ մեթոդների դիմելու փոխարեն, ապօրինի վարչախումբն զբաղված է միմիայն կայունության պատրանք ստեղծելու այնպիսի քայլերով, որոնք ինքնին ավելի են նպաստում ճգնաժամի խորացմանը ու կանխորոշում դրա աղետալի հետեւանքները։ Խոսքը վերաբերում է մասնավորապես դրամի արհեստական արժեւորման կանխամտածված քաղաքականության շարունակմանը, ինչն իրականացվում է առեւտրային բանկերի գործունեությանը կոպիտ միջամտությամբ, ընդհուպ՝ փոխանակման կետերի գործունեության նկատմամբ իրավապահ մարմինների ուժի գործադրմամբ։ Դրամի արհեստական արժեւորումը ներկայացվում է որպես գնաճի զսպման մեխանիզմ, մինչդեռ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում այն դառնում է տնտեսության փլուզման առավել վտանգավոր նախադրյալը, ինչպես նաեւ մատնում դրա իրական, հանցավոր էությունն ու նպատակները։
Միայն անցած տարվա ընթացքում, ֆինանսական շուկայում առաջացած լարման պայմաններում, արդեն իսկ շուկա է նետվել Հայաստանի արտաքին արժութային պահուստների 20%-ը։ Դրա հետեւանքով Հայաստանի միջազգային պահուստները նվազել են մինչեւ այն անբարենպաստ սահմանը, որից հետո վտանգվում է երկրի վճարունակությունը։ Նույն քաղաքականությունը, ավելի մեծ թափով, շարունակվում է նաեւ այս տարի. միայն հունվար ամսվա առաջին երկու տասնօրյակում նույն պահուստներից վաճառվել է եւս 100 միլիոն դոլար։
Արհեստականորեն արժեւորելով դրամը, վարչախումբը
ա) Նահանջ է կատարում ազատական տնտեսվարման սկզբունքներից, ի չիք դարձնում փոխարժեքի բնականոն տատանումների կարգավորիչ դերը։
բ) Խախտում է միջազգային փաստաթղթերով ստանձնած կարեւոր պարտավորությունները, այդ թվում նաեւ ԱՄՀ համաձայնագրով ստանձնած՝ փոխարժեքի լողացող կուրսի քաղաքականության իրականացումը։
գ) Վատնում է երկրի արտաքին պահուստները, ինչը տնտեսության համար կունենա կործանարար հետեւանքներ։
դ) Նպաստում է ներկրման բարձր մակարդակի պահպանմանը, իսկ իրականում՝ մոնոպոլ իրավունքներով ներկրող մի քանի անհատների հարստացմանը։
զ) Վերջնական քայքայման է դատապարտում միջին ու մանր գործարարներին, ոչնչացման դատապարտում տեղական արտադրողին ու արտահանողին։
Երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում ամենուր տեղի է ունենում գների աննախադեպ անկում, անհեթեթ է գնաճը զսպելու պատրվակով դրամի արհեստական արժեւորումը։ Հանցավոր վարչախումբը, իր վաղվա օրը չտեսնելով, պարզապես տրվել է ինքնամոռաց թալանի՝ հույս ունենալով, որ երկրի ողջ հարստությունները անձնական գրպանում տեղավորելով կարող է փրկել սեփական գլուխը, նույնիսկ պահպանել իշխանությունը։ Դրամի արհեստական արժեւորմամբ գնաճի զսպման քողի տակ վարչախմբի պարագլուխները պարզապես յուրացնում են հանրապետությունն ու ժողովրդին պատկանող հարստությունը։ Ավազակապետական բուրգի գագաթին հայտնված մի քանի տասնյակ մարդկանց համար համաշխարհային ճգնաժամը ոչ թե աղետ է, որին պետք է դիմակայել, այլ հարմար առիթ ու հնարավորություն՝ թալանն ու կողոպուտը բազմապատկելու համար։
Հայ Ազգային կոնգրեսը պահանջում է.
– անհապաղ դադարեցնել ՀՀ միջազգային ֆինանսական պահուստների թալանը,
– կատարել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ հետեւել Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի շրջանակներում փոխարժեքի լողացող քաղաքականության իրականացմանը,
– ապահովել ԿԲ-ի՝ օրենքով սահմանված ինքնուրույն գործունեությունը եւ այն չդարձնել առանձին պետական մարմինների ու անհատների կամակատար,
– ՀՀ ԿԲ-ի մասին օրենքի 52 հոդվածի համաձայն արտահերթ տեղեկատվություն ներկայացնել միջազգային պահուստների նվազման եւ վիճակը շտկելու անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ,
– դադարեցնել առեւտրային բանկերի ու փոխանակման կետերի գործերին ապօրինի միջամտությունները,
– գնաճը զսպելու նպատակով օգտագործել տնտեսական ու դրամավարկային քաղաքականության այլ գործիքներ, օրենքով սահմանված այլ միջոցներ, ապահովել գնագոյացման թափանցիկությունը, վերացնել մենաշնորհները, բացառել մենաշնորհային դիրք ունեցողների կողմից գերշահույթների ստացումը։
Վերոհիշյալ քայլերը չկատարելու դեպքում վարչախումբն ամբողջությամբ կկրի երկրի ֆինանսական եւ տնտեսության փլուզման ողջ պատասխանատվությունը»։